«Անհեթեթությունների սիմֆոնիա» է
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանի խոսքով՝ Սահմանադրության նոր նախագիծը «անհեթեթությունների սիմֆոնիա» է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նա նշեց, որ այս նախագիծը միտված է ոչ թե բարեփոխումների, այլ փոփոխությունների բոլորիս հայտնի նպատակով: «Մենք ինչ խոսենք-չխոսենք` իրենք իրենց գործն անելու են»,-նկատեց Բոստանջյանը: Նրա խոսքերով, այսօր երկրում այնքան խնդիրներ կան` արտագաղթ, տնտեսության անկում եւ այլն, որ «մարդիկ հուզված չեն սահմանադրության փոփոխության հարցով»:
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էլ համոզված է, որ եթե ընտրակեղծիքներ չլինեն, սահմանադրական բարեփոխումների նախագիծը ձախողվելու է. «Հայաստանի հանրապետությունում այսօր, եթե ընտրակեղծիքներ չլինեն, իշխանության առաջարկած ոչ մի ծրագիր չի կարող իրագործվել: Այսինքն`եթե ընտրակեղծիքով պետք է անցկացվի այս Սահմանադրությունը, կանցնի, իսկ եթե ընտրակեղծիք չլինի, չեմ կարծում, որ որեւէ քաղաքական գործիչ կեղծելով, վտանգելով իր քաղաքական ներկան եւ ապագան՝ ուզենա կեղծել»: Արշակյանը մի շարք դիտողություններ ունի, որոնք ամփոփել է գրառման տեսքով և պատրաստ է ներկայացնել բոլոր անհեթեթ կետերը առանձին-առանձին: «Այս Սահմանադրության նախագծի մեջ վերացված է իշխանությունների տարանջատման և հավասարակշռության սկզբունքը: Այսինքն ՝ չկա այլևս իրավական պետություն»,-շեշտեց Արշակյանը: