‘Պետք է ամեն ինչ արվի, որ Հայոց ցեղասպանությունը միջազգային ճանաչում ստանա’ Կիպրոսի ԱԳ նախարար
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Երեւան ժամանած Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսին:
Ողջունելով Կիպրոսի արտգործնախարարին՝ Սերժ Սարգսյանը երկու երկրների միջեւ կապերի ամրապնդման գործում կարեւորել է պարբերական դարձած տարբեր մակարդակի փոխայցելությունները: Հանրապետության ղեկավարը նշել է, թե մեծ հաճույքով է հիշում անցյալ տարի Կիպրոս կատարած իր պետական, այնուհետ աշխատանքային այցերը եւ դրանց շրջանակներում Կիպրոսի նախագահ Դեմետրիս Խրիստոֆիասի հետ ունեցած հանդիպումներն ու բովանդակալից քննարկումները: ‘Մենք Կիպրոսը դիտում ենք որպես բարեկամ պետություն, կիպրացիներին՝ որպես մեր եղբայր: Եվ դա պատմականորեն ձեւավորված մոտեցում է, որի վրա էլ այսօր մենք խորացնում ենք մեր երկկողմ հարաբերությունները: Հայաստանը խորապես շահագրգռված է այդ հարաբերություններն օր-օրի ամրապնդել: Ոչ միայն անցյալում, այլ նաեւ ներկայում մենք ունենք բազմաթիվ հետաքրքրություններ եւ մեծ աշխատանք ունենք կատարելու: Մենք պատրաստ ենք այդ աշխատանքն իրականացնելո’,-ասել է Սերժ Սարգսյանը:
Հանրապետության ղեկավարը եւ Կիպրոսի արտգործնախարարն ընդգծել են, որ հայ-կիպրական բարեկամությունը խարսխված է շատ ընդհանրություններ ունեցող երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա. ‘Սա իմ առաջին այցն է Հայաստան, եւ ես շատ տպավորված եմ: Այս ընթացքում ունեցած հանդիպումներից բացի, այցելել եմ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր: Շատ հուզված եմ այն ամենով, ինչ տեսա եւ լսեցի: Մեր երկու ժողովուրդներն էլ պատմության ընթացքում անցել են մեծ ողբերգությունների ու փորձությունների միջով’,-ասել է Կիպրոսի արտգործնախարար Էրատո Կոզակու-Մարկուլիսը՝ ընդգծելով, որ պետք է ամեն ինչ արվի, որպեսզի հայ ժողովրդի դեմ իրականացված այդ հանցագործությունն ստանա միջազգային ճանաչում:
Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Կիպրոսի բարեկամ ժողովրդին եւ իշխանություններին՝ կիպրահայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ եւ հոգատար վերաբերմունքի համար:
Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը եւ Կիպրոսի արտգործնախարարը Հայաստանի եւ Կիպրոսի միջեւ հարաբերությունները կարեւորել են ոչ միայն երկկողմ, այլեւ եվրոպական կառույցների շրջանակում համագործակցության տեսանկյունից:
Henaran.am-ին հաղորդում են ՀՀ նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից