ՀՀԿ-ում որոշել են. առայժմ` այսպես
Իշխող “Հանրապետական” կուսակցության համար խորհրդարանական ընտրություններն ու դրա հետ կապված քննարկումները հետեւում են: Henaran.am-ին հասած տեղեկություններով, ՀՀԿ-ն երեկ գործադիրի նիստին որոշում է կայացրել կառուցողական մթնոլորտում, առանց “փոխհրաձգությունների” առաջ շարժվել:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, ՀՀ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ քաղաքական պայքարը շարունակվելու է քաղաքակիրթ մթնոլորտում` առանց որեւէ քաղաքական ուժին ուղղված վիրավորանքների եւ “սեւ” տեխնոլոգիաների:
Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, նորընտիր խորհրդարանի նախագահի պաշտոնը կստանձնի ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ շտաբի պետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավարը չի փոխվի: ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը կշարունակի ղեկավարել խորհրդարանական խմբակցությունը:
Էական փոփոխություններ չեն լինի նաեւ ապագա կառավարությունում: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Տիգրան Սարգսյանը կպահպանի վարչապետի պաշտոնը: Չեն փոխվի նաեւ գործող նախարարները: Այս ամենը, սակայն, մինչեւ նախագահական ընտրություններ: Հիմնական վերադասավորումները, մեր ունեցած տեղեկություններով, սպասվում են 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո: