Նաիրիտցիները փակեցին ճանապարհը.կդիմեն կտրուկ քայլերի
«Նաիրիտ» գործարանի նախկին և ներկա մի քանի տասնյակ աշխատակիցներ Կառավարության շենքի դիմաց նստացույց կանեն, եթե իրենց աշխատավարձերն օրվա ընթացքում չփոխանցեն:
Այդ մասին նշեցին նաիրիտցիները Կառավարության շենքի մոտ հրավիրված հավաքի ժամանակ:
«Մեզ խոստացել էին, որ մինչեւ ամսվա վերջ բոլոր աշխատակիցների ամբողջ աշխատավարձերը կփոխանցեն, բայց այսօր արդեն հուլիսի 30-ն է եւ ընդամենը փոխանցել են 700 հոգու աշխատավարձ»,-ասաց «Նաիրիտ» գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը: Նրա փոխանցմամբ այսօր փոխանցելու են եւս 300 հոգու աշխատավարձ:
Հարությունյանը նշեց, որ իրենց համբերության բաժակն արդեն լցվել է և իրենք այլևս չեն պատրաստվում սպասել: Նրա խոսքով՝ Կառավարությունն աշխատակիցների աշխատավարձերը մաս-մաս վճարելով փորձում է մասնատել իրենց:
«Ես խոստանում եմ, որ աշխատավարձ ստացած նաիրիտցիներն էլ կգան և կկանգնեն մեր կողքին, մինչեւ որ մենք էլ ստանանք մեր աշխատավարձերը: Կարող եմ ենթադրել, որ Կառավարությունը գումար չունի, որպեսզի փոխանցի մեր բոլորիս աշխատավարձերը: Եթե մինչեւ այսօր ընդամենը 700 հոգու աշխատավարձ են փոխանցել, ինչպես հավատանք, որ 1200 հոգու աշխատավարձը մեկ օրվա ընթացքում կփոխանցեն»,-ասաց Անուշ Հարությունյանը:
Վարչապետի հետ հանդիպման հույսը կորցրած նաիրիտցիները որոշեցին անցնել վճռական գործողությունների: Նրանք մի քանի րոպեյով փակեցին Տիգրան Մեծ պողոտան:
Հիշեցնենք, որ «Նաիրիտի» աշխատակիցների աշխատավարձի գծով պարտքը կազմում է 5,3 մլրդ դրամ: Նաիրիտցիները բազմիցս բողոքի ակցիաներ են կազմակերպել կառավարության ու նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելով լուծում տալ իրենց խնդրին: Ձեռնարկությունը կանգնած է 2010 թվականի ապրիլից:
Ձեռնարկության աշխատակիցների խոսքով, իրենց խոստացել են վճարել աշխատավարձը միայն այն դեպքում, եթե նրանք հրաժարվեն ձգձգումների պատճառով առաջացած տուգանքներից: Աշխատավարձը կհատկացնի պետությունը՝ էներգետիկայի ոլորտի պետական ընկերությունների շահույթի հաշվին: