Առջեւում նախագահական ընտրություններն են. կլինի՞ արդյոք տեղաշարժ ղարաբաղյան հարցում

“Մոտ ապագայում ղարաբաղյան հակամարտության հարցում ոչ մի տեղաշարժ չի լինի՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքը, որ հաջորդ տարի նախագահական ընտրություններ են անցկացվելու թե Հայաստանում, եւ թե Ադրբեջանում”,-այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:
Ուշագրավ է այն փաստը, որ այս օրերին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կատարած տարածաշրջանային այցի ժամանակ Բաքվում էր գտնվում Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Ջեմիլ Չիչեքի գլխավորած պատվիրակությունը: Վերջինս հաստատել է, որ ղարաբաղյան հարցում Թուրքիան շարունակելու է աջակցել “եղբայրական Ադրբեջանին”:
Փորձագետները բազմիս ընդգծել են, որ Թուրքիայի նման մոտեցումը ավելացնում է լարվածությունը տարածաշրջանում եւ որոշակի վստահություն հաղորդում Ադրբեջանի ագրեսիվ պահվածքին:
Ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի՝ այս ընթացքում թեեւ կավելանա Բաքվից հնչող ռազմական հռետորաբանությունը՝ կապված Ադրբեջանի նախագահական ընտրությունների հետ, սակայն դա ուղղվելու է միայն ներքին սպառման համար:
“Այն, ինչ այսօր իրականում ունենք Լեռնային Ղարաբաղում, մեր ռազմավարական գործողությունների ձեռքբերումն է, եւ միջազգային հանրությունը հաշվի է նստում այդ իրականության հետ՝ շարունակելով իր ջանքերն ուղղել հակամարտության խաղաղ կարգավորմանը”,- նշել է Մինասյանը:
Հավելենք, որ համանախագահները փորձում են պայմանավորվածություններ ձեռք բերել դեկտեմբերի 6-7-ը Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ-ի անդամ երկրների արտգործնախարարների նիստի շրջանակներում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման համար: