«Սա արդեն կլինի ծայրահեղ կատաստրոֆա մեր երկրի համար»
Henaran.am-ի զրուցակիցն է քաղաքագետ, Գյումրու մանկավարժական համալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը:
-Պարո՛ն Համբարյան, սահմանադրական բարեփոխումների նախնական /1-7 գլուխներ/ նախագծի հրապարակումից հետո քաղաքական մի քանի ուժեր դեմ արտահայտվեցին, իսկ ՀԱԿ-ը հայտարարեց, որ դիմադրության ճակատ պետք է ձևավորել: Ըստ Ձեզ կհաջողվի՞ պայքար ծավալել սահմանադրական փոփոխությունների դեմ:
-Պայքար անպայման կլինի, բայց այդ պայքարն ավելի շատ ոչ թե կուսակցական կլինի, ոչ թե կուսակցական ակտիվի կողմից, այլ հասարակական կազմակերպությունների ու քաղաքացիական ակտիվիստների կողմից կլինի այդ պայքարը, որովետև վերջին 2-3 տարիներին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները և դրանց շուրջ ծավալվող դեպքերը՝ թե էլեկտրաէներգիայի թանկացում, թե դրանից առաջ տրանսպորտի թանկացում, թե կենսաթոշակային բարեփոխումների դեմ պայքարը ցույց տվեցին, որ մեր կուսակցությունները սպառել են իրենց, նաև ցույց տվեցին ժողովրդի վերաբերմունքը կուսակցությունների նկատմամբ:
Երբ Բաղրամյանի պայքարի վերջին օրերին «Ժառանգության» ու «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները ցանկանում էին իրենք իրենց ձեռքը վերցնել պայքարը, արդեն երևաց, թե ժողովուրդն ինչ վերաբերմունք ունեցավ այդ ամենի նկատմամբ, ու ինչպես մարեց այդ շարժումը:
Ես չեմ հավատում, որ ՀԱԿ-ին կհաջողվի ձևավորել այդ ճակատը, պայքար անպաման կլինի, քանի որ սահմանադրական բարեփոխումների մեջ, իհարկե, կան դրական կողմեր, բայց կան շատ բացասական կողմեր: Մեր քաղաքացիական ակտիվիստները, որոնք բավական կիրթ են, ունեն լավ խորհրդատուներ, ժողովրդին դեմ կհանեն այդ բարեփոխումների դեմ իրենց մեթոդներով: Իսկ կուսակցություններն իրենց շատ վաղուց են սպառել,և դա հենց իրենց մեղքն է՝ սկսած դիմադիրներից վերջացրած ընդդիմադիրներից, արդեն իրենց նույն դեմքերը, նույն քաղաքական գործիչների պատկերները, որոնք մի կուսակցությունից մյուսն էին փախչում վերջին տարիներին: Իհարկե, չեմ ուզում այդ բառն օգտագործել, բայց ժողովուրդը նրանցից իրականում արդեն զզվել է:
ԶԶվել է և իշխանության ներկայացուցիչ Սուրիկ Խաչատրյանից և գործարար պատգամավորներից, որոնց անբանությունը ցայտուն դրսևորվում է Ազգային ժողովում, արդեն զզվել են նույն ընդդիմությունից. կուսակցությունների սպառվելը հենց այդ կադրային հարցով է:
-Ե՞րբ կտեսնենք գործողություները, կարծում եք արդեն սեպտեմբե՞րին:
-Այո, ինձ թվում է, որ նորից հանրահավաքներ կլինեն, քննարկումներ կլինեն:
-Իսկ ինչպե՞ս եք վերաբերում հենց սահմանադրական բարեփոխումների նախագծին:
-Կարծում եմ, որ ներկայացված բարեփոխումների հիմքը շատ թույլ է: Վառ օրինակը Թուրքիայի պարագայում ենք տեսնում, պառլամենտական հանրապետություն, որտեղ տեղի ունեցած պառլամենտական ընտրությունների արդյունքում չորս կուսակցություն անցավ Ազգային ժողով, և հասավ կրիտիկական պահը, որ պետք է ձևավորվի կառավարություն, ու այդ կառավարությունը չկա, ու դա մի երկիր, որ ունի 70 միլիոն բնակչություն: Հայաստանի պարագայում դա շատ վտանգավոր է, որովհետև մենք ունենք շատ լուրջ խնդիրներ մեր հարևանների հետ, մենք ունենք արցախյան խնդիր, և մենք չենք կարող թույլ տալ նստել առանց կառավարության մի քանի շաբաթ կամ ամիս, որովհետև օրինակի համար կուսակցությունները, որոնք ներթափանցել են ապագա Ազգային ժողով, չունեն 50%+1 ձայն, որպեսզի ձևավորեն կառավարություն:
Խորհրդարանական հանրապետությունը դեմոկրատական պետության ամենաբարձր ձևերից մեկն է, իսկ մենք դեռ պետք է մեր հասարակությանը հասցնենք դեմոկրատական մակարդակի, մենք պետք է մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակը հասցնենք դեմոկրատական և զարգացած երկրների մակարդակի: Երկրորդը՝ մեր ժողովուրդը պետք է հասկանա, որ ոչ թե ընտրում է կուսակցության լիդերին, այլ ընտրում է ծրագիրը: Մեզ մոտ դա չկա, մեր պետությունն արդեն 24 տարեկան է, բայց մեզ մոտ կուսակցական համակարգը շատ ցածր մակարդակի վրա է գտնվում. Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ից դուրս է գալիս, և ԲՀԿ-ն քանդվում է, Լևոն Տեր-Պետրոսյանը 98 թվականին հրաժարական է տալիս, և ՀՀՇ-ն նույն րոպեին փլուզվում է: Ինձ թվում է, որ քաղաքացիական ակտիվիստներն ու հասարակական կազմակերպությունները հենց այդ կողմից ժողովրդին դուրս կհանեն սահմանադրական բարեփոխումների դեմ:
Նրանց բազան բավական ամուր է, ապացույցներն ու օրինակները բավական մեծ են, և իշխանություններին կպահանջվի մեծ ջանք ու եռանդ, որպեսզի հասարակությանը համոզեն, որ 5000 դրամով լիդեր ընտրող մարդը պետք է վաղը չէ մյուս օրը նաև կուսակցությանն ընտրի: Սա է խնդիրը, և սա արդեն կլինի մեր երկրի համար ծայրահեղ կատաստրոֆա, երբ նույն իշխանությունները կարող են մեր երկրի համար 5000 դրամով ձայն գնել ու հետո այդ ձայնով կձևավորվի իշխանություն: Դուք ոչ մի երկրում այդպիսի բան չեք տեսնի: