Լիլիթը հրաժարվել է վճարել տաքսու ուղեվարձը և մոր ու եղբոր հետ դաժան ծեծի ենթարկել վարորդին.Ժամանակ
«Ժամանակ» թերթը գրում է.
Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ ընթանում է Լիլիթ Մանուկյանի, նրա մայրիկ Անուշի ու եղբայր Արմենի գործի դատական քննությունը:
Ընտանեկան այս խմբի գործողություններից տուժել է տաքսու վարորդ Դանիել Պ.-ն: Լիլիթն ու նրա մայրը մեղադրվում են տուժողի առողջությանը թեթև վնաս հասցնելու, Լիլիթը նաև՝ գույքին վնաս հասցնելու համար, իսկ Լիլիթի եղբայրը՝ նույն տուժողի առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու համար:
Վերջինս իրեն մեղավոր չի ճանաչում: Միաժամանակ նա ճանաչվել է որպես սահմանափակ մեղսունակ անձ:
Լիլիթն ու մայրիկը իրենց մեղավոր են ճանաչում, բայց քանի որ երրորդ ամբաստանյալը մեղքը չի ընդունում, գործը չի կարող քննվել արագացված ընթացակարգով:
Ըստ մեղադրանքի՝ 2014 թվականի նոյեմբերի 8-ին, գիշերվա ժամը 3-ին Լիլիթ Մանուկյանը, ալկոհոլ օգտագործած վիճակում, նստել է Դանիել Պ.-ի «Սամանդ» մակնիշի տաքսի ավտոմեքենան: Երբ հասել են Երևանի Շիրակի 45 հասցեում գտնվող օժանդակ տնտեսության տարածք, ուղեվարձի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել ուղևորուհու և վարորդի միջև:
Լիլիթը ոտքերով ու ձեռքերով, ապա փայտով, մալուխով ու քարով հարվածներ է հասցրել տաքսիստին,նրա առողջությանը հասցրել է թեթև վնաս:
Այնուհետև, ըստ մեղադրանքի, Լիլիթը վնասել է մեքենայի հետևի լուսարձակները, ապա բարձրացել է մեքենայի շարժիչի ծածկոցի վրա, ոտքերով հարվածել ու վնասել է մեքենայի դիմապակին՝ դիտավորությամբ գույքային վնաս պատճառելով մեքենատիրոջը:
Լիլիթի մայրիկը, տեսնելով, որ դուստրը կռվում է վարորդի հետ, նույնպես հարձակվել է վարորդի վրա, հարվածել է նրա դեմքին, ճանկռել է, վնասել է աչքը, ըստ մեղադրանքի՝ նույնպես թեթև վնաս է հասցրել տուժողի առողջությանը:
Առավել ուժեղ հարվածներ տուժողին, ըստ մեղադրանքի, հասցրել է Լիլիթի եղբայրը և նրա առողջությանը պատճառել է միջին ծանրության վնաս՝ առողջության տևական քայքայումով:
Դատարանում նախագահող դատավորը տուժողին հարցրեց՝ չի ցանկանում նա հաշտվել երեք ամբաստանյալների կամ գոնե նրանցից մեկի հետ:
Տուժողը նման ցանկություն չհայտնեց. «Ախր իրենց շատ ահավոր են պահել, թող իրենց արածի համար պատասխան տան»,- ասաց նա:
Դատարանը առաջինը հարցաքննեց տուժողին:
Ըստ նրա ցուցմունքի՝ դեպքի օրը ինքը օդանավակայանից գալիս էր Երևան, երբ ճանապարհին մեքենան կանգնեցրել են երեք հոգի՝ երկու կին ու մեկ տղամարդ:
Մի կինը նստել է վարորդի կողքին՝ դա Լիլիթ Մանուկյանն էր, ըստ վարորդի՝ շատ խմած վիճակում:
Մյուս կինը չի ցանկացել մեքենա նստել, տղամարդը փորձել է նրան համոզել, իսկ Լիլիթը վարորդին ասել է՝ մի սպասի, քշի, գնանք:
Ճանապարհին, ըստ տուժողի, ստիպված է եղել մի քանի անգամ մեքենան կանգնեցնել, ուղևորուհին փսխել է:
Երբ հասել են Աերացիայի «կրուգ», Լիլիթը այնպիսի բարկացել է, ասել է, թե այդքան չպետք է բռներ ուղեվարձը, շատ ավելի պակաս պիտի լիներ:
Լիլիթը պահանջել է մեքենան նորից քշել ճանապարհի սկիզբ ու նույն ճանապարհն անցնել՝ տեսնելու համար, թե ինչքան կկազմի ուղեվարձը:
Վարորդը մի քիչ հեռացել է Լիլիթի տնից, մեքենան կանգնեցրել է, ուղևորուհուն առաջարկել է իջնել:
Լիլիթը դժգոհել է, որ գիշերվա ուշ ժամին իրեն ցանկանում են իջեցնել «չոլում»: Նա հրաժարվել է իջնել:
Վարորդը մեքենան նորից քշել է Լիլիթի տան մոտ՝ մտածելով, թե նրա ընտանիքի անդամները դուրս կգան, Լիլիթին կհանգստացնեն:
Տան մոտ Լիլիթը հրաժարվել է վճարել: Վարորդը հրել է նրան, որ նա իջնի: Լիլիթը, ըստ տուժողի, մեջքով հենվել է մեքենայի դռանը, ոտքերով հարվածել է իր դեմքին:
Այդ ժամանակ տուժողն իջել է մեքենայից, մոտեցել է տանը, լուսամուտը թակել է, որ տնեցիները դուրս գան, Լիլիթին հանգստացնեն:
Նա տեսել է, որ վազելով իրենց է մոտենում մի կին՝ Լիլիթի մայր Անուշն էր:
Տուժողն ասել է՝ արի սրան հանգստացրու: Բայց կինը իր աղջկան հանգստացնելու փոխարեն հարձակվել է վարորդի վրա, խփել է դեմքին, ճանկռել է. «Տվեց-աչքս հանեց»,- ասաց տուժողը: Նրա աչքը ներկայումս տեղում է, պատճառված վնասվածքը եղել է թեթև վնասվածք:
Ըստ տուժողի՝ երբ ինքը փորձում էր դիմակայել Լիլիթի մայրիկին, հետևից իր գլխին քարով հարվածել է Լիլիթը, ինքն ընկել է ու դրանից հետո անկարող է եղել դիմադրել:
Նրա ասելով՝ Լիլիթը վազելով գալիս, իրեն հարվածում էր, նորից վազելով հեռանում: Նա հարվածում էր այն ամենով ինչ ձեռքի տակ էր ընկնում՝ ճյուղ, փայտ, քար, մալուխ… Նա ցատկում, ոտքով հարվածում էր իր կրծքին…
Այդ ժամանակ տուժողը տեսել է, որ մի տղամարդ է մոտենում՝ Լիլիթի եղբայրն է եղել:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: