Դավիթի հետ
«Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական միության խոսքը. «Ոչ թալանին» երիտասարդական նախաձեռնության՝ հունիսին ծավալած եւ լայն աջակցություն ստացած բողոքի գործողությունը, որի հետեւորդների թիվը Երեւանում ու ՀՀ մի շարք մարզերում տասնյակ հազարներով է հաշվվում, թեւակոխում է պայքարի նոր փուլ:
Հանրությունը երբեք չի հաշտվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի թալանչիական որոշման հետ, համաձայն որի՝ վերջին երեք տարում այս էլ երրորդ անգամ բարձրացվում է էլեկտրաէներգիայի սակագինը՝ օգոստոսի 1-ից բնակչության համար դառնալով 48,78 դրամ/կՎտ ժամ: Խնդիրը համազգային կարեւորություն ունի, հետեւաբար խաղաղ բողոքավորների ու մասնագիտական գործունեություն իրականացնող լրագրողների նկատմամբ հունիսի 23-ին ոստիկանության կողմից կիրառված անհամաչափ գործողություններն առաջ բերեցին անհնազանդության եւ հուզումների նոր ալիք:
Եվ, այնուհետեւ, չնայած ոստիկաններին հաջողվեց բիրտ ուժով բացել Բաղրամյան պողոտան, այնուամենայնիվ, էլէներգիայի թանկացման որոշումը չեղարկելու մասին հանրային պահանջը տակավին օրակարգում է: Ազատության հրապարակում այսօր էլ երիտասարդական շարժման առաջամարտիկները շարունակում են պայքարի տարբեր եղանակներով իշխանությունների ու քաղաքացիների ուշադրության կիզակետում պահել հրատապ օրակարգը:
Մասնավորապես՝ հուլիսի 6-ին հացադուլ հայտարարած Դավիթ Սանասարյանին միացել են մի խումբ այլ ակտիվիստներ: «Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միությունը` ա/ դատապարտում է ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառվող ցանկացած բռնություն, բ/ զորակցում է Դավիթ Սանասարյանին եւ մյուս հացադուլավորներին, գ/ կոչ է անում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, քաղաքական եւ քաղաքացիական կառույցներին՝ ավելի ակտիվ ու գործուն մասնակցություն հանդես բերել հրապարակային բոլոր միջոցառումներին, իսկ իշխանություններին եւ հասարակական կարգի պահապաններին՝ զերծ մնալ ուժի ապօրինի գործադրումից:
«Ժառանգություն» կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միություն