Սեղանի շուրջ նոր մահացած ամուսնուն, հորն ու եղբորը հիշելու փոխարեն տան անդամները կռվել են, թե ում բաժին կհասնի մահացածի Iphone-ը. Ժամանակ
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ավարտվել է Գառնիկ Յ.-ի գործի դատական քննությունը:
52-ամյա Գառնիկը մեղադրվել է իր հանգուցյալ եղբոր կնոջը ծեծելու, նրան թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով:
Ըստ մեղադրանքի՝ 2015 թվականի հունվարի 1-ին տուժող Լիլիա Վ.-ն իր երկու երեխաների՝ 8 տարեկան դստեր և 7 տարեկան որդու հետ գնացել է հանգուցյալ ամուսնու հայրական տուն՝ ամուսնու մայրիկին տեսնելու, Նոր տարին շնորհավորելու:
Տանը գտնվել են ամուսնու եղբայր Գառնիկը, նրա կինը, որդին և ամուսնու ընկեր Թովմասը: Ամուսնու մայրը այլ սենյակում է եղել:
Սեղանի շուրջ նստած ժամանակ տուժողի յոթամյա որդին հորեղբայր Գառնիկից ուզել է իր հայրիկի «Այֆոն-4»-ը:
Գառնիկն ասել է, թե հեռախոսը վաճառել է՝ եղբոր հուղարկավորության ծախսերն անելու համար:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ վիճաբանություն է ծագել Գառնիկի և տուժողի ու նրա երեխաների միջև:
Գառնիկը ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել տուժող Լիլիայի մարմնի տարբեր մասերին, պատճառել է առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ՝ աջ նախաբազկի, աջ դաստակի շրջանների քերծվածքներ, ձախ սրունքի շրջանի արյունազեղում:
Նախաքննության ընթացքում ու դատարանում ամբաստանյալ Գառնիկ Յ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա դատարանում հայտնել է, թե 2015 թվականի հունվարի 1-ին իրենց տանը նշել են իր հանգուցյալ եղբոր առաջին Նոր տարին:
Իրենց տանն են եղել նաև եղբոր կին Լիլիան ու եղբոր երկու երեխաները:
Եղբոր յոթ տարեկան տղան իրենից պահանջել է հոր «Այֆոնը»: Ինքը բացատրել է, որ հեռախոսը վաճառել ու հոգացել է հուղարկավորության ծախսերը:
Խոսակցությանը միջամտել է եղբոր կինը: Նա կշտամբել է, որ ինքը հեռախոսը տնօրինել է իր հայեցողությամբ, առանց նրանց տեղյակ պահելու:
Ինքը նախատել է հարսին ու երեխաներին, ասել է, թե այդ խոսակցության տեղն ու ժամանակը չէ: Բացի այդ՝ դա երեխաների հետ քննարկելու հարց չէ:
Հարսը, ուշադրություն չդարձնելով իր խոսքերին, պահանջել է, որ ինքը հեռախոսը անպայման վերադարձնի: Այո, հեռախոսի հետ կապված վիճաբանություն եղել է, սակայն ինքը հարսին հարվածներ չի հասցրել: Երեխաները պահանջել են, որ հեռանան տատիկի տանից: Հարսը դուրս գալիս սպառնացել է ամուսնու ընկեր Թովմասին. «Թո՛մ, դու քո հալը կտեսնես»: