28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ժամամակն է պահանջատերից դառնալ խնդրի լուծման մասնակից

Հասարակության  ողջ ուշադրությունը շարունակում է կենտրոնացած մնալ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման շուրջ տեղի ունեցող իրադարձություններին:  Վերջին օրերի զարգացումները՝ Բաղրամյան պողոտայում հավաքված և իրենց արդարացի պահանջը իշխանություններին ներկայացրած ցուցարարների խաղաղ պայքարի նոր մշակույթի ձևավորման աննախադեպ երևույթ էր ոչ միայն Հայաստանի, այլ նաև ողջ աշխարհի համար: Ազգագրական երգով, պարով երիտասարդությունը իցույց դրեց բոլորին, որ կա անկոտրուն ոգի, որը տերն ու ապագան է այս երկրի, ում անտեսելը քաղաքական կարծրություն և կարճատեսություն կնշանակեր:

Հայտնի է , որ «Ոչ թալանին» նախաձեռնության նպատակն է կասեցնել, կամ վերանայել Հանրային ծառայութնունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագնի 6.93 դրամով բարձրացման որոշումը:

Բողոքի հիմնական պատճառը անվստահությունն է սակագնի բարձրացման անհրաժեշտության և հիմնավորվածության, նաև այն, թե որքանո՞վ է ճշգրիտ հաշվարկված նոր սակագնի մեծությունը: Կա անվստահություն նաև իշխանությունների կողմից արվող այն հիմնավորմանը, որ  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ սեփականատեր հանդիսացող «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» կազմակերպության կողմից ոչ արդյունավետ կառավարման, թույլ տված չարաշահումների  և շքեղությունների հետևանքով կուտակած պարտքերը չեն ներառվել սակագնի մեջ:

Իշխանությունները մի քանի օր լռույթունից հետո, ինչպես հայտնի դարձավ, այն բազմաթիվ քննարկումների ժամանակահատված էր, հնչեցրեց իր դիրքորոշումը և օբյեկտիվ իրողությունից ելնելով առաջարկեց հնարավոր լուծումները:

Առաջինը արձագանքեց կառավարության ղեկավարը՝  որոշում ընդունելով սակագնի բարձրացման հետևանքները մեղմելու, առաջին հերթին  սոցիալապես անապահով խավի համար, օգտագործել թիրախային սուբսիդիայի տարբերակը  շուրջ 400.000 անձանց համար ընտանիքի կենսամակարդակի բարձրացմանն ուղղված նպաստի չափը բարձրացնել տարեկան 24.000 ՀՀ դրամի չափով: Այդ նպատակով  կառավարությունը տարեկան կհատկացնի ավելի քան 2.5 մլրդ դրամ: Որոշումը, ընդհանուր առմամբ, չէր համապատասխանում ցուցարարների սպասումներին, բայց այն ուներ դրական միտում՝ լուծումներ գտնելու պատրաստակամություն:

Դրան հետևեց հանրապետության նախագահի ելույթը, ով միանշանակ համոզմունք հայտնեց, որ սակագնի բարձրացումն արդարացված է: Արդարացված է ելնելով էներգետիկ համակարգի անվտանգության պահանջներից:

Նաև ընդունելով, որ հիմանկան խնդիրը վստահության պակասն է, առաջարկեց ընտրել հեղինակություն վայելող միջազգային կազմակերպություն, որն աուդիտ կանցկացնի բաշխիչ ցանցերի կառավարման առանձնահատկությունները ուսումնասիրելու համար: Թեպետ դա սեփականատեր հանդիսացող կազմակերպության ներքին խնդիր է, այն հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է և կարևոր է վերհանել այն խնդիրները, որոնք ոչ արդյունավետ կառավարման պատճառ են դառնում:  Այս մասով, բացահայտումները ոչ մի ազդեցություն չեն կարող ունենալ սահմանված սակագնի վրա: Կուսումնասիրվեն նաև սակագնի բարձրացման հիմնավորվածությունը, սակագնի չբարձրացման դեպքում հնարավոր հետևանքները էներգետիկ համակարգի վրա: Կարևոր է նաև, այն, որ աուդիտ կանցկացվի նաև  ՀԾԿՀ-ում՝ պարզելու համար, թե ինչքանով է հիմնավորված հոսանքը 6,93 դրամով թանկացնելու հանձնաժողովի  որոշումը:

Իսկ մինչև աուդիտորական եզրակացության կազմումը կառավարությունը հավաստեց, որ իր վրա կվերցնի սակագնի բարձրացման ամբողջ բեռը, գումարներ տրամադրելով անվտանգության հետագա ամրապնդման համար նախատեսվող միջոցներից:  Իհարկե, բոլորին է հասկանալի, որ կառավարության կողմից ինքնազոհաբար բեռն իր վրա վերցնելը, նորից շարքային քաղաքացու վրա է բարդվելու անուղակի ճանապարհով, բայց այս պահին այն համարում եմ չարիքի փոքրագույնը, քանի որ այդպես կկարողանաք խուսափել սակագնի բարձրացման հետ կապված տնտեսության վրա իր շղթայական ազդեցությունից և համատարած գների բարձրացումից: Սա, իհարկե, ժամանակավոր լուծում է, իսկ խնդրի հիմնարար կարգավորումը պահանջում է համակարգի առողջացում, ինչն իր հերթին ենթադրում է մեծածավալ ներդրումներ և արդյունավետ կառավարում:  Այս հարցում անվիճելի է բաշխիչ ցանցերի սեփականատիրոջ փոփոխման անհրաժեշտության հարցը, հայտնի է , որ այս ուղությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ, քննարկվում է նաև ՀԷՑ-ի ազգայնացման հնարավորությունը:

Պայքարն ու հասարարական շարժումները , ինչպես և ցանկացած այլ երևույթ դինամիկ են ըստ էության, և պետք է դրսևորման ձևերը հարմարեցվեն նոր իրողություններին և պահանջներին:  Եթե երկու օր առաջ  Բաղրամյան պողոտայում հավաքը քաղաքակիրթ պայքարի, ժողովրդավարության և հանդուրժողականության դրսևորում էր երկու կողմերի միջև, այսօր, իշխանությունների կողմից հնչեցրած լուծումներից հետո, այն պետք է տեղափոխվի այլ հարթություն: Ժամամակն է պահանջատերից դառնալ խնդրի լուծման մասնակից: Հուսով եմ, որ մեր երիտասարդները, որ օրեր շարունակ հիացնում են իրենց հասունությամբ, կազմակերպվածությամբ, կկարողանան ընտրել այն խումբը, որը մասնակից կդառնա հետագա աշխատանքներին:

Սա ևս մեկ փորձություն և վկայություն է առ այն, որ Հայաստանում կա քաղաքացիական հասարակություն, այն  կենսունակ է, այն կարողանում է հակադրվել իշխանության որոշումներին և խաղաղ պայքարով իր ձայնը լսելի դարձնել:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ