Նոյեմբերի 10-ը Երիտասարդության միջազգային օրն է
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Երիտասարդության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել: “Այսօր մենք ունենք ակտիվ, նախաձեռնող, բանիմաց, իրենց առողջ նպատակների մեջ հաստատակամ երիտասարդություն, ում կարելի է վստահել վաղվա օրը։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամն իր գործունեությամբ եւ ծրագրերով երիտասարդական բոլոր առաջադիմական եւ կառուցողական նախաձեռնությունների կողքին է՝ պատրաստ աջակցելու երիտասարդական ներուժի զարգացմանը”,- ասվում է հիմնադրամի ուղերձում։
1945թ. նոյեմբերի 10-ին Լոնդոնում տեղի ունեցած երիտասարդների համաշխարհային համաժողովի ընթացքում հիմնադրվել է Ժողովրդավարական երիտասարդության համաշխարհային դաշնությունը։ Այն նպատակ ուներ հռչակել, տարբեր երիտասարդական կազմակերպությունների համախմբելով, պայքարել հանուն խաղաղության, ժողովրդավարության, ազգային անկախության եւ երիտասարդների քաղաքական, տնտեսական, սոցիալական իրավունքների պահպանման։ Այս համաժողովը համախմբել էր միջազգային երիտասարդական շարժման 63 ազգությունների ներկայացուցիչների։ Այդ օրվանից նոյեմբերի 10-ը նշվում է որպես Երիտասարդության համաշխարհային օր։
Այս օրը խորհրդանշում է երիտասարդության համախմբվածությունն ու համերաշխությունը։