29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հայհոյանք մոր հասցեին, դանակահարություն դպրոցի բակում. Ժամանակ

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Հարությունյանի նախագահությամբ ընթանում է անչափահաս Կարեն Մ.-ի գործի դատական քննությունը:

2000 թվականի մարտի 5-ին ծնված Կարենը դեպքի օրը՝ 2014 թվականի ապրիլի 16-ին, 14 տարեկան էր և սովորում էր 9-րդ դասարանում:

Դեպքը տեղի է ունեցել հենց թիվ 186 դպրոցի բակում:

Դեպքին նախորդող ու դեպքի պատճառ դարձած իրադարձությունները ևս ծավալվել են դպրոցում Կարենի ու նրա համադասարանցի Գեղամի միջև:

Տղաները վիճել են իրար հետ, վիրավորական բառեր են ասել մեկմեկու:

Նույն դասարանում սովորող Արթուրը՝ Գեղամի ընկերը, զանգել է գործով տուժող Հայկին ու մի քանի ընկեր-տղաների, հայտնել է Գեղամին համադասարանցի Կարենի կողմից հասցված «վիրավորանքի» մասին:

Ընկերախումբը հավաքվել է դպրոցի բակում՝ Կարենի «բացատրությունները լսելու»:

Ըստ մեղադրանքի՝ դեպքի օրը, ժամը 14-ն անց 30-ի սահմաններում Գեղամն ու իր ընկերներ Արթուրը, Հայկը, Գագիկը, Կարեն Հ.-ն, Ալբերտը դպրոցի բակում վիճել ու կռվել են անչափահաս Կարեն Մ.-ի հետ: Կռվի ժամանակ Կարեն Մ.-ն դանակի մեկ հարված է հասցրել Հայկ Մ.-ին ու նրա առողջությանը պատճառել է ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

14-ամյա Կարեն Մ.-ին մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Անչափահաս ամբաստանյալը հանձնվել է ծնողների հսկողությանը:

Դատարանում Կարեն Մ.-ն ընդունել է, որ ինքն է դանակով հարվածել Հայկ Մ.-ին, սակայն առաջադրված մեղադրանքը չի ընդունել՝ հայտնելով, թե ծանր վնասվածք հասցնելու դիտավորությամբ չի հարվածել տուժողին, այլ հարվածել է պաշտպանվելու համար, որովհետև իրեն հետապնդել ու ծեծել են մի մեծ խումբ տղաներ:

Քանի որ անչափահաս ամբաստանյալը չի ընդունում առաջադրված մեղադրանքը, նա կհարցաքննվի դատաքննության վերջում, իսկ դատարանը ունկնդրեց տուժող Հայկ Մ.-ի ցուցմունքը:

Ամբաստանյալից երկու տարով մեծ՝ 1998 թվականի մարտի 12-ին ծնված Հայկը ներկայումս ուսանող է:

Ըստ տուժողի՝ դեպքի օրը՝ դասերից հետո, իրեն զանգահարել է իր ընկեր Արթուրը և ասել է. «Արի դպրոցի հայաթ»:

Հայկն իմացել է, որ Արթուրի ու Գեղամի համադասարանցի Կարենը վիրավորել է Գեղամին: Կարենի հետ այս ընկերախումբը նախկինում էլ «խոսակցություն» ունեցել էր Արթուրի բարեկամուհի մի աղջկա հետ կապված…

Ըստ տուժողի՝ ապրիլի 16-ի դեպքի պատճառը կապված չէր վերը հիշատակված «խոսակցության» հետ:

Դպրոցի բակում հավաքված վեց կամ ավելի քանակությամբ տղաները սպասել են Կարեն Մ.-ին: Վերջինս դուրս է եկել դպրոցից, Արթուրը նրան կանչել է «դպրոցի կողք»՝ խոսելու:

Կարեն Մ.-ն պահանջել է, որ Արթուրն իր հետ «նորմալ» խոսի: Նույնը նա պահանջել է նաև Հայկից:

Վերջինս, իր ցուցմունքի համաձայն, ասել է. «Կարեն ջան, կգա՞ս գնանք դպրոցի կողք, կարող ա իրար չհասկանանք, գոռգոռանք, դասերի վերջ է, ծնողներն էկել են էրեխեքի հետևից, սիրուն բան չի լինի…»:

Կարեն Մ.-ն, ըստ Հայկի, ասել է. «Դու չպիտի ինձ ասես…»:

Եվ շատ կռիվների պատճառ դարձող այս նախադասությունը Կարենը, ըստ Հայկի, ասել է «մուննաթով», ինչի համար Հայկը նրա դեմքին մեկ անգամ հարվածել է:

«Էդ պահին տաքացա, չկարողացա ինձ զսպել… Դա կռիվ սարքել չէր… Մենք ընկերներով միշտ իրար հետ ենք լինում, դրա համար էինք վեցով, եթե հատուկ կռվելու գնայինք, ավելի շատով կլինեինք… Դա ռազբորկա չէր, պատահական էինք վեցով…»,- ասաց Հայկը:

Իրենից երկու տարով մեծ, մարզված Հայկի հարվածից հետո Կարենն ընկել է, բայց սայթաքել ու Կարենի վրա է ընկել նաև Հայկը: Վերջինս կողք է քաշվել: Նրա ընկերախմբի անդամները հարվածներ են հասցրել ընկած Կարենին:

«Մեկ-երկու կարող ա խփել են… Եթե բոլոր ներկաները Կարենին խփեին, վրեն շունչ չէր մնա»,- ասաց Հայկը, չնայած վկաների ցուցմունքներ կան, որ ընկած Կարենին ոտքերով ու ձեռքերով հարվածել են ընկերախմբի բոլոր անդամները…

Այնուամենայնիվ, Կարենը սկզբում «չոքեչոք» առաջ է գնացել, հետո ոտքի է կանգնել ու փախել դեպի դպրոցի դարպասները:

Ըստ տուժողի՝ ինքն ու Արթուրը հետապնդել են փախչող Կարենին, իր կարծիքով՝ մյուսները չեն հետապնդել, չնայած վկայություններ կան, որ Կարենին հետապնդել են բոլորը:

Կարենը, ըստ Հայկի, 7-10 մետր վազել-հեռացել էր, երբ Արթուրը նրան հայհոյել է, ըստ պաշտպանական կողմի՝ «մայր» է հայհոյել:

Կարենը կանգ է առել: Մինչ նա կշրջվեր, Հայկը, վազելու ընթացքում նրան հասնելով, հընթացս ոտքով հարվածել է նրա մեջքին:

Կարենը շրջվել է: Հայկի ասելով՝ Կարենը ցանկացել է հարվածել Արթուրին, բայց Հայկն Արթուրին մի կողմ է հրել, ու ինքը ոտքով հարվածել է Կարենի որովայնի կողմնային հատվածին: Կարենի դեմքին ու դոշին էլ է հարվածել: Հետո Կարենը մեկ անգամ հարվածել է Հայկի ձախ կողքին: Հայկը հարվածի պահին բան չի զգացել, բայց հետո հարված ստացած մասն ուժեղ ցավել ու խոնավացել է:

Այդ ժամանակ մի մեքենա է կանգնել, ինչ-որ մեկն ասել է՝ ոստիկաններն են: Տղաները փախել են:

Հայկը իր ընկերներ Արթուրի ու Կարենի հետ է մնացել: Նա ստուգել ու տեսել է, որ կողքը վնասվել է, արյուն է հոսում: Հանել է արյունոտ շորը, ինչ-որ տեղ է նետել: Գնացել են ընկերոջ տուն՝ «արյունը կանգնեցնելու»: Բայց չեն կարողացել արյան հոսքը դադարեցնել: Հայկը զանգել է իր հայրիկին, ասել է, թե վայր է ընկել «արմատուրի վրա», կողքը վնասել է:

Հայրը եկել, որդուն տարել է հիվանդանոց: Հայկը ենթարկվել է վիրահատության: Հիվանդանոցում մնացել է մոտ մեկ շաբաթ:

Դեպքից հետո է իմացել, որ Կարենը խփել է դանակով, սակայն դեպքի պահին Կարենի մոտ դանակ կամ որևէ այլ առարկա չի տեսել…

Դեպքից հետո հանդիպել ու խոսել է Կարեն Մ.-ի հետ: «Իրար հասկացանք ու հաշտվեցինք»,- ասաց Հայկը:

Նա ամբաստանյալից որևէ պահանջ չունի:

Պաշտպանական կողմը տուժողին հարցրեց՝ եթե Կարենը կանգ չառներ, կկարողանա՞ր փախչել դպրոցի բակից:

Տուժողը պատասխանեց, որ Կարենը կարող էր փախչել. «Եթե ինքը չկանգներ, կգնար, շանս ուներ փախչելու… Ես մյուսներին ասելու էի, որ հետևից չվազեն… Չգիտեմ՝ Կարենը կարո՞ղ էր իմանալ իմ այդ մտքի մասին… Բայց Արթուրի հայհոյանքից հետո Կարենը կանգնեց ու շրջվեց…»,- ասաց տուժողը: Իսկ պաշտպան Է. Մայսուրյանը հավելեց. «Մեր եք հայհոյել՝ կանգնել է…»:

Տուժողի հարցաքննությունն ավարտվեց:

Հաջորդ դատական նիստին դատարանը կհետազոտի գործում առկա փաստաթղթերն ու մյուս ապացույցները, այնուհետև կանցնի առաջադրված մեղադրանքը չընդունող անչափահաս ամբաստանյալի հարցաքննությանը:

Հենց դպրոցի բակում արդեն իսկ ծեծված լինելով ու վեց կամ ավելի տղաների կողմից հետապնդվելով՝ 14-ամյա տղան իր հասցեին հնչեցված հայհոյանքի պատճառով կանգնել ու շրջվել է: Նա գիտեր, որ հետապնդողները հասնելու և նորից ծեծելու են: Բայց կանգնել է… Ապա հետապնդողներից առաջինին, ով նաև ոտքով հարվածներ էր հասցնում նրա մեջքին ու «դոշին», հարվածել է դանակով…

Նախաքննական մարմինը անչափահասի արարքը որակել է որպես դիտավորությամբ տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնել, իսկ պաշտպանական կողմը պնդում է, որ տղան, միայնակ կռվելով մի ամբողջ խմբի հետ, գտնվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, դանակի հարվածը հասցրել է՝ իր վիճակն անելանելի պատկերացնելով, հարվածել է ստիպված՝ որպեսզի կարողանա պաշտպանվել տուժողից ու հետապնդող մյուս տղաներից …

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ