25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ով ինչ պաշտոն է ստանալու. Հրապարակ

“Հրապարակ” թերթի լավագույն աղբյուրներն արդեն խոսում են նոր պաշտոնների մասին:

Քաղաքական դաշտում հետընտրական թոհուբոհը չհանդարտված, կառավարության կուլիսներում արդեն սկսել է ծավալվել կադրային փոփոխությունների եւ պաշտոնների վերաբաշխման թեման, եւ նոր սպասումներ են ի հայտ գալիս: Որպես Աժ նախագահի հավանական թեկնածու` շարունակում է շոշափվել Էդուարդ Շարմազանովի անունը: Միաժամանակ ՀՀԿ-ին մոտ կանգնած աղբյուրները վստահեցնում են, որ Սամվել Նիկոյանը եւս հավակնություն ունի վարչապետ Տիգրան Սարգսյանի աջակցությամբ մնալ իր տեղում: Եվս երկու անուն է շոշափվում Աժ նախագահի կապակցությամբ` Աժ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի: Իշխանության հետնաբեմում շարունակում են խոսել Արթուր Բաղդասարյանին գլխավոր դատախազ նշանակելու մասին: Հովիկ Աբրահամյանի անունն, ի դեպ, քննարկվում է եւս երկու պաշտոնի կապակցությամբ` Ազգային անվտանգության խորհրդի նախագահի կամ վարչապետի: Վերջինիս աթոռի եւս երկու թեկնածու է նշվում մերձկառավարական շրջանակներում` Տարոն Մարգարյանի, ինչն անշուշտ նորություն է, եւ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի: Վերջինս կարող է զբաղեցնել գործադիրի ղեկավարի աթոռը միայն մի դեպքում` եթե ԲՀԿ-ՀՀԿ կոալիցիան կայանա: Կադրային նոր սպասումներ են նշմարվում նաեւ նախարարական մակարդակում: Տեղեկացված աղբյուրները նշում են, որ նախարար դառնալու ցանկություն ունի Վարդան Այվազյանը: Նրա հիմնական առավելությունը, որը կարող է սույն անձին միավոր բերել նախարար դառնալու հարցում, չինական “Ֆորչյուն օյլ” ընկերությունը կես միլիարդ դոլարի ներդրումներով Հայաստան բերելն է: Ընկերությունն այս, ինչպես հայտնի է, երեք հանքավայր ձեռք բերեց Հայաստանում, ինչն ասում են` Վարդան Այվազյանի ջանքերի շնորհիվ է եղել: Ասում են` նեղ շրջանակներում նա հայտարարել է, թե էլի ներդրումներ կբերի, եթե իրեն բնապահպանության կամ էներգետիկայի նախարար նշանակեն: Կրթության եւ գիտության նախարարի պորտֆելի համար փորձում է պայքարել “հանրապետականացված” Հայկ Բաբուխանյանը: Վերջերս նա սերտ հարաբերությունների մեջ է Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ: Նրանք հաճախ միասին կերուխումերի են լինում, եւ բացառված չէ, որ հենց ազդեցիկ արքեպիսկոպոսն է նրա բարեխոսը լինելու կառավարության որոշակի շրջանակներում, հարթելով Հայկ Բաբուխանյանի ճանապարհը դեպի վարչապետ Տիգրան Սարգսյանի թիմ: Ինչպես հայտնի է, նախկինում Հայկ Բաբուխանյանն օգտվում էր Հովիկ Աբրահամյանի բարեհաճ վերաբերմունքից: Սպասվում է, որ առաջիկայում Հովիկ Աբրահամյան-Տիգրան Սարգսյան խուլ հակամարտությունը, որը հատկապես բուռն էր դրսեւորվում կառավարության հետ հարցուպատասխանի ժամերին, առաջիկայում ավելի է սրվելու եւ որոշելու է ներկուլիսային պաշտոնավազքի ընթացքն ու արդյունքները, կապված, թե ում թեւն ավելի ամուր կգտնվի: Իհարկե, վերջին խոսքը նախագահինն է, որը, ինչպես հայտնի է, ձիով քայլերի կողմնակից է, բայց այս պահի դրությամբ արտահոսք է նկատվում Հովիկ Աբրահամյանի թուլացած թիմից դեպի վարչապետականը: Գործընթացն այս տեսանելի է նաեւ տարածքային կառավարման մակարդակում: Առայժմ ամենաակնհայտ հավակնությունն այս իմաստով ունի ՀՀԿ համամասնական ցուցակի 114-րդ համարը` Գագիկ Մելիքյանը, որն այլեւս պատգամավոր չէ եւ պատրաստվում է Տավուշի մարզպետ դառնալ: Նա վաղուց էր բռնել դեպի վարչապետ ճանապարհը, ինչը զգալի էր ԱԺ վերջին նստաշրջանի ժամանակ, երբ քննարկվում էր Մելիքյանին ՀՀԿ խմբակցության քարտուղար նշանակելու հարցը, եւ Տիգրան Սարգսյանը, ներկայացնելով Գագիկ Մելիքյանին ՀՀԿ գերագույն մարմնում, նրա մասին ասաց, որ նա “լավիկն” է: ՀՀԿ վերնախավին մոտ շրջանակներում պատմում են, որ նա վաղուց է աշխատել ներկայիս մարզպետի` Արմեն Ղուլարյանի դեմ, տարբեր տեղերում հայտարարելով, որ վերջինս հարստացել է շինարարական “ատկատներ” վերցնելով: Չի բացառվում, որ Գագիկ Մելիքյանի` մարզպետ դառնալու ձգտումը պայմանավորված լինի նաեւ նրան պատկանող գազալցման կայանների վրա հարկայինի “նաեզդներով”:

ՀԳ – Թերթը վստահ է, որ այն անձինք, ում անունները շոշափվել են սույն հրապարակման մեջ, ժխտելու են թերթի տեղեկությունները, ուստի, խնայելով նրանց ժամանակն ու նյարդերը, բոլորի անունից թերթը հայտարարում է, որ հրապարակման մեջ նշված անձանցից ոչ մեկը չի հավակնում բարձր պաշտոն զբաղեցնել եւ ոչինչ չի անում դրա համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ