Հայաստանում կարող է զարգանալ հեծանվային տրանսպորտը
Հայաստանում հնարավոր է զարգացնել հեծանվային տրանսպորտը; Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասացին բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցը, փորձագետն ու Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ՛՛Կանաչաստան՛՛ բնապահպանական հկ նախագահ Տիգրան Ճորոխյանը՝ անցակցնելով ուսումնասիրություններ, հարցումներ ու վերլուծություններ, կազմել է մի նախագիծ՝ Հայաստանում հեծանվային տրանսպորտը ներմուծելու վերաբերյալ:
՛՛Հայաստանում հեծանիվ միշտ սիրել են եւ միշտ վարել են, սակայն առանց ենթակառուցվածքի ստեղծման անհնար կլինի այս սպորտաձեւի զարգացումը: Մեր մտահոգությունները շատ էին, օրինակ այն , որ բնակչությունը չի վարի հեծանիվ, քանի որ շատերի համար դա հարիր չէ: Ինչեւէ, հարցման արդյունքները ցույց տվեցին, որ հարցվածների 91 տոկոսը դրական է վերաբերում հեծանիվին, որպես տրանսպորտային միջոց: Դա նշանակում է, որ կա պարարտ հող , ուրեմն պետք է սկսել՛՛,- ասաց Տիգրան ճորոխյանը:
Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության երթեւեկության կառավարման բաժնի պետ Արսեն Գասպարյանը տեղեկացրեց, որ քաղաքապետարանը նախնական հավանություն է տվել այս ծրագրին:
՛՛Կանաչաստան՛՛ հկ-ն ներկայացրեց ամբողջական վերլուծություն, եւ եկանք այն մտքին, որ անհրաժեշտ հիմքերը կան , որ առաջարկված ծրագիրը մեկնարկի: Քաղաքապետարանը դրականորեն է վերաբերել, եւ որոշել է մեկնարկել այս ծրագիրը Կոմիտասի այգի եւ Լիոնի այգին կհանդիսանան որպես պիլոտային ծրագրի անցկացման վայր՛՛,- ասաց քաղաքապետարանի ներկայացուցիչը:
Բնապահպանության փորձագետ Արման Վերմիշյանը նշեց, որ ուսումնասիրվել է տարբեր երկրների փորձը՝ հատկապես եվրոպական՝ հոլանդական փորձը:
՛՛ Երեւանում ոչ միայն հնարավոր է ներդնել հեծանվային տրանսպորտը, այլ դա օրհասական հարց է:Ուսումնասիրեցինք կայանատեղիները, կանգագառները, եւ այլ տեխնիկական հարցեր, առաջարկել ենք տարբեր ուղիներ, որ կառուցվեն բոլոր արահետները՛՛,- ասաց Արմեն Վերմիշյանը՝ հավելելով, որ առաջարկվել է որոշ զբոսայգիներում հեծանվային ուսուցողական կենտրոններ ստեղծել, որ մարդիկ հնարավորություն ունենան սովորելու:
Նրա խոսքով՝ քանի որ հեծանիվ ոչ բոլորն ունեն, առաջարկվել է ներդնել նաեւ հեծանիվ վարձակալելու աշխարհի փորձը, հատկապես Կանադայի փորձը:
՛՛Պարզ համակարգ է, մի թաղամասից վերցնում ես վարձակալության համար, մյուս փողոցի հեծանվային կենտրոնում հանձնում՛՛,- բացատրեց բանախոսը վարձակալության կարգը:
Նա նշեց, որ հեծանիվի համար նախատեսված արահետները պետք է առանձին լինեն, օրենքով արգելված է մայրուղիներով հեծանիվ վարելը,կարելի է վարել միայն մայթով կամ ճանապարհի կողնակով:
՛՛Ահա ինչու՝ հաշվի առնելով մայրաքաղաքի անկանոն երթեւեկությունը, կարեւորում ենք հեծանվային սպորտի զարգացման համար անվտանգ ենթակառուցվածքի ձեւավորումը, որպեսզի կարգավորվի այդ իրավական դաշտը՛՛,- եզրափակեց Արման Վերմիշյանը: