Քաղաքական բարեփոխումների առումով Հայաստանը կարող է դառնալ առաջատար երկիր. ԵՄԱ
Մամուլի ազգային ակումբի կողմից իրականացնող մոնիտորինգի արդյունքում պարզվել է, ,որ հեռարձակվող ԶԼՄ-ներն իրենց ծրագրերում ընտրազանգվածին ներկայացնելու համար, ընդհանուր առմամբ, քաղաքական ուժերի նախընտրական քարոզչության շրջանում ապահովել են հավասար պայմաններ: Այս մասին լրագրողների հետ հանիպմանը հայտարարեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նրա խոսքով՝ հայաստանյան հեռարձակողներն անվիճելի առաջընթաց են ցուցաբերել նախորդ համազգային ընտրությունների համեմատ: Միևնույն ժամանակ, մշտադիտարկման քանակական տվյալները վկայում են, որ առանձին ալիքներ, հատկապես նախընտրական քարոզչության վերջին օրերին, պատշաճ ուշադրություն չեն դարձրել ընտրարշավի համաչափ լուսաբանման սկզբունքի պահպանմանը:
‘’Հետազոտված հեռարձակողները նախորդ համազգային ընտրությունների, ինչպես նաև նախընտրական քարոզչության չորսշաբաթյա ժամանակահատվածին նախորդած ամիսների համեմատ, մի քայլ առաջ են գնացել: Չի կարելի նույնն ասել քաղաքական գործիչների վարքում. վերջիններս ոչ միշտ են ԶԼՄ-ներին ժամանակին տեղեկացրել իրենց նախընտրական միջոցառումների մասին, երբեմն խուսափել են մասնակցել քաղաքական բանավեճերին’’,- նկատեց Նավասարդյանը:
Ընտրությունների լուսաբանման մի շարք խնդիրներ, նրա խոսքերով, անմիջականորեն առնչվում են օրենսդրության անկատարությանը: Նախընտրական քարոզչությանը նախորդած շրջանում ԲՀԿ-ի և ավելի քիչ նաև ՕԵԿ-ի բարոգարծական ակցիաներին, սոցիալական ուղղվածության նախաձեռնություններին և նախընտրական հանդիպումներին նվիրված որոշ նյութեր պարունակում էին թաքնված քաղաքական գովազդի անուղղակի հատկանիշներ: Նույն կամ գրեթե նույն սյուժեները եթեր են տրվել մեկից ավելի ալիքում` հիմնականում ‘’Կենտրոն’’-ում և ‘’Հ2’’–ում, իսկ առանձին դեպքերում՝ նաև ‘’Երկիր Մեդիայի’’, ‘’Արմենիայի’’ ու ‘’Շանթի’’ եթերներում:
Ընտրությունների ժամանակ ԶԼՄ-ների աշխատանքում սահմանափակումների հստակ ընկալմանը խոչընդոտել են նաև սոցիոլոգիական հարցումների լուսաբանման մասին օրենսդրական դրույթների տարընթերցումները: ‘’Նախընտրական քարոզչության ժամանակաշրջանում արձանագրված էական առաջընթացն արդյունք էր ոչ թե Հայաստանի փոփոխված մեդիալանդշաֆտին, այլ քաղաքական ամենաբարձր մակարդակով ընդունված որոշման ` ընտրություններին մասնակցող կուսակցություններին տրամադրել հեռուստաեթերի մատչելիության հավասար հնարավորություններ: Բայց նույնիսկ այս պայմաններում որոշ չափով զգացվեց հեռուստաալիքների քաղաքական կախվածությունը’’,- նկատեց ԵՄԱ նախագահը:
Այսպես՝ նախընտրական քարոզչության ժամանակաշրջանում քաղաքական ուժերի նկատմամբ առավել հետաքրքրություն է ցուցաբերել ‘’Արմնյուզը’’, այնուհետ` ‘’Կենտրոն’’-ն ու ‘’Երկիր Մեդիա’’-ն: Նախընտրական քարոզչության շրջանում ներքաղաքական իրավիճակը մյուս ալիքներից քիչ են լուսաբանել Հ1-ը, ‘’Արմենիան’’ ու’’Շանթը’’: Քաղաքական ուժերի նկատմամբ ուշադրությունն առավել համաչափ է բաշխվել ‘’Արմնյուզում’’ ու ‘’Հանրային ռադիոյում’’:
Հետազոտված բոլոր հեռարձակողների հանրագումարված ցուցանիշներով ՀՀԿ-ն առաջատար է դարձել ինչպես անդրադարձների հաճախականությամբ, այնպես էլ եթերաժամանակով: ‘’Կենտրոն’’-ում այս ցուցանիշով մրցակցությունից դուրս էր ԲՀԿ-ն, ‘’Երկիր Մեդիա’’-ում` ՀՅԴ-ն, իսկ ‘’Արմենիա’’-ում բոլորից առաջ էր անցել ՀԱԿ-ը:
Բնութագրիչներով անդրադարձների ամենամեծ տեսակարար կշիռն արձանագրվել է ‘’Կենտրոնում, ամենափոքրը` ‘’Արմնյուզում’’ և ‘’Հանրային ռադիոյում’’: Նրանց միջակայքում են տեղաբաշխվել ‘’Շանթը’’, Հ1-ը, Հ2-ը, ‘’Արմենիան’’ ու ‘’Երկիր Մեդիան’’: Ընտրարշավը, սակայն, նվազ ակտիվ են վարել ՀԴԿ-ն, ՀԿԿ-ն ու ‘’Միավորված հայեր’’ կուսակցությունը:
Բորիս Նավասարդյանը նկատեց, որ եթե նկատվող դրական միտումները շարունակվեն, ապա մեկ տարվա ընթացքում Հայաստանը կարող է դառնալ առաջատար երկիր քաղաքական բարեփոխումների առումով, ամբողջ հետխորհրդային շրջանում` հանած մերձբալթյան երկրները: