20 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մարդը կանգնած է պատի տակ ու նահանջի տեղ չունի.Հերմինե Նաղդալյան

Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամլո ասուլիսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արել է դարակազմիկ հայտարարություն՝    «Առանց Ադրբեջանի և մյուս հարևանների հետ հարաբերությունների նորմալացման Հայաստանի ճակատագիրը կարող է անկանխատեսելի լինել»: Նա պատասխանել է նաև Երևանում Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամլո ասուլիսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ադրբեջանի հասցեին հնչեցված մեղադրող հայտարարությանը: Իլհամ Ալիևը գտնում է ՀՀ նախագահի մեղադրանքները անհեթեթ և համարում է, որ նա «վերջին մարդն է, ով կարող է խոսել ժողովրդավարությունից, լինելով 2008 –ին Հայաստանի նշանակած ղեկավար իր նախորդի կողմից»:

«Ինչու՞ է մոլեգնում  Իլհամ Հեյդարովիչը»՝ հարցրի Աժ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին.

-Երբ բուն ասելիք չկա, ուզես-չուզես պիտի դեմագոգիա անես: Իլհամ Հեյդարովիչի համար դա սովորական շփման ձև է՝ շանտաժ ու դեմագոգիա, որովհետև անկախության անցած տասնամյակներին, դժբախտաբար, Ադրբեջանը քայլ իսկ չմոտեցավ ժողովրդավարությանը: Առաջին տարիներին արագ-արագ փոխելով նախագահներին՝ Ադրբեջանի ժողովուրդը նորից հայտնվեց Ալիևների կլանի իշխանության մեջ: Հորից գահը ժառանգած ու ցմահ նախագահի կարգավիճակն իր համար սահմանադրորեն հաստատած որդին իսկական չարիք է իր երկրի համար, որ բարեհաջող կանխում է ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում որևէ տեղաշարժ, ավելին՝ արգելակում է Ադրբեջանի տնտեսության զարգացումը՝ իր կլանի ձեռքում կենտրոնացնելով երկրի ամբողջ ռեսուրսները: Ի՞նչ ասի Իլհամ Ալիևը, ասի՝ Սերժ Սարգսյանը ճի՞շտ է, ես խան եմ նշանակվել հորս ձեռքով, իսկ ինքը ընտրվել ու վերընտրվել է ժողովրդավարական, մրցակցային ընտրություններով; Ասի՝ Եվրոպական խաղերից առաջ, ընթացքում ու հետո համաշխարհային մամուլը ճի՞շտ էր, որ մեղադրում էր Բաքվին, ասի՝ ճի՞շտ է սեփական ժողովրդին ունեզրկելով ցուցադրական շքեղության կազմակերպումը, երբ Բաքվում շենքեր են փլվում ու տասնյակ զոհեր են լինում: Ասի՝ երբ ԵԽԽՎ, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը, ՄԱԿ-ը պատմության մեջ առաջին անգամ համատեղ փաստաթուղթ են ստորագրում Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման անթույլատրելիության վերաբերյալ, ճի՞շտ են: Երբ ԱՄՆ Պետդեպարտամենտն այդ հարցը բարձրացնում, ճի՞շտ է: Մարդը կանգնած է պատի տակ ու նահանջի տեղ չունի՝ նա կամ պիտի ընդունի մեղադրանքները, կամ հակահարձակ լինի՝ ուրիշներին հակադարձելով հենց այն, ինչի մեջ ինքը մեղավոր է: Իլհամ Ալիևը հոյակապ տեղավորվել է զոհի կարգավիճակում ու իրեն շատ լավ է զգում՝ ուրիշ բացատրություն չկա: Իսկապես՝ Ադրբեջանը աշխարհում ամենավերջին պետությունն է, որ իրավունք ունի խոսել ժողովրդավարությունից, մարդու իրավունքներից, այն էլ՝ արդարանալու համար միայն, բայց դա կլիներ սխալների գիտակցման ու ուղղման ճանապարհ, որը Իլհամ Ալիևին հակացուցված է: Շփման նրա նախընտրած տեսակը սուտն է, սիրած օծանելիքը՝ նավթը, ուտելիքը՝ խավիարը, տարադրամը՝ դոլարը: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ