Կրտսեր սերժանտը չի ենթարկվել դիրքի ավագին, բռունցքով հարվածել է նրան և ի պատասխան դանակի հարված է ստացել սրտին.Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է.
Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Արծրուն Դիլբարյանի գործի դատական քննությունը:
22-ամյա Արծրունը պայմանագրային զինծառայող է եղել, դասակի հրամանատարի տեղակալ, կոչումով՝ ավագ սերժանտ:
Նախաքննական մարմինը նրան մեղադրանք է առաջադրել սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի օգոստոսի 29-ին, ժամը 14-ն անց 30-ի սահմաններում մարտական դիրքում որպես դիտորդ նշանակված Մկրտիչ Ս.-ն դիտորդի պարտականությունները առանց համապատասխան հանդերձանքի է իրականացրել, ինչի կապակցությամբ Արծրուն Դիլբարյանը վիճաբանել է Մկրտիչի հետ: Վերջինս ծառայակիցների ներկայությամբ Արծրունին հարվածել է, ինչի համար վրեժ լուծելու շարժառիթով նույն օրը, ժամը 17-ի սահմաններում Արծրունը, Մկրտիչին տեսնելով գետնատնակին հարակից ճանապարհին, անմիջապես մոտեցել է նրան ու, ըստ առաջադրված մեղադրանքի, կյանքից զրկելու դիտավորությամբ գրպանից հանել է արդեն բաց վիճակում գտնվող ծալովի դանակը ու դրանով հարվածել է Մկրտիչի կրծքավանդակի ձախ կեսին՝ նրան պատճառելով միջկողային ծակած-կտրած թափանցող վերք՝ սրտամկանի վնասումով:
Նախաքննական մարմնի գնահատմամբ՝ Դիլբարյանը տուժողին չի սպանել իր կամքից անկախ հանգամանքների բերումով՝ ծառայակիցներն անմիջապես միջամտել են, ու հաջողվել է փրկել ծանր վնասվածք ստացած Մկրտիչի կյանքը:
Դատարանում Արծրուն Դիլբարյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակիորեն:
Նա հայտնել է, թե նշանակված է եղել դիրքի ավագ:
Դեպքի օրը իրեն հայտնել են, որ գումարտակի դիրքերում ստուգողներ կան ու պետք է ուշադիր լինել:
Ինքը կարգադրել է մաքրել, կարգի բերել հենակետի տարածքը, ապա գնացել է դիրքի գետնատնակ ու զբաղվել է փաստաթղթերով:
Ժամը 14-ն անց 30-ի սահմաններում դուրս է եկել գետնատնակից, տեսել է, որ դիտորդ, կրտսեր սերժանտ Մկրտիչ Ս.-ն հերթապահությունը կատարում է առանց զրահաբաճկոնի ու սաղավարտի, դրանք դրված են եղել դիտակետում՝ գետնին:
Ինքը Մկրտիչին կարգադրել է հագնել դրանք, ասել է, որ ստուգողներ կան, իրեն, որպես դիրքի ավագի, դիտողություն կանեն: Սակայն Մկրտիչը չի ենթարկվել, պատասխանել է, թե ամեն ինչ նորմալ կլինի:
Ինքն ասել է, թե նախկինում նման դեպք եղել է, ինքը դիտողություն է ստացել ու չի ցանկանում մեկ անգամ ևս այդ իրավիճակում հայտնվել:
Կրտսեր սերժանտ Մկրտիչ Ս.-ն անպարկեշտ ձևով է պատասխանել: Ինքը բացատրություն է պահանջել նրանից:
Մկրտիչ Ս.-ն համածառայողների ներկայությամբ բռունցքով հարվածել է իր դեմքին, իր քթից արյուն է հոսել:
Ինքը փորձել է պատասխան հարված հասցնել, բայց զինծառայողները միջամտել ու վիճաբանությունը դադարեցրել են:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: