Գյումրիում շինաղբը չի մաքրվել /վիդեո/
Ընթացիկ տարում, Գյումրու Մուշ-2 եւ Անի թաղամասերում 1756 բնակարանների շահագործումն ու դրանց տրամադրումը երկրաշարժի հետեւանքով անօթեւան, վագոն-տնակներում բնակվող ընտանիքներին նշանակում է, որ Գյումրին շատ շուտով ազատվելու է մոտ 1200 ժամանակավոր կացարաններից:
Քանի որ աղետի գոտում երկրաշարժի հետեւանքով անօթեւան ընտանիքներին բնակարանների տրամադրման, ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն բնակարան ստացած ընտանիքները պետք է կարճ ժամկետում քանդեն ժամանակավոր կացարանները, տարածքները ազատեն եւ հանձնեն համայնքին, որից հետո միայն իրավունք կունենան սեփականաշնորհել նոր ստացած բնակարանները, բացառությամբ երկու եւ ավելի տնակ ունեցող բազմանդամ ընտանիքների: Նրանց թույլատրվում է պահպանել մեկ տնակը:
Իսկ այդ քանակությամբ տնակների քանդումից հսկայական շինաղբ, եւ որ մարդու առողջության համար ամենավտանգավորն է, ապակյա մանրաթելերի կամ մեզ բոլորիս ավելի շատ “ստեկլովատ” անվամբ հայտնի նյութեր են առաջանում քանդված տնակների տեղերում:
Գյումրիում, նախորդ տարիներին, քաղաքապետարանին պետական բյուջեից տրամադրվում էին հսկայական գումարներ, ինչպես ժամանակավոր կացարանների քանդման, այնպես էլ քանդված տնակների տարածքները շինաղբից եւ հատկապես ապակյա մանրաթելերի մնացորդների կույտերից մաքրելու համար: Սակայն այդ նպատակով համայնքին այլեւս գումարներ չեն հատկացվում, իսկ ժամանակավոր կացարանների տնօրինողները տնակները քանդելիս շինանյութը վաճառում կամ տանում են, թողնելով շինաղբը:
“Շիրակ կենտրոնի” աշխատատակիցներն այսօր տնակային ավաններ այցելության ընթացքում ականատես եղան նույնիսկ քանդված տնակների տարածքներում թողնված շինաղբի եւ ապակյա մանրաթելերի հարեւանությամբ խաղացող երեխաների:
Հ.Գ. Գյումրիում տնակներից ազատված այս տարածքների մեծ մասը վաղուց տեր ունեն, ովքեր գնել են դրանք չնչին արժեքով, ուստի տեղին կլինի, որ հենց նրանց պարտադրվի, որպեսզի մաքրեն շինաղբից եւ ստեկլովատից իրենց պատկանող տարածքները:
Մանրամասները ՀԿ-ի տեսանյութում: