ԵԽ ԽՎ ԳԴՀ պատվիրակության անդամ Կատրին Վերները տարածել է հայտարարություն Հայոց ցեղասպանության մասին
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ ամեն տարի աշխարհասփյուռ հայությունը ապրիլի 24-ին հարգում է Առաջին աշխարհամարտի տարիներին Օսմանյան կայսրության զոհ դարձած իր նախնիների հիշատակը : Ստամբուլի հայ մտավոր, քաղաքական ու մշակութային վերնախավի ձերբակալությունը երիտթուրքական կառավարության կողմից ծրագրված եւ իրագործված բնաջնջման քաղաքականության սկիզբն էր: Բնաջնջման այդ գործին զոհ դարձան 1,5 միլիոն հայեր: Գերմանիան այդ ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակիցն էր, նաեւ տեղյակ էր դրան ու մասամբ` մասնակից:
Կ. Վերներն իր անկեղծ ցավակցությունն է հայտնում ցեղասպանությունը վերապրածների ու զոհերի հետնորդներին եւ նշում, որ նրանք իրավունք ունեն պահանջելու պատմական փաստերի անվերապահ ճանաչումը: Ըստ պատգամավորի` հաշտեցումը հնարավոր է միայն այն պարագայում, եթե ոճրագործությունը չի ուրացվում կամ մեղմացվում: Ոչ ոք չի մեղադրում ներկայիս Թուրքիայի բնակչությանը այն ժամանակվա վարչակարգի գործողությունների համար: Մեծագույն հարգանքի են արժանի թուրք քաղաքացիական հասարակության վերջին ժամանակների ջանքերը` ուղղված պատմության արդարացի վերագնահատմանը: Այնուամենայնիվ, այդ քայլերը չեն կարող փոխարինել ոճրագործության հեղինակի իրավահաջորդ պետության` ներկայիս Թուրքիայի կողմից ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը:
Գերմանիայի կառավարությունը, կրելով պատմական պատասխանատվություն, պետք է, լավ օրինակ ծառայի եւ իրագործի 2005-ի ընդունված Բունդեսթագի որոշումը: Դաշնային կառավարությանը կոչ է արվում մշակույթի նախարարների համաժողովի շրջանակներում ջանքեր գործադրել, որպեսզի ցեղասպանության թեման ընդգրկվի դաշնային երկրամասերի ուսումնական ծրագրերում : “Ճանաչումը պահանջում է պատմական փաստերի լուսաբանում”,- եզրահանգում է ԳԴՀ խորհրդարանի պատգամավորը:
Երկու տարի առաջ, 2010-ի փետրվարին, Կատրին Վերները Ձախերի կուսակցության անունից հարցում էր ուղղել ԳԴՀ կառավարությանը` պահանջելով վերջինիս հստակ դիրքորոշումն առ այն` արդյոք ԳԴՀ կառավարությունը 1915/1916-ի ջարդերը համարում է ցեղասպանություն համաձայն ՄԱԿ-ի 1948-ի կոնվենցիայի: Դաշնային կառավարությունն իր պատասխանում մեկնաբանել էր, որ ողջունում է պատմական իրադարձությունների պարզաբանմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները` վերապահելով ուսումնասիրությունների արդյունքների մասին գնահատականները անկախ գիտնականներին:
2005-ի ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցի կապակցությամբ Բունդեսթագը իր հերթական նիստում առաջին անգամ քննության առավ ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության կողմից առաջադրված որոշման նախագիծը , որում ԳԴՀ խորհրդարանը կոչ էր անում Թուրքիային ընդունել Օսմանյան կայսրության կողմից քրիստոնյա հայերի դեմ իրագործած ջարդերը: Միեւնույն ժամանակ ափսոսանք էր հայտնվում Կայսերական Գերմանիայի անփառունակ դերի առնչությամբ, քանի որ վերջինս ջանք անգամ չէր գործադրել կանգնեցնելու այդ ոճրագործությունը, չնայած հայերի կազմակերպված տեղահանումների եւ բնաջնջման մասին ստացված բազմաթիվ տեղեկությունների: Այնուհանդերձ, տեքստում բաց էր թողնված “ցեղասպանություն” բառը: Նույն տարվա հուլիսի 15-ին ներկայացված որոշման նախագիծն ընդունվեց միաձայն` Բունդեսթագի բոլոր խմբակցությունների կողմից: Որոշման մեջ կարեւորվում է դաշնային երկրամասերի ուսումնական ծրագրերում ցեղասպանության թեմայի ներառումը: Ներկայումս այդ թեման Գերմանիայի 16 երկրամասերից ընդգրկված է միայն Բրանդենբուրգ երկրամասի դպրոցների պատմության դասագրքերում: Հարկ է հաշվի առնել, որ մշակութային ու գիտա-կրթական ոլորտները ԳԴՀ դաշնային երկրամասերի իրավասության տակ են, հետեւաբար` յուրաքանչյուր երկրամաս, օրենսդրության շրջանակներում, ինքնուրույնաբար մշակում է իր ուսումնական ծրագրերը: