Գալիս են` պինդ բռնվեք
“Չի լինի մի բնակավայր, որտեղ ՀՀԿ-ն չմտնի նախընտրական քարոզչության ժամանակ: Բացի դրանից օգտվելու ենք քարոզչական մեթոդներից սկսած հեռուստաեթերից մինչեւ լոկալ հանդիպումներ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխանախագահ Էդուարդ Շարմազանովը:
Վերջինս նշեց, որ ընտրողին են ներակայանալու բովանդակային, հետաքրքիր ծրագրով, որը կազմվել է հենց իրենց առաջարկների հիման վրա: Իսկ ՀՀԿ-ն ոչ թե ապրիլի 8-ին կսկսի քարոզարաշավը, այլ 9-ից:
“Կարծում եմ Զատիկը պետք է մեծ սիրով նշել եւ հետո անցնել քարոզչության”,-ասաց ՀՀԿ խոսնակը: Մեր այն հարցին, թե ճիշտ է, որ կուսակցության դեմքը լինելու է հանրապետության նախագահը եւ Սերժ Սարգսյանը մասնակցելու է բոլոր հանդիպումներին` Շարմազանովը ասաց. “Ժամանակից առաջ չընկնենք, եւ կիմանանք, թե ովքեր են լինելու քարոզչության դեմքերը”:
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ է մտադրված այցելելու հանրապետության բոլոր մարզերը: Բնականաբար նրա հետ լինելու են Կոնգրեսի մյուս դեմքերը: “ Իսկ թե երբ ենք կոնկրետ սկսելու` պարզ չէ դեռ, ճշտվում են”,-Henaran.am-ին ասաց ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը:
ԲՀԿ քարոզչության պատասխանատու Նաիրա Զոհրաբյանը արդեն իսկ ժամանակ չունի: Նա տպարանից շտաբ է վազում, բայց եւ այնպես պատասխանեց, որ ԲՀԿ-ն հենց ապրիլի 8-ին սկսելու է քարոզարշավը: “Գագիկ Ծառուկյան, Վարդան Օսկանյան, Արամ Սաֆարյան, Գուրգեն Արսենյան, մի խոսքով` բոլորս լինելու ենք. շրջելու ենք Հայաստանով մեկ: Առանձին քարոզչական խմբեր ունենք, որոնք մտնելու են անգամ 50-60 ընտրող ունեցող գյուղերը: Մենք ոչ մեկին չենք մոռացել, գրաֆիկները կան”,-ասաց տիկին Զոհրաբյանը:
ՕԵԿ նախընտրական շտաբի պետ Հեղինե Բիշարյանի խոսքով, կուսակցության դեմքերը հայտնի են բոլորին եւ նրանք էլ տանելու են քարոզչությունը: Իսկ ապրիլի 7-ին հրավիրված հանրահավաքում կուսակցությունը կբացի քարզարշավի գաղտնիքները:
“Ժառանգության” նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն էլ կմասնակցի նախընտրական հանդիպումներին: Նրանից բացի, հանդիպումներին մասնակցելու են պատգամավորի թեկնածուները, “ժառանգության” եւ “Ազատ դեմոկրատների” ակտիվիստները: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:
ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն էլ է կուսակցական ակտիվի հետ լինելու Հայաստանի տարբեր շրջաններում: “Հանդիպումներ ենք կազմակերպելու մեր 45 սկզբնական կառույցներում, նկարահանել են հոլովակ, ցույց ենք տալու”,-ասաց ընկեր Թովմասյանը:
ՀՅԴ խոսնակ Սպարտակ Սեյրանյանն էլ ասաց, որ ապրիլի 9-ին ներկայացնելու են ծրագրի պլատֆորմը, իսկ հաջորդ օրը` ամսի 10-ին հանրահավաք են անելու Ազատության հրապարակում: Նա դժվարացավ պատասխանել, թե կուսակցական դեմքերից ովքեր են մասնակցելու քարոզարշավին: “Ովքեր ազատ լինեն գնալու են, բնականաբար հայտնիներ կլինեն քարոզչական խմբերում”,-ասաց նա: