«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի ամբողջական տեսքի պահպանումը հնարավոր է. Հանրային խորհուրդ
«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ (Կոնցեսիոներ) առաջարկած՝ «Զվարթնոց» օդանավակայանի առաջիկա հինգ տարիների զարգացման ծրագրի շրջանակներում հին ուղևորային համալիրի քանդման հետ կապված հարցը բացասաբար ընդունվեց թե՛ Հայաստանի հանրության և թե՛ ճարտարապետների կողմից, որի արդյունքում 2013 թ. ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը դիմեց ՀՀ Հանրային խորհուրդ՝ կազմակերպելու հանրային մասնագիտական քննարկումներ խնդրի առնչությամբ, տեղեկացնում է Հանրային խորհրդի մամուլի ծառայությունը:
Հանրային խորհուրդն իր ենթահանձնաժողովներում քննարկեց հարցը՝ ներգրավելով մասնագետների, Հայաստանի ճարտարապետների միության ներկայացուցիչների, այնուհետև ՀԽ լիագումար նիստում (13.11.2013թ.) դեմ արտահայտվեց քանդմանը՝ Կոնցեսիոներին առաջարկելով վերանայել իր ծրագիրը՝ հիմքում ունենալով հին ուղևորային համալիրի պահպանման խնդիրը, քանի որ այն հանդիսանում է մշակութային արժեք և Երևանի խորհրդանիշներից մեկը:
Քննարկումների ժամանակ նշվում էր նաև, որ ՀՀ կառավարության լիազոր մարմինը, արձագանքելով Վիեննայում կայացած միջազգային կոնգրեսում հնչած բանաձևին, դեռևս 15.01.2013թ. միջազգային կառույցներին հասցեագրած իր գրությամբ երաշխավորել է «Զվարթնոց» օդանավակայանի շինության պահպանությունը:
06.06.2015թ. ՀԽ-ն ՀՀ կառավարությունից ստացավ նամակ (այն ուղղված էր նաև պետական մի շարք մարմինների) քննարկելու Կոնցեսիոների կողմից «Զվարթնոց» օդանավակայանի հին ուղևորային համալիրի զարգացման ծրագրի նոր տարբերակ: ՀԽ ենթահանձնաժողովները, գնահատելով Կոնցեսիոների ձգտումը՝ մասնակիորեն պահպանել կառույցը, բացասական կարծիք հայտնեցին նոր տարբերակի վերաբերյալ՝ նշելով, որ հին մասնաշենքի ամբողջական պահպանման համար կան չքննարկված տարբերակներ:
Արժևորելով վերջին տարիներին «Զվարթնոց» օդանավակայանի արդիականացմանն ուղղված Կոնցեսիոների դրական արդյունքները, ինչպես նաև հին ուղևորային համալիրի պահպանման հարցում հանրության ու մասնագետների պահանջներին ընդառաջելու ձգտումը՝
Հանրային խորհուրդը որոշում է.
1. Դրական գնահատել Կոնցեսիոների նոր առաջարկությունը՝ պահպանելու «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի կենտրոնական աշտարակը՝ միաժամանակ վերահաստատելով, որ կառույցի ամբողջական տեսքի պահպանումը, հատկապես մասնագետների հավաստմամբ, հնարավոր է մասնաշենքի նպատակային օգտագործման և ճարտարապետական արժևորման տեսանկյունից:
2. Դիմել ՀՀ կառավարությանը՝ առաջարկելու Կոնցեսիոներին «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի պահպանման և օգտագործման խնդրի լուծմանը ներգրավել նաև կառույցի հեղինակներին և Հայաստանի անվանի ճարտարապետներին: