Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ 72-ժամյա նստացույց Երեւանի «Հանրապետության» հրապարակի կենտրոնում
«Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը հայտնում է.
Սերժ Սարգսյանի հունիսի 27-ի ելույթից անցել է 1 ամիս, սակայն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ քաղաքացիների կողմից բողոք առաջացրած հարցը առ այսօր որեւէ կարգավորում չի ստացել: Մասնավորապես.
- Միջկառավարական հանձնաժողովի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ներգրավել միջազգային աուդիտորական ընկերություն՝ ՀԵՑ-ի բոլոր տարիների գործունեությունը ստուգելու համար, չի մեկնարկել:
- Բարձրացված սակագնի հիմնավոր լինելը ստուգելու համար միջազգային խորհրդատվական ընկերություն առ այսօր չի ընտրվել: Միայն այսօր ՀԾԿՀ-ն ընդունեց որոշում՝ այդ ուղղությամբ ձեռնարկել քայլեր, որոնց ապագան մշուշոտ է: Բացի այդ, ՀԾԿՀ-ն իր որոշմամբ չի ամրագրել, որ խորհրդատվական ընկերության ընտրությանը մասնակցելու են քաղաքացիները, սակայն ամրագրել է, որ ընտրության վերջնական որոշումը ընդունելու է Կառավարության աշխատակազմը:
- Օգոստոսի 1-ից սակագնի բարձրացման փոխհատուցման ուղղությամբ որեւէ քայլ չի արվել, խնդիրը կարգավորող որեւէ իրավական ակտ չի ընդունվել:
Այդ պատճառով «Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժման Խորհուրդը որոշել է Երեւանի «Հանրապետության» հրապարակում անցկացնել 72-ժամյա նստացույց՝ կրկին առաջ բերելով բոլոր այն պահանջները, որոնք ի սկզբանե առաջադրվել էին քաղաքացիների կողմից Բաղրամյան պողոտայի ակցիաների ժամանակ: Նստացույցի նպատակն է՝ իրազեկել ՀՀ քաղաքացիներին, որ խնդիրը կարգավորելու ուղղությամբ որեւէ գործնական քայլ իշխանությունների կողմից առ այսօր չի կատարվել:
Նստացույցիանցկացմանկարգը
– Նստացույցը անցկացվելու է Երեւանի «Հանրապետության» հրապարակի կենտրոնում:
– Նստացույցի մասնակիցների թիվը առաջին 24 ժամվա ընթացքում (հուլիսի 27-ի, 18:00-ից մինչեւ հուլիսի 28-ի, 18:00) չի գերազանցելու 30 հոգին, 2-րդ 24 ժամվա ընթացքում (հուլիսի 28-ի, 18:00-ից մինչեւ հուլիսի 29-ի, 18:00)՝ 60 հոգին, իսկ 3-րդ 24 ժամը (հուլիսի 29-ի, 18:00-ից մինչեւ հուլիսի 30-ի, 18:00)՝ 90 հոգին:
– Նստացույցը իրականացվելու է 3-ժամյա հերթափոխներով: Յուրաքանչյուր 3 ժամը մեկ, իր հերթափոխը ավարտած խումբը կազմակերպված դուրս է գալու հրապարակի կենտրոնից՝ նրան փոխարինող խումբը մտնելու է հրապարակի կենտրոն:
– Արեւից պաշտպանվելու Համար նստացույցի մասնակիցները օգտագործելու են անձնական հովանոցներ:
– Նստացույցի մասնակիցները իրենց հետ ունենալու են միայն ջուր:
– Նստացույցի վայրում տեղադրված է լինելու 3 պաստառ՝ 3×1,5 մ չափի:
Ոստիկանությանաջակցությունը
Ամեն 3 ժամը մեկ, 1 րոպեով դադարեցնել հրապարակի կենտրոնին հարող փողոցի երթեւեկությունը՝ հերթափոխող խմբերի դեպի հրապարակի կենտրոն անցնելու եւ կենտրոնից հետ վերադառնալու համար:
Նստացույցի վաղաժամկետ դադարեցումը
Նստացույցը կդադարեցվի այն պահին, երբ ՀԾԿՀ-ն՝ Իրավական ակտերի մասին օրենքի 75-րդ հոդվածի պահանջների համաձայն, չեղյալ կճանաչի սակագների բարձրացման իր ընդունած որոշումը:
Նստացույցի հետ կապված բոլոր իրավահարաբերությունները կարգավորվում են «Հավաքների ազատության մասին» օրենքի դրույթներին համապատասխան: