Հայկի հանդեպ դատաստա՞ն.մանրամասներ
Նոյեմբերի 5-ի գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակելու եւ մի քանի ոստիկանի վիրավորելու մեջ մեղադրվող՝Հայկ Կյուրեղյանին զրկելով դատական նիստերին ներկա գտնվելու իրավունքից, դատարանը խախտում է նրա արդար դատավարության իրավունքը:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Հայաստանի «Հելսինկյան կոմիտեի» դիտորդ Նելլի Հարությունյանը։
«Հայկ Կյուրեղյանը հրաժարվում է փաստաբանից, հետեւաբար չի կարելի նրան զրկել պաշտպանվելուց, նա պետք է ներկա լինի նիստերին»,-նկատեց Հարությունյանը:
«Իրավունք եւ աջակցություն» հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարուխանյանն էլ իր խոսքում շեշտեց` Հայկ Կյուրեղյանի նկատմամբ ոչ թե դատավարություն է ընթանում, այլ դատաստան:
«Այս խեղկատակությունը դատավարություն չէ, այլ դաստաստան է: Այն ուղղված է Հայաստանում ազատատենչության դեմ, իշխանությունների դեմ ընդվզող յուրաքանչյուր մեկին զսպելուն»,-ասաց Գագիկ Սարուխանյանը:
Գագիկ Սարուխանյանը նշեց, որ Հայկ Կյուրեղյանին առաջադրված մեղադրանքը անհիմն է, քանի որ նա ոչ խուլիգանություն է կատարել, ոչ էլ բռնություն կիրառել իշխանության ներկայացուցիչների նկատմամբ:
«Նորմալ, ժողովրդավարական երկրներում նրան պարզապես կտուգանեին եւ բաց կթողնեին, այնինչ մեզ մոտ նրան ծանրագույն հանցագործությունների մեջ են մեղադրում եւ սպառնում 10 տարվա ազատազրկմամբ, սա ուղղակի խեղակատակություն է»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին, եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկանները նրան վնասազերծել եւ բերման էին ենթարկել։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ», և 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով: