11 հկ-ներ առաջարկում են հրապարակել ընտրության մասնակցած ընտրողների ցուցակները
11 իրավապաշտպան եւ լրագրողական կազմակերպություններ հանդես են եկել ընտրություններին վերաբերող հայտարարությամբ, որտեղ առաջարկում են հրապարակել ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակները:
Հայտարարությունում ասվում է.
‘2012թ. մայիսի 6-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ, որոնք, ցավոք, չեն կարող խթան հանդիսանալ երկրի իրական ժողովրդավարացման գործընթացների համար եւ չեն վկայում ընտրությունների ինստիտուտը բարեփոխելու` իշխանությունների քաղաքական կամքի մասին:
Հայաստանյան հասարակության վստահությունը ընտրական գործընթացների նկատմամբ աստիճանաբար նվազել է սկսած 1995թ.-ից: Բոլոր ընտրություններն ուղեկցվել են համատարած ճնշումներով,սպառնալիքներով, ընտրակաշառքներով, իսկ 2008թ.` նաեւ մարդկային զոհերով: Պատշաճ ընտրությունների կազմակերպման ու հանրության վստահության վերականգնման անհրաժեշտությունը դարձել է Հայաստանի` այլ պետությունների եւ տարբեր միջազգային կազմակերպությունների հետ փոխհարաբերությունների առանցքային խնդիրը` մասնավորապես, արտացոլվելով ԵԽԽՎ որոշումներում եւ Եվրոպական Միության հետ ասոցիացմանն առնչվող բանակցություններում: Չնայած այս հանգամանքին եւ ՀՀ իշխանությունների կողմից բազմիցս հնչեցված հրապարակային խոստումներին` անցկացնելու «օրինակելի» ընտրություններ, 2012թ. մայիսին եւս Հայաստանի հասարակությունն ականատես չեղավ ժողովրդավարական պետությանը հարիր ընտրությունների եւ առաջին հերթին չարդարացան մեր հասարակության ակնկալիքները:
Թեեւ նախորդ համապետական ընտրությունների համեմատ արձանագված առանձին դրական զարգացումներին, ինչպիսիք են նախընտրական քարոզարշավի ընթացքում զանգվածային լրատվամիջոցների կողմից քաղաքական ուժերի համար հավասար պայմանների ապահովումը, քարոզչական տպագիր նյութերի տարածման կանոնակարգումը, քվեարկության օրը ընտրությունների մասնակիցների տեղակայման հստակեցումը ընտրատեղամասերում եւ այլն, այդուհանդերձ, լուրջ քայլեր չեն իրականացվել ընտրողների կամքի ազատ արտահայտմամբ արդար ընտրություններ ապահովելու ուղղությամբ:
Ընտրական գործընթացի եւ քվեարկության արդյունքների վրա աննախադեպ մեծ ազդեցություն են ունեցել ընտրազանգվածի կաշառումը, վարչական ռեսուրսի չարաշահումը, պետական համակարգի եւ մասնավոր գործատուների կողմից իրենց աշխատողների նկատմամբ քաղաքական թելադրանքն ու ճնշումը եւ բազմաթիվ այլ անօրինական «տեխնոլոգիաների» կիրառումը: Իրավապահ մարմինները, որպես կանոն, անգործություն են դրսեւորել անօրինականությունները կանխելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Վերոնշված դեպքերի բազմաթիվ փաստեր արձանագրվել են քաղաքացիական հասարակության կառույցների եւ առանձին ընտրողների կողմից:
Քվեակեղծիքների հնարավորությունը բացառելու համար ներդրված անձնագրերի կնքման մեխանիզմի ձախողումը առավել խորացրեց հասարակության մեջ առկա անվստահությունը` նյութականացնելով կասկածները ընտրողների ուռճացված ցուցակների վերաբերյալ:
Ընտրական գործընթացների օրինականության վրա էապես ազդել են երկրում տարածված աղքատությունը, գործազրկությունը, անձի անպաշտպանվածությունն ու անպատժելիության մթնոլորտը, որը քաղաքացիների զգալի մասին զրկել է ազատ, իրազեկ եւ գիտակցված ընտրություն կատարելու հնարավորությունից: Բարոյահոգեբանական այսպիսի միջավայրի ձեւավորմանը մեծապես նպաստել է այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները մինչ օրս անհրաժեշտ ջանքեր չեն գործադրել ինչպես 2008թ. մարտի 1-ի արյունալի դեպքերի կազմակերպիչներին եւ իրականացնողներին, այնպես էլ 2008թ եւ դրան հաջորդած ընտրությունների կեղծարարներին բացահայտելու եւ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Իսկ 2012թ. մայիսյան ընտրությունների նախօրեին ՀՀ ազգային ժողովն ընդունել է «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» վիճահարույց օրենքը, որը թույլատրում է զինված ուժերի միջամտությունը ներքաղաքական գործընթացներում եւ, ուստի, շատերի կողմից ընկալվել է որպես սպառնալիք:
Մենք, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության զարգացման գործընթացում ներգրավված քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներս խորապես մտահոգ ենք Հայաստանում տարեցտարի կատարելագործվող ընտրակեղծարարության մեխանիզմներով եւ դրանց կիրառողների անպատժելիությամբ: Գտնում ենք, որ ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու` Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների հերթական ձախողման արդյունքում պետք է համապատասխան հետեւություններ արվեն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կառույցների կողմից:
Արձանագրում ենք, որ ժողովրդավարական ընտրությունների ինստիտուտի` Հայաստանում ձեւավորվելու առաջին եւ անհրաժեշտ նախապայմանն է 2012թ. մայիսի 6-ի ընտրություններին մասնակցած ընտրողների ցուցակների հրապարակումը: Սա այն հիմնական քայլն է, որը կարող Է ապացուցել ՀՀ իշխանությունների կամքը վերականգնելու ընտրությունների իրական պատկերը եւ փարատելու քվեարկության արդյունքների նկատմամբ հասարակության թերահավատությունը’:
Հայտարարությունը ստորագրել են`
Հայաստանի հելսինկյան կոմիտե
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Ժուռնալիստների ‘Ասպարեզ’ ակումբ ՀԿ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Մենք պլյուս ՀԿ
Կրթության ասպարեզ ՀԿ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
Համագործակցություն հանուն ժողովրդավարության կենտրոն
Լրագրողներ հանուն ապագայի ՀԿ