28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Օսկանյանի “Իրավիճակի անատոմիան”

Այսօր ԲՀԿ անդամ, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը  հանդես է եկել ‘Իրավիճակի անատոմիան’ վերնագրով հրապարակմամբ, որում մասնավորպես ասված է.

‘Մայիսի 6-ին կայանալիք ընտրությունները միայն խորհրդարանական ընտրություններ չեն, այլեւ՝ կառավարության ընտրություն:

ՀՀ սահմանադրության համաձայն՝ պատգամավորների մեծամասնությունը ձեւավորվում է կառավարությունը: Հետեւապես՝ այս կամ այն կուսակցությանը քվե տալով՝ հասարակությունը ոչ միայն ընտրում է պատգամավորներին, այլեւ վստահում է երկրի կառավարումը կոնկրետ կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի՝ իրական կոալիցիայի համար հիմքեր ձեւավորելով:

Կարծում եմ՝ նախընտրական այս փուլում արժե անկեղծ գնահատական տալ երկրի այսօրվա իրավիճակին, մատնանշել դրա պատճառները եւ շատ ընդհանուր գծերով առաջարկություններ անել, թե ինչպես կարելի է շտկել իրավիճակը:

Անզեն աչքով անգամ տեսանելի է, որ երկրի սոցիալ-տնտեսական վիճակը ծանր է. այս չորս տարիներին մենք ոչ միայն դոփել ենք տեղում, այլեւ մի շարք ուղղություններով նահանջ ենք ապրել: Այսօր համախառն ներքին արդյունքն ավելի փոքր է, քան 2008թ., աղքատությունը ավելացել է շուրջ կես միլիոն մարդով, արտաքին պետական պարտքը գրեթե եռապատկվել է եւ տարեվերջին կհատի 4 միլիարդ դոլարի շեմը, էապես իջել է ժողովրդի կենսամակարդակը, քանզի գնաճը ոչ միշտ է հաջողվել պահել թիրախային միջակայքում, եւ բնաչության եկամուտների աճը համահունչ չի եղել գնաճին:
Որո՞նք են այս վիճակի հիմնական պատճառները:

Առաջին, կառավարության կանխատեսելու ունակությունը եղել է շատ թույլ: Նման ունակությունը կարեւորագույն հատկանիշ է արտաքին ճգնաժամերի ազդեցությունը նվազագույնի հասցնելու եւ սեփական տնտեսության զարգացումը ճիշտ ծրագրելու համար:

Երկրորդ, այս չորս տարիների ընթացքում համապետական կամ տարածաշրջանային բնույթի որեւէ մեծ ծրագիր չի իրականացվել. դրանց մասին միայն խոսվել է` Հայաստան-Իրան երկաթգիծ, նոր ատոմակայան, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղի, Համահայկական բանկ, Գյումրիի տեխնոպարկ, ֆինանսական կենտրոն եւ այլն: Այս ծրագրերից ոչ մեկը կյանքի չի կոչվել: Մեծ ծրագրերի իրականացումը կարեւորագույն խթան է ու շարժիչ ուժ տնտեսական աճի համար:

Երրորդ, իշխանությունները լուրջ խնդիր են ունեցել նաեւ կառավարման հարցերում` առաջադրված խնդիրները լուծելու գործում հետեւողականություն չի եղել, մի ձեռքը չի իմացել, թե մյուսն ինչ է անում, իշխանությունների եւ բիզնեսի սերտաճումը ավելի է խորացել, նկատվել են տնտեսության կենտրոնացման միտումներ, ինչպես նաեւ սեփականության վերաբաշխման վտանգավոր գործընթացներ:

Չորրորդ, ելնելով զուտ քաղաքական նպատակահարմարությունից, ինչպես նաեւ նեղ անձնական, հատվածական եւ կուսակցական շահերից, իշխանությունները չեն համարձակվել իրականացնել տնտեսության զարգացման համար խիստ կարեւոր երկրորդ եւ երրորդ սերնդի բարեփոխումները:

Հինգերորդ, կառավարության տնտեսական քաղաքականությունը սխալ թիրախներ է նախանշել: Անցած չորս տարում նշակետ է վերցվել սղաճի զսպումը եւ մեծացող բյուջեի կատարումը: Երկու դեպքում էլ իշխոնությունները դիմել են այնպիսի միջոցների, որոնք միայն խոչընդոտել են տնտեսական աճը: Առաջինի դեպքում վարել են զսպողական դրամավարկային եւ հարկաբյուջետային քաղաքականություն, պարբերաբար եւ հետեւողական բարձրացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը եւ ազգային ռեզերվների հաշվին պայքարել դրամի արժեզրկման դեմ: Այս բոլորը տնտեսական աճի անտիդոտներ են: Ինչ վերաբերում է բյուջեին, ապա այն իրականացվել է ոչ այնքան ստվերի, որքան փոքր ու միջին բիզնեսի հաշվին, որը մեր տնտեսության ողնաշարն է եւ որի՝ հարկային պարտավորություններով ծանրաբեռնումը միմիայն խոչընդոտում է տնտեսական աճին:

Այդ թերությունները կարելի է շուտափույթ շտկել եւ երկիրը դնել կայուն զարգացման ուղու վրա: Դրա համար անհրաժեշտ է նախ ազատ եւ արդար ընտրությունների արդյունքում ստեղծել նոր կառավարություն, որտեղ ներգրավված կլինեն պրոֆեսիոնալներ՝ ունակ ճիշտ կանխատեսումներ անելու, ստեղծագործական միտք բանեցնելու, մեծ ծրագրեր իրականացնելու եւ երկիրն արտաքին աշխարհի համար բացելու, ինչպես նաեւ ժողովրդական աջակցության այնպիսի պաշար ունենալու, որը նրան համարձակություն կտա կյանքի կոչել նույնիսկ ամենախորքային բարեփոխումները:

Եվ վերջապես, այս կառավարությունը իր գործունեության հիմնական թիրախ պետք է ընտրի տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումը եւ յուրաքանչյուր քաղաքացու կենսամակարդակի շարունակական բարձրացումը: Մյուս բոլոր տնտեսական խնդիրներին պետք է նայել միայն ու միայն վերը նշված թիրախների համատեքստում’,- մասնավորապես ասված է հրապարակման մեջ:

Henaran.am-ին հաղորդում են Վարդան Օսկանյանի մամլո գրասենյակից

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ