ԲՀԿ-ի մարտավարական քայլը
“Մարդիկ, որոնք այս կամ այն բնագավառից մուտք են գործել քաղաքականություն, նախ պետք է փորձեն խորամուխ լինել քաղաքագիտական հարցերի մեջ, որովհետեւ իշխանության ձեւի փոփոխությունը գուցե եւ անհրաժեշտ, բայց ոչ բավարար միջոց է համակարգային փոփոխությունների հասնելու ճանապարհին”, -Henaran.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը, ասել է ՀՀ քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը:
“Իշխանության ձեւի փոփոխությունը, մեծ հաշվով, համակարգային փոփոխություն չէ եւ պետք չէ մարքսիստ լինել, որպեսզի դա հասկանալ: Մշակութային, սոցիալ -տնտեսական խորքային փոփոխություններն են , որ կարող են բերել համակարգային փոփոխությունների”,-նշել է Հմայակ Հովհաննիսյանն ու հավելել, թե ԲՀԿ-ի նպատակը` նման նախաձեռնությամբ հանդես գալու ակնհայտ է:
“Նա դա անում է, պարզ է` ինչ նպատակով` մարտավարական նպատակով , որովհետեւ ՀՅԴ-ն վաղուց, դեռ 90-ականներից առաջարկում էր ներդնել կառավարման խորհրդարանական ձեւը, իսկ ԲՀԿ-ն, երբ կոալիցիային էր անդամակցում, այդ հարցը չպաշտպանեց, երբ ՀՅԴ-ն եւ “Ժառանգությունը” բարձրացնում էին, բայց այսօր ինքն է բարձրացնում:
Պատկերացնում եք, եթե Գագիկ Ծառուկյանը հավանական ընդդիմադիր թեկնածու է եւ եթե հավակնում է, որ իրեն պաշտպանի նաեւ ՀՅԴ-ն, բնականաբար պետք է փորձի ընդհանրական մոտեցումների դաշտ ստեղծել, որովհետեւ այդտեղ գաղափարական լուրջ հակասություններ կան”,-մեզ հետ զրույցում շարունակել է Հմայակ Հովհաննիսյանը:
Քաղաքագետի խոսքով, ՀՅԴ-ն, որը հանդես է գալիս որպես սոցիալիստական կուսակցություն , քննադատում է պլուտոկրատիան, այսինքն, դրամի տնտեսական հզորության վրա հիմնված քաղաքական դերակատարությունը եւ հենց այս հաղթահարելու համար կառավարման ձեւի փոփոխության եւ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցելու գաղափարով ԲՀԿ-ն փորձում է ընդհանրական մոտեցումներ ձեւավորել, որպեսզի Գագիկ Ծառուկյանն առաջադրվի ոչ միայն ԲՀԿ-ի, այլեւ ՀՅԴ կողմից:
Henaran.am-ի հարցին արդյոք ՀՅԴ-ն, “Ժառանգությունը” եւ ՀԱԿ-ը, որոնք նույնպես կողմ են 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին, կհամախմբվեն ԲՀԿ-ի շուրջ, Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց.
” Թե ՀՅԴ-ն, թե ՀԱԿ-ը այսօր հակված են իրենց համար արժանահավատ ալիբի գտնելու սեփական թեկնածուով հանդես չգալու համար, որովհետեւ ընտրություններին սեեփական թեկնածուով մասնակցելու եւ հաջողություն գրանցելու նրանց շանսերը մեղմ ասած, սահմանափակ են եւ այստեղից նրանց համար ալիբի է ստեղծվում` նրանք պատճառաբանելով, որ ԲՀԿ-ն իրենց համար հոգեհարազատ մոտեցումներ է որդեգրել , սեփական թեկնածու չեն առաջադրում”:
Ինչ վերաբերվում է “Ժառանգությանը”, Հմայակ Հովհաննիսյանի համոզմամբ, Րաֆֆի հովհաննիսյանը շտապեց հայտարարել իր առաջադրման մասին` ապացուցելու համար, որ ինքը ամենեւին էլ մարած աստղ չէ եւ ամենեւին էլ չի թուլացել “Ազատ դեմոկրատների” հետ պառակտումից հետո, բայց ըստ քաղաքագետի, Րաֆֆի Հովհաննիսյանը քաջ գիտակցում է, որ որպես միասնական թեկնածու իրեն չեն սատարի, ուստի այդ քայլն արեց, որ մերժվի եւ չի բացառվում, որ նա հայտարարի, թե անգամ մերժվելու դեպքում, ինքը հանուն ընդդիմադիր դաշտի միասնական թեկնածուի պատրաստ է միանալ այս նախաձեռնությանը:
Հմայակ Հովհաննիսյանի խոսքով, ամենայն հավանականությամբ ընդդիմության միասնական թեկնածուն, եթե լինի, կլինի ԲՀԿ թեկնածուն, որը թե մարդկային, թե նյութական ռեսուրսներով, թե ԱԺ-ում ունեցած դիրքով մի քանի անգամ գերազանցում է մյուսներին:
Քաղաքագետն անդրադառնալով ստեղծված իրավիճակում ՀՀԿ-ի դիրքորոշմանը, նշեց, որ իր կարծիքով, ՀՀԿ-ն կարող է մասնակցել քննարկումներին, բայց չկատարել այն սխալը, որը ըստ Հովհաննիսյանի` կատարեց խորհրդարանական ընտրությունների շրջանում, երբ առաջին քննարկումից հետո չմասնակցեց միասնական շտաբի աշխատանքներին: Այժմ, քաղաքագետի դիտարկմամբ, ՀՀԿ-ն կարող է այս ողջ գործընթացն իրենով անել: