Ամեն ինչ կախված է Ծառուկյանից
՛՛ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ՛՛Տարվա մարդ՛՛ կոչումը շնորհելը չի բարձրացնի նրա վարկանիշը: Ծառուկյանը հիմա ավելի պասիվ է, խորհրդարանական ընտրություններին նա հանդիպում էր ուսանողների, ակադեմիկոսների հետ, իսկ հիմա ուղղակի պասիվացել է՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Սակայն ամեն դեպքում նախագահի հավանական թեկնածուների մեջ գործող նախագահին, ով իր վարկանիշով զբաղեցնում է առաջին հորիզոնականը, հաջորդում է հենց Ծառուկյանը: Երրորդ տեղում ՀԱԿ առաջնորդն է, նրան էլ հաջորդում է ՛՛Ժառանգության՛՛ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա ՀՅԴ-ականներ Արմեն Ռուստամյանն ու Վահան Հովհաննիսյանը:
Սակայն այս ցանկը կարող է փոփոխվել: Ադիբեկյանի խոսքով՝ եթե Ծառուկյանը չառաջադրի սեփական թեկնածությունը, երկրորդ կամ երրորդ տեղում կարող է հայտնվել Րաֆֆի Հովհաննիսյանը, քանի որ վերջինիս դիրքերն ավելի լավ են, քան Տեր-Պետրոսյանինը:
՛՛ԲՀԿ-ից է կախված կլինի միափուլ, թե երկփուլ ընտրությունները: Եթե չմասնակցի Ծառուկյանը, փոխարենը մասնակցի Տեր-Պետրոսյանը, ապա Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքերն ավելի լավ կլինեն, քանի որ նրա վարկանիշը ավելի բարձր է, քան առաջին նախագահինը՛՛,-նշեց սոցիոլոգը:
Նախագահի մյուս թեկնածուները՝ ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը, ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանը կստանան ընդամենը մեկից երեք տոկոս ձայն: Նույնքան տոկոսներ կարող են ստանալ նաև ՀՅԴ-ականներ Վահան Հովհաննիսյանն ու Արմեն Ռուստամյանը, սակայն եթե նրանցից միայն մեկը առաջադրի իր թեկնածությունը, ՀՅԴ-ի ձայները չեն պառակտվի և նրա թեկնածուն կարող է հավաքել մինչև յոթ տոկոս ձայն: