Առավելագույնը որքան է թույլատրվում աշխատել
Իրավաբան. net-ը իրազեկում է, թե որքան է աշխատանքի առավելագույն ժամանակը: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 139-րդ հոդվածը սահմանում է, որ յուրաքանչյուր անձի աշխատաժամանակի նորմալ տևողությունը չի կարող անցնել շաբաթական 40 ժամից, իսկ ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը չի կարող անցնել ութ աշխատանքային ժամից, օրենքով, այլ իրավական ակտերով և կոլեկտիվ պայմանագրով նախատեսված դեպքերի: Օրական 12 ժամից ավել (հանգստի և սնվելու համար` ընդմիջումը ներառյալ) չի կարող անցնել աշխատաժամանակի առավելագույն տևողությունը, ներառյալ արտաժամյաաշխատանքը:
Առանձին կատեգորիայի աշխատողների (անընդմեջ հերթապահության ռեժիմով աշխատող առողջապահական կազմակերպություններ, հոգաբարձության (խնամակալության) կազմակերպություններ, մանկական դաստիարակչական կազմակերպություններ, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման մասնագիտացված կազմակերպություններ, կապի և վթարների հետևանքների վերացման մասնագիտացված ծառայություններ և այլն) աշխատաժամանակի տևողությունը կարող է կազմել օրական 24 ժամ: Այդ աշխատողների աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից, իսկ աշխատանքային օրերի միջև հանգստի ժամանակը չի կարող պակաս լինել 24 ժամից:
Նման աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Տարբեր գործատուների կամ նույն գործատուի մոտ երկու և ավելի աշխատանքային պայմանագրերով աշխատողի ամենօրյա աշխատաժամանակի տևողությունը (ներառյալ` հանգստի և սնվելու համար ընդմիջումները) չի կարող անցնել օրական 12 ժամից: