Աղանդները օգտագործում են ամառային ճամբարները
Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոն»-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանի խոսքով՝ կրոնական կազմակերպությունները ամառային ճամբարները օգտագործում են իրենց հոգևորսական ծրագրերի համար:
«Ծնողները երեխաներին էժան գնի համար ուղարկում են ճամբար, սակայն նրանց վերադառնալուն պես հասկանում են, որ երեխային ներգրավել են աղանդավորական կազմակերպության մեջ: Բացի ամառային ճամբարներից օրինակ «Կյանքի խոսք» եկեղեցին ունի նաև ձմեռային ճամբար: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ հանրապետությունում կազմակերպվող ճամբարները հսկվեն պետության կողմից: Ներգրավվելով աղանդավորական կառույցների մեջ՝ մարդը կորցնում է ընտրություն կատարելու կամքն ու տեղեկացված լինելու իրավունք»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:
Ամարյանը շեշտեց, որ երկու-երեք տարի առաջ մասսայական կրոնական կառույցները որոշել են, որ իրենց քարոզների թիրախը պետք է լինի երիտասարդությունը, դա և՛ ընտրության համար է լավ, և՛ հեղափոխության դեպքում: «Չեմ ցանկանա վարկաբեկել «Ոչ թալանին» շարժման մասնակից և ղեկավար երեխաներին, սակայն այդ շարժման մեջ ակտիվորեն ներթափանցել էին նաև կրոնական աղանդների ներկայացուցիչները»,-եզրափակեց նա: