Հանուն գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի.վաղվանից ազատամարտիկները նստացույց կսկսեն
«Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի» հանձնախումբը վաղը Երեւանի Ազատության հրապարակում կսկսի անժամկետ նստացույց՝ ի պաշտպանություն պահեստազորի գնդապետ, խարդախության համար 6 տարի 6 ամիս ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարուխանյանը:
«Վաղը ժամը 11-ին Ազատության հրապարակում սկսելու ենք նստացույց: Կոչ ենք անում բոլոր նրանց, որոնք պաշտպանում են Վոլոդյային միանալ մեզ: Մենք վերաձեւավորվում ենք, սկսում ենք պայքարի նոր փուլ եւ շարունակելու ենք Վոլոդյա Ավետիսյանի բարձրացրած խնդիրները: Ազատության հրապարակում չենք գիշերելու, ուղղակի այնտեղ ենք հավաքվելու, որպեսզի մշակենք նոր ռազմավարություն եւ ըստ այդ շարունակենք մեր պայքարը»,-նշեց բանախոսը:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար, եւ 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։ Վոլոդյա Ավետիսյանը հերքում է մեղադրանքը։ Նա եւ իր մարտական ընկերները կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է պահեստազորի գնդապետի դեմ՝ իրենց սոցիալական պայմանները բարելավելու նպատակով ազատամարտիկների բողոքի շարժումը ղեկավարելու համար: Առաջին ատյանի դատարանը Վոլոդյա Ավետիսյանին 6 տարի 6 ամիս ազատազրկման էր դատապարտել։ Վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանը մերժել է Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի բողոքը: