Այն ահռելի եթերաժամանակը, որը տրամադրվել է, երբեւէ մեր երկրում չի եղել. ՀՌԱՀ նախագահ

Այսօր ԿԸՀ տեղեկատվական կենտրոնում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանը նշեց, որ օրենսդրության համաձայն, հանձնաժողովը իրականացրել է մշտադիտարկում` վերգետնյա հեռարձակում իրականացնող հեռուստաընկերությունների նկատմամբ` քարոզչական եթերաժամանակի հետ կապված: Համաձայն հավասար պայմաններ ապահովելու մեթոդաբանությանը, մշտադիտարկում է անցկացվել 7 հանրապետական սփռում եւ 9-ը մարզային սփռում իրականացնող հեռուստաընկերությունների նկատմամբ:
‘’6500 ժամ մշտադիտարկում ենք անցկացրել, դա ահռելի աշխատանք է :Հանձնաժողովն աշխատել է առանց հանգստի, առանց ընդհատման: Ամփոփ տեղեկանքը ներկայացնելու ժամկետը մայիսի 10-ն է: Չեմ ուզում վերջնական գնահատական հնչեցնել, քանի որ ամփոփ պատկերը մի քանի օր հետո պարզ կլինի’’,- ասաց Գրիգոր Ամալյանը:
Նրա խոսքով` մոնիտորինգ է անցկացվել նաեւ ԶԼՄ-ներում այն հրապարակումների կապակցությամբ, որոնք վերաբերել են հեռուստաընկերությունների կողմից քարոզարշավի եթերաժամանակին: Ամալյանը նշեց, որ հանձնաժողովն ուսունմասիրել է երկու լրատվամիջոցի երկու հրապարակում, որում ներկայացված էր, որ մեծամասնականով առաջադրված թեկնածուն դժգոհություն էր հայտնել, թե անհավասար պայմաններ են գործադրվել իր հանդեպ:
‘’Երկու դեպքում էլ հրապարակումներն ու բողոքը ուսումնասիրել ենք եւ վերականգնվել են թեկնածուների իրավունքները, բավարարվել` պահանջները: Մեզ է դիմել նաեւ ՄԻՊ-ը` իրեն ուղղված դիմումի կապակցությամբ, կրկին ուսումնասիրել ենք եւ պատշաճ կարգով կարգավորվել է խնդրո առարկան’’,- նշեց Գ.Ամարյանը:
Նա հավելեց նաեւ, որ ՀՌԱՀ-ը այս օրերին գրություն է հղել մի քանի հեռուստաընկերություններին` առաջարկելով վերականգնել քարոզարշավի եթերաժամանակի հավասարակշռությունը:
‘’Ամեն դեպքում երեւացող անհավասարությունը չի դիտվել որպես օրենքի խախտում, քանի որ քարոզարշավի առաջին շաբաթվա մեջ հեռուստաընկերությունները արդեն պլանավորել էին իրենց եթերաժամանակը: Բացի այդ կուսակցությունները եւ թեկնածուները շատ դեպքերում իրենք են որոշել իրենց ակտիվության եւ հեռուստաեթերին մասնակցության պլանը: Սակայն երկրորդ շաբաթվա ընթացքում նկատվեց համահարթում’’,- ասաց Գ.Ամարյանը` հավելելով, որ ահռելի եթերաժամանակը, որը այս քարոզարշավի ընթացքում տրամադրվել է կուսակցություններին եւ թեկնածուներին, երբեւէ Հայաստանում չի եղել:
Ամալյանի հաշվարկով` 600 ժամ հեռարձակվել է նախընտրական քարոզչություն: Ինչ վերաբերում է նախընտրական եթերաժամանակի գնային քաղաքականությանը, ապա, ըստ ՀՌԱՀ նախագահի, վիճակագրության համաձայն, միջինում 2-3 անգամ իջել է քարոզչական եթերաժամանակի գինը:
‘’Հիմնականում հեռուստաընկերությունները բարեխիղճ են եղել, եւ չեն խախտել օրենքով սահմանված կարգը, բացառությամբ մեկ հեռուստաընկերության’’,- եզրափակեց Գրիգոր Ամալյանը: