Ողբերգական ավտովթարի մանրամասները. 4 հոգի մահացել է
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 4 մարդու մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ։
2015թ. հուլիսի 12-ին` ժամը 16:30-ի սահմաններում, Երեւան-Երասխ մայրուղու Արարատի մարզի Այնթապ գյուղի ճանապարհահատվածում միմյանց են բախվել Ստյոպա Ավետիսյանի վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի եւ Վազգեն Միքայելյանի վարած «Օպել Աստրա » մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ.Միքայելյանը եւ ուղեւորներ Լամարա Ղաբուզյանը, Անահիտ Ստեփանյանը եւ Եկատիրինա Ավետովան մահացել են, իսկ Ս.Ավետիսյանը եւ «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորուհի Մարիա Թոփչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երեւան քաղաքի «Էրեբունի» բ/կ:
Դեպքի առթիվ Մասիսի քննչական բաժնում նույն օրը հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:
Նախնական քննության արդյունքներով՝ 2015թ. հուլիսի 12-ին` ժամը 16:30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան 100-ից 120 կմ/ժ արագությամբ Երեւան-Երասխ ավտոճանապարհով ընթացել է Երեւան քաղաքի ուղությամբ: Հասնելով Արարատի մարզի Այնթապ գյուղի ճանապարհահատված`մուտք է գործել հանդիպակաց ուղեմաս`փորձելով վազանց կատարել իր առջեւից ընթացող, քննությամբ չպարզված «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենային:
Վազանց կատարելուց հետո «Մերսեդես-Բենց»-ի վարորդը փորձել է վերադասավորվել իր ուղեմաս, սակայն բախվել է համընթաց ընթացող եւ ճանապարհի ձախ կողմում գտնվող ավտոճանապարհագազալցակայան ձախ շրջադարձով մուտք գործող Վ. Միքայելյանի վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենային, որի հետեւանքով վարորդ Վ.Միքայելյանը եւ ուղեւորներ Լամարա Աշոտի Ղաբուզյանը, Անահիտ Ստեփանի Ստեփանյանը եւ Եկատիրինա Վալերիի Ավետովան մահացել են:
ՃՏՊ դեպքի վայրի զննության ժամանակ «Օպել Աստրա» մակնիշի, «Լյուքս» տաքսի տարբերանշանով ավտոմեքենան հայտնաբերվել է Երեւան-Երասխ ավտոճանապարհի Երեւան քաղաքի ուղղությամբ հանդիպակաց ուղեմասից դուրս`չշահագործվող բետոնյա ավտոճանապարհի վրա, իսկ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան`դեպի Երեւան քաղաքի ուղեմասում:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում`վթարի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։ Նշանակվել են դատաբժշկական, տոքսիկոքիմիական փորձաքննություններ։