Ֆինանսների նախարարություն-«Հայփոստ» համատեղ նախաձեռնություն Ներդրվել է «Միջազգային փոստային և սուրհանդակային կապի ծառայությունների մաքսային հաշվառման» համակարգ
ՀՀ ֆինանսների նախարարությունը նախաձեռնել է «Միջազգային փոստային և սուրհանդակային կապի ծառայությունների մաքսային հաշվառման» համակարգի ներդրումը: Ավտոմատացված համակարգն այժմ հնարավորություն է ընձեռում, առանց քաղաքացիների մասնակցության, էլեկտրոնային եղանակով իրականացնել առաքանու տվյալների մուտքագրում համակարգ, որը հարկերի վճարման անհրաժեշտության դեպքում ավտոմատ հաշվարկում է դրանք:
Նախկինում առաքանիների հայտարարագրումն իրականացվում էր բացառապես մասնագիտացված մաքսատանը, ինչի արդյունքում հարկերի վճարման անհրաժեշտություն առաջանալու դեպքում քաղաքացին հաճախ Հայաստանի տարբեր մարզերից ստիպված էր լինում գալ Երևան` մաքսային ձևակերպումներ իրականացնելու: Նման ընթացակարգն առաքանու հասցեատիրոջ համար ժամանակատար էր, լրացուցիչ բարդություններ և ծախսեր էր առաջացնում՝ խոչընդոտելով նաև էլեկտրոնային առևտրի զարգացմանը: Համակարգի մշակման փուլում հաշվի են առնվել ինչպես «Հայփոստ» ՓԲԸ-ի առաջարկներն, այնպես էլ սուրհանդակ կապի այլ օպերատորների կարիքները: «Հայփոստ»-ի հետ համատեղ իրականացվել է փոստային առաքանիների տրամադրման ու հաշվառման բիզնես գործընթացների վերլուծություն և ստանդարտացում՝ ապահովելով մասնակից կողմերի գործառնությունների դյուրինացում և պարզեցում:
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանը հայտնել է, որ մինչև 200 հազար դրամ արժեքով առաքանու դեպքում մաքսային որևէ վճար չի կատարվում, իսկ այդ շեմը գերազանցելու դեպքում մաքսավճարների հաշվարկման հիմք է ընդունվում առաքանու արժեքը. «Այս բարեփոխման գլխավոր առավելությունն այն է, որ քաղաքացին որևէ առնչություն չի ունենում մաքսային մարմինների հետ»,-նշել է փոխնախարարը: Ֆինանսների նախարարության մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանի խոսքով, այսուհետ քաղաքացին կարող է փոստային առաքանին ստանալ իրեն ամենամոտ փոստային մասնաճյուղից, իսկ սուրհանդակային առաքանիները՝ տանը՝ ապահովելով «դռնից-դուռ» առաքումների սկզբունքը: «Մաքսային հսկողության իրականացման տեսանկյունից համակարգը հնարավորություն է ընձեռում կիրառել կառավարման և հսկողության ժամանակակից մեխանիզմներ. ավտոմատացված եղանակով վարել առաքանիների ամբողջական հաշվառում, դրանց նկատմամբ վերահսկողության իրականացում, հաշվետվությունների ավտոմատ ստացում, ռիսկերի գնահատում, վերլուծական գործիքների կիրառում»,-նշել է Սաղոյանը:
«ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ընկերության գլխավոր տնօրեն Խուան Պաբլո Գեչիչյանը նշել է, որ ՀՀ ֆինանսների նախարարության և «ՀայՓոստ»-ի միջև համագործակցության արդյունքում տեղի են ունեցել ապրանքների ներմուծմանն առնչվող մաքսային օրենսդրության փոփոխություններ, որոնց շնորհիվ Հայաստանի բնակիչները կազատվեն ապրանքների ներմուծման հետ կապված հարկերից. «Մեր նպատակն է՝ բարելավել և ընդլայնել ծառայությունները հաճախորդի կարիքները բավարարելու, ինչպես նաև Հայաստանի և արտերկրի միջև նոր կամուրջ ստեղծելու նպատակով»,- նշել է Գեչիչյանը: Համակարգի շահագործումն արդյունավետ կազմակերպելու նպատակով Ֆինանսների նախարարությունը «Հայփոստ»-ի աշխատակիցների համար կազմակերպել է դասընթացներ: