Կանանց նվիրում էին իրենց իսկ լուսանկարը /ֆոտո/
Այսօր Հյուսիսային պողոտայում կանանց տոնի առիթով յուրատեսակ նվեր-ակցիա էր կազմակերպել ‘Կանանց իրավունքների կենտրոն’ հասարակական կազմակերպությունը: Ակցիան իրականացվել է “Axiom” ստուդիաի հետ համատեղ: Կենտրոնի ներկայացուցիչները պողոտայով անցնող կանանց ու աղջիկներին նվիրում էին իրենց իսկ լուսանկարը:
Իսկ ավելի ճիշտ, նրանք առաջարկում էին կանանց ու աղջիկներին լուսանկարվել հատուկ նախապատրաստած տաղավարում, մասնագետ լուսանկարիչների կողմից:
‘Մենք ամեն ամիս կանանց նվիրված ակցիաներ ենք կազմակերպում: Մարտի 8-ին արել էինք ծաղիկների ակցիա, այսինքն ծաղիկներ էինք նվիրում անցորդ կանանց, այս անգամ մի տեսակ յուրահատուկ նվեր ցանակացանք նվիրել: Հնարավոր է, որ այսօր լինեն աղջիկներ կամ կանայք, ովքեր նվեր չեն ստացել, հուսով ենք իրենց իսկ լուսանկարը կանանց մի փոքր ուրախություն կպարգեւի’,- ասաց Կանանց իրավունքների կենտրոնի իրավաբան Սաթենիկ Գեւորգյանը:
‘Կանանց իրավունքների կենտրոն’ հասարակական կազմակերպությունը, արդեն 10 տարի է` զբաղվում է կանանց բռնությունների դեմ ուղղված հարցերով, կանանց ու երեխաների իրավունքների պաշտպանությամբ, տրամադրելով անվճար իրավաբանական եւ հոգեբանական խորհրդատվություն: Կենտրոնի ներկայացուցիչների խոսքով` այս ակցիաների միջոցով նաեւ փորձ է արվում իրազեկել կանանց իրենց իրավունքների մասին եւ ընտանեկան բռնություններից պաշտպանվելու մասին: