03 Հուլիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վարդան Օսկանյանի ելույթը

Ներկայացնում ենք Վարդան Օսկանյանի ելույթը Շենգավիթի ընտրողների հետ հանդիպմանը

Խորհրդարանական այս ընտրությունը մեր քսանամյա անկախության թերևս ամենակարևոր ընտրությունն է: Ոչ թե որ նախորդ ընտրությունները կարևոր չեն եղել, այլ այն պատճառով, որ որքան ժամանակը գնում է և մենք չենք կարողանում մեր ցանկացած Հայաստանը ունենալ, այդքան կարևոր է դառնում յուրաքանչյուր ընտրություն:

Իսկապես, Հայաստանում քաղաքական իրավիճակի փոփոխության հրամայականը երբեք այսքան հրատապ չի եղել: Միաժամանակ, այդ իրավիճակը փոխելու հնարավորությունը երբեք այսքան մեծ չի եղել:

Հայաստանում ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը երբեք այսքան ճակատագրական չի եղել: Միաժամանակ՝ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու հնարավորությունը երբեք այսքան մեծ չի եղել:

Այլ կերպ ասած՝ երկու պարագաներում նպատակն ու հնարավորությունը համընկնում են: Իհարկե, բոլոր վերը նշված գործոնները շաղկապված են և մեկը մյուսին լրացնում են:
Կուզենայի սկսել վերջից: Այս անգամ դատապարտված ենք ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու, որովհետև և՛ հասարակության, և՛ քաղաքական ուժերի համբերության բաժակը լցվել է: Բոլորը վճռական են միասնաբար ու առանձին-առանձին պայքարել ընտրակեղծիքների դեմ: Դրա մասին են վկայում հասարակական բազմաթիվ շարժումները և քաղաքական ուժերի՝ ընտրակեղծիքների դեմ միասնաբար պայքարելու գործնական քայլերը:
Բարգավաճ Հայաստանը վճռական է այս հարցում: Մենք ներդնելու ենք մարդկային և տեխնիկական հնարավոր բոլոր ռեսուրսները և ինչպես առանձին, այնպես էլ մյուս ուժերի հետ համագործակցությամբ պայքարելու ենք ընտրակեղծիքների դեմ, տեր ենք կանգնելու ու պաշտպանելու ենք յուրաքանչյուրի քվեն:
Հայաստանի համար ազատ ու արդար ընտրությունները անհրաժեշտ են.

  • որպեսզի վերականգնենք ժողովրդի վստահությունը համակարգի հանդեպ,
  • որպեսզի խորհրդարանը ճիշտ արտացոլի երկրում առկա քաղաքական պատկերը,
  • որպեսզի կարողանանք վերացնել քաղաքական մենաշնորհը և կառուցենք իրական հակակշիռների վրա հիմնված քաղաքական համակարգ,
  • որպեսզի նոր խորհրդարանը և նոր կառավարությունը ունենան օրինականության և ժողովրդի վստահության այնպիսի պաշար, որը թույլ կտա լուծել ժողովրդի առջև ծառացած բարդագույն խնդիրները, իրականացնել մեր երկրի առաջընթացի համար անհրաժեշտ և անխուսափելի խորքային բարեփոխումները և դիմագրավել տարածաշրջանային և համաշխարհային մարտահրավերներին:

Առանց ազատ ու արդար ընտրությունների, առանց քաղաքական հակակշիռների և առանց օրինականության մենք պարզապես դատապարտված ենք ձախողման:

Հետաքրքրական զուգադիպությամբ՝ վերջերս ԱՄՆ-ում մի գիրք է լույս տեսել «Ինչու են պետությունները ձախողվում» վերնագրով, որի երկու հեղինակներից մեկը մեր հայրենակից Տարոն Աջեմօղլուն է: Գրքի հեղինակները եզրակացնում են, որ պետությունների հաջողությունները կամ ձախողումները կախված են ոչ թե նրանց աշխարհագրությունից, պատմությունից, կրոնից կամ ազգային բնութագրից, այլ նրանց` քաղաքական ու տնտեսական ինստիտուտներ ստեղծելու կարողությունից: Հաջողության են հասնում այն պետությունները, որոնք ստեղծում են համապարփակ քաղաքական ու տնտեսական ինստիտուտներ, ինչը յուրաքանչյուր անհատի հնարավորություն է տալիս ստեղծագործել, ներդրում անել և զարգանալ: Ձախողվում են այն պետությունները, որոնց ինստիտուտները դառնում են կեղեքող, քամող, որտեղ ուժն ու արարելու հնարավորությունները կենտրոնանում են մի քանի անձանց ձեռքում:
Մյուս միտքը, որ առաջ են քաշում հեղինակները, այն է, որ ամեն ինչի հիմքում քաղաքականությունն է, և ճիշտ տնտեսություն ու հասարակություն կառուցելու համար նախևառաջ պետք է ունենալ ճիշտ քաղաքական համակարգ:
Հենց սրա համար ես այսօր ցանկացա մի քիչ խորանալ այս քաղաքական խնդիրների մեջ: Ես հասկանում եմ, որ դուք բոլորդ ակնկալում եք խոսել սոցիալ-տնտեսական խնդիրներից և դրանց լուծումներից: Այո, վերջիվերջո պետության գոյության հիմնական նպատակը իր քաղաքացիների համար ապահով և բարգավաճ կյանք ապահովելն է: Պետք չէ, որ դուք մտահգովեք ձեր երեխաների ապագայի մասին, նրանց կրթության, ձեր առողջապահական խնդիրների, աշխատանքի, հանապազօրյա հացը վաստակելու մասին: Պետք չէ, որ մտածեք երկիրը թողնել-հեռանալու մասին:

Ինչո՞ւ քսան տարի անց մենք դեռ չենք կարողացել լուծում տալ այդ խնդիրներին:
Որովհետև, ինչպես այդ գրքի հեղինակներն են պնդում, մեր քաղաքական համակարգն է սխալ:

Այսօր մեր բոլոր ձախողումների ու թերացումների հիմքում քաղաքական մենաշնորհն է, որից ծնվում են տնտեսական մենաշնորհը և կոռուպցիան: Միայն քաղաքական հակակշիռների առկայության և մենաշնորհի բացակայության դեպքում մենք կկարողանանք հասնել հաջողությունների:

Այսպիսի ինստիտուտներ հնարավոր է ստեղծել միայն ու միայն երկրորդ ու երրորդ սերնդի բարեփոխումների արդյունքում: Հավանաբար դուք արդեն հոգնել եք այս ամենի մասին լսելուց և թերևս չեք պատկերացնում, թե ինչ են իրականում այդ բարեփոխումները:
Ես կփորձեմ ներկայացնել ամենապարզ ձևով. այս քսան տարիների ընթացքում երկրում ժողովրդավարության և ազատ տնտեսության ոլորտներում շատ բան է արվել: Բայց զուգահեռաբար զարգացել և սերտաճել են իշխանության և գործարարության հարաբերությունները և շահերը՝ ձևավորելով քաղաքական ու տնտեսական էլիտա, որը դարձել է Հայաստանում քաղաքական ու տնտեսական շարունակական բարեփոխումների հիմնական արգելակը:
Հայաստանում ժողովրդավարությունն ու ազատ տնտեսությունը գտնվում են վտանգավոր կետում, այսինքն՝ այդ երկու ոլորտները առաջ են գնացել այնքան, որ կարելի է ասել՝ ժողովրդավարական երկիր ենք ու ազատ տնտեսություն ունենք, սակայն այնքան առաջ չեն գնացել, որ ասվածը համոզիչ լինի մեր իսկ հասարակության և միջազգային հանրության համար:
Այլ կերպ ասած, վտանգն այն է, որ մենք անընդհատ կարող ենք ձևացնել, որ ժողովրդավարական պետություն ենք, որ ունենք ազատ տնտեսություն, երբ իրականության մեջ այդպիսին չենք: Իսկ ժողովրդավարություն ու ազատ տնտեսություն ձևացնելը շատ ավելի վնասակար է պետության զարգացման համար, քան դրանց իսպառ բացակայությունը, ինչի պարագայում խաղի կանոնները շատ ավելի հստակ են:
Իսկական ժողովրդավարությունն ու ազատ տնտեսությունը Հայաստանի զարգացման և առաջընթացի համար այլընտրանք չունեն: Սա ենթադրում է ժողովրդավարության հիմնարար սկզբունքների անվերապահ պաշտպանություն, արդարություն, հանդուրժողականություն և մարդու ու խոսքի ազատություն: Տնտեսական ոլորտում` ազատ շուկայի հիմնարար սկզբունքների անվերապահ պաշտպանություն, հավասար հնարավորություններ, ազատ մրցակցություն և սեփականության անձեռնմխելիություն:
Մենք չունենք ո՛չ գազ, ո՛չ նավթ, մեր աշխարհագրությունը բարդ է, իսկ հնարավորությունները` սահմանափակ: Մեր միակ ռեսուրսը պետք է լինի բաց, թափանցիկ տնտեսությունը, արդարությունը, օրենքի առջև բոլորի հավասարությունը:
Մեր ռեսուրսը պետք է լինի մեր ժողովրդավարությունը, անհատ քաղաքացու հավատը երկրի ապագայի հանդեպ. դա փոքր ռեսուրս չէ։ Եվ եթե կարողանանք առավելագույնս այն օգտագործել, ես համոզված եմ, որ մենք կկարողանանք կառուցել մեր ուզած երկիրը:

Բարգավաճ Հայաստանն ընտրությունների գնում է այս հավատամքով և պատրաստ է հնարավորինս մեծ պատասխանատվություն վերցնել Հայաստանի հաջորդ հինգ տարիների ապագան կերտելու գործում: Ժողովրդի նման վստահություն ստանալու դեպքում մենք հայտնվելու ենք քաղաքականորեն այնպիսի բարենպաստ իրավիճակում, որը մեզ հնարավորություն կտա անկաշկանդ իրականացնել մեր ծրագրերն ու ժողովրդին տված խոստումները

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ