14 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

Ոստիկանությունը չի ենթարկվելու սադրանքների

Մաշտոցի պողոտային հարող այգում սույն թվականի մարտի 31-ին, ապրիլի 3-ին եւ 4-ին տեղի ունեցած իրադարձությունների, մասնավորապես, դրանց ընթացքում հավաքների եւ այլ միջոցառումների առանձին մասնակիցների դրսեւորած վարքագծի կապակցությամբ ՀՀ ոստիկանությունը անհրաժեշտ է համարում հայտարարել հետեւյալը.

‘Ոստիկանության մասին’ ՀՀ օրենքով նախատեսված խնդիրների սահմաններում ՀՀ ոստիկանությունը հիշյալ այգում իրականացրել եւ իրականացնում է իր ընթացիկ գործառույթները: Հավատարիմ մնալով իր գործելակերպին եւ իր գործունեության մեջ պահպանելով օրինականության, անձի իրավունքները եւ ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու եւ մարդասիրության սկզբունքները՝ ՀՀ ոստիկանությունը շարունակաբար ձեռնպահ է մնացել լարվածություն առաջացնող գործողություններ կատարելուց, այդ թվում՝ վարչական հարկադրանքի միջոցներ կիրառելու իր իրավունքն իրացնելուց:

Սակայն նման պայմաններում, հակառակ իրավախախտումներ կատարելուց ձեռնպահ մնալու բազմաթիվ կոչերին, հավաքների եւ այլ միջոցառումների առանձին մասնակիցներ դրսեւորել են հակաիրավական վարքագիծ, ինչն առնվազն անհամատեղելի է նախկինում նրանց կողմից հնչեցված բնապահպանական նպատակների եւ խաղաղ հավաքների ազատության հետ:

Սակայն նույնիսկ այդ դեպքերում ոստիկանների գործողությունները կրել են բացառապես կանխարգելիչ բնույթ, եղել ընդգծված զուսպ եւ հանդուրժող: Այդուհանդերձ, ՀՀ ոստիկանությունն անթույլատրելի է համարում ցանկացած անձի կողմից ցանկացած իրավիճակում միջանձնային բախումներ հրահրելուն ուղղված գործողությունները, ինչպես եւ ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված կանոններին չենթարկվ ելու սադրիչ հորդորները:

Ոստիկանությունը չի ենթարկվել ու չի ենթարկվելու սադրանքների եւ շարունակելու է ապահովել վարչական իրավախախտումների ու հանցագործությունների նախականխումը, կանխումը եւ խափանումը, հասարակական կարգի ու հասարակական անվտանգության պահպանությունը, սեփականության իրավունքի պաշպանությունը, որի համար կանխարգելիչ միջոցներից բացի իրավասու է ձեռնարկել նաեւ խափանող կամ կասեցնող բնույթի գործողություններ:

Մաշտոցի պողոտային հարող այգում անցկացվող հավաքների եւ այլ միջոցառումների բնութագրական առանձնահատկությունն է դարձել նաեւ այն, որ միջազգային լավագույն փորձին համահունչ՝ ՀՀ ոստիկանության կողմից հրավիրվող ,,կլոր սեղանների,, մասնակցելու եւ շահագրգիռ քննարկումներ անցկացնելու փոխարեն, որոշ ակտիվիստներ նախընտրում են ծառայություն իրականացնող ոստիկաններին իրավական բնույթի հարցադրումներ անելու միջոցով հանրության մեջ նրանց գործողությունների ոչ իրավաչափության պատրանք ստեղծել: Մինչդեռ ցանկացած պետական մարմնի, այդ թվում՝ ոստիկանության գործողությունների կամ անգործության հետ համաձայն չլինելու դեպքում յուրաքանչյուրն ազատ է դրանք վիճարկել վերադասության կամ դատական կարգով:

ՀՀ ոստիկանությունը անհրաժեշտ է համարում հորդորել Մաշտոցի պողոտային հարող այգում անցկացվող հավաքների եւ այլ միջոցառումների կազմակերպիչներին (մասնակիցներին) հանրային ուշադրության նվաճումը չկառուցել ՀՀ ոստիկանության հետ հակադրման (հակամարտության) փորձերի վրա: Քաղաքացիական որեւէ նախաձեռնություն, որքան էլ դրական եւ առաջադեմ լինի, չի կարող ծառայել իր նպատակին, եթե իրացվում է օրենքն անտեսելու, իրավապահ մարմինների հետ համագործակցությունը կամ երկխոսությունը ժխտելու ձեւաչափով:

Բնապահպանական կամ ցանկացած այլ իրավունքի պաշտպանություն դատապարտված է ձախողման, եթե իրականացվելու է իրավունքի հանրաճանաչ սկզբունքների խախտման եւ այլոց իրավունքների ու ազատությունների ոտնահարման եղանակով:

ՀՀ ոստիկանությունը հերթական անգամ կոչ է անում դրսեւորել ողջամտություն, ձեռնպահ մնալ քաղաքացիական իրավունքները չարաշահելուց եւ հանրության անդամներին նրանց ենթադրյալ իրավունքների եւ դրանց իրականացման հետեւանքների վերաբերյալ թյուր պարզաբանումներ տալուց: Հակառակ դեպքում ՀՀ ոստիկանությունը ստիպված կլինի իրավական նախադրյալների առկայության դեպքում եւ օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում չեզոքացնել անօրինական գործողության կամ անգործության վերածված ցանկացած ոչ իրավաչափ մտադրություն՝ իրավիճակից թելադրվող պիտանի, անհրաժեշտ եւ չափավոր բոլոր միջոցներով:

Henaran.am-ին հաղորդում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ