Ձվերն ու ընտրությունները
‘Այս տարի մեզ հաջողվեց առանց գնային ցնցումների տոնել Զատկի տոնը` ի տարբերություն նախորդ տարիների մղձավանջի’,- այդ մասին “Հենարան” մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սպառողների իրավունքների պաշտպանության ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը:
Նրա խոսքով` ձվի հետ կապված թանկացումներ չեղան, եւ անմիջական արտադրողի կողմից ձվի բացթողնման գինը 35-40 դրամ է մնացել: Բանախոսի կարծիքով` այն, որ այս տարի գնային թռիչք չեղավ, դեռ չի նշանակում, որ գները չեն աճելու: Արմեն Պողոսյանը նշեց, որ 2010թ ձվի թանկացումից հետո, ճիշտ է, շուկան կարգավորվեց, սակայն փոքր արտադրությունները սնանկացան, իսկ մենաշնորհային դիրքը աճեց:
‘Ճիշտ է`այս անգամ էժան պրծանք, թանկացումներ չեղան, բայց բոլորս էլ ուզում ենք, որ դա շարունակական լինի ու մշտական, մենք չունենք այն վստահությունը, որ հետագայում թանկացումներ չեն լինի որեւէ տոնին ընդառաջ’,- կարծիք հայտնեց Արմեն Պողոսյանը:
Նրա կարծիքով` եթե ձվի եւ թռչնամսի շուկան ինքնաբավ է այս տարի, դա դեռ նվաճում չէ, նվաճումը այն կլիներ, որ արտադրանքը արտահանվեր: Լրագրողի դիտարկմանը, թե թանկացումներ չեղան, քանի որ առջեւում ընտրություններ են, Արմեն Պողոսյանն արձագանքեց.’Իսկ որ դու լինեիր նախագահ, այնպես չէիր անի, որ ընտրություններից առաջ թանկացումներ չլինեն’:
Բանախոսը նկատեց, որ ներկայումս գնաճ գոյություն ունի ոչ միայն սննդի, այլ բենզինի եւ այլ շուկաներում, եւ ասես կարկատանային քաղաքականություն է կիրառվում:
Արմեն Պողոսյանի համոզմամբ` սպառողը միշտ պետք է պահանջատեր լինի, եթե նկատում է ժամկետանց սնունդ կամ ինչ-որ թերացումներ: Նա նկատեց, որ այս աշխարհում ամեն ինչն է կեղծվում, բայդ դա չի նշանակում, որ սպառողը պետք է հուսահատվի ու հետեւողական չլինի` իր իրավունքները պաշտպանելու հարցում:
‘Պետք չէ սպառողին մոլորության մեջ գցել: Շատ հաճախ մակնշման վրա երկու թիվ է լինում գրված: Ինչ թվեր են դրանք, միգուցե ինչ-որ մեկի կոշիկի համարն է: Ինչու հասկանալի ձեւով չի արվում մակնշումը, ինչու չի գրվում` պիտանի է, կամ արտադրված է’,- տարակուսում է սպառողների իրավունքների պաշտպանը:
Ասուլիսի մյուս բանախոսը` ‘Սպառողների իրավունքների պաշտպանություն’ հկ փոխնախագահ Կարեն Չիլինգարյանը նշեց, որ խնդիր է ոչ միայն գների բարձրացումը, այլ ապրանքի որակը, անհասկանալի մակնշումը: Նա ցույց տվեց իր կողմից գնված մի ապրանք, որի վրա կրկնակի մակնշման պիտակ է եղել:
‘Ես չեմ հասկանում այս երկու պիտակներից որի վրա պետք է ուշադրություն դարձնեմ: Այս ամենը պետք է պարզաբանվի’,- ասաց Կարեն Չիլինգարյանը:
Անդրադառնալով տոնին ընդառաջ Զատկի կանաչեղենի թանկացումներին, բանախոսը նշեց, որ կանաչեղենի գները ՏՄՊՊՀ-ն չի կարող կարգավորել, քանի որ կանաչեղենը վերավաճառողներն են վաճառում, եւ հենց շուկայում է տեղի ունենում կանաչեղենի գների կարգավորումը: