Նախկին ոստիկան Դոգը դատապարտվեց
Այսօր,Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վճռով ոստիկանության նախկին աշխատակից, ոստիկանության մայոր Վարդան Ղուկասյանը (Դոգ) դատապարտվեց 4 տարվա ազատազրկման: Ղուկասյանը մեղադրվում էր շորթման եղանակով ուրիշի գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ:
Նախքան վճռի հրապարակումը Վարդան Ղուկասյանը իր վերջին խոսքում ասաց, որ ինքը միայն զղջում է նրա համար, որ վստահել է «ոստիկանության շեստյոռկեքին», որոնք իրականացրել են շորթումը՝ վստահելով, որ մեկը ոստիկանությունում է աշխատել, մյուսը «շտատնի սատրուդնիկ է եղել»:
Վարդան Ղուկասյանը դատախազ Վահագն Պողոսյանին մեղադրեց գործի մասնակիցների նկատմամբ ընտրողական մոտեցման մեջ` ընդգծելով, որ նույն շորթման գործով բազմաթիվ պետական պաշտոնյաների չի ներգրավել գործի քննության մեջ, նույնիսկ առերեսում չի կազմակերպել։ Ղուկասյանի կարծիքով` մեղադրողը շատ խիստ պատիժ է իր համար պահանջել (4.5 տարվա ազատազրկում):
Նույն գործով մյուս մեղադրյալներ Հովհաննես Եսայանը եւ Արթուր Մարգարյանը, որոնց համար մեղադրողը պահանջել էր 4 տարվա ազատազրկում, դատապարտվեցին 3 տարվա ազատազրկման եւ համաներմամբ ազատվեցին պատիժը կրելուց։
Նշենք որ Վարդան Ղուկասյանը կալանավորված էր, իսկ մեղադրյալներից Արթուր Մարգարյանի եւ Հովհաննես Եսայանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Հիշեցնենք, որ ոստիկանության մայոր Վարդան Ղուկասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 38-182-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ եւ 3.1 կետերով մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. օգոստոսին կազմակերպել եւ ղեկավարել է Հովհաննես Եսայանի եւ Արթուր Մարգարյանի կողմից հյուրանոցային համալիրի վարձակալից խոշոր չափերով` 1 մլն. ՀՀ դրամի շորթումը: