26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ով ում ականջն է. Քոչարյանի, թե… Առավոտ

1998-ից մինչեւ 2007 թվականը Ռոբերտ Քոչարյանը, նրա կողմնակիցները եւ քարոզիչները բոլոր ընդդիմադիրների (նույնիսկ Արկադի Վարդանյանի) հետեւում տեսնում էին ՀՀՇ-ի ականջները: Այդ ականջները ձեռնտու էր տեսնել, որովհետեւ հասարակության մի մասի մոտ պահպանվել էին ՀՀՇ-ի իշխանության հետ կապված բացասական էմոցիաները: Երբ, ասենք, խոսում էր Ստեփան Դեմիրճյանը, քարոզիչներն իսկույն ասում էին, որ դրանք պարոն Դեմիրճյանի մտքերը չեն, որ իրականում նրա վարքագիծը հուշում է “նախորդ հանցավոր ոեժիմը”:

Հիմա ԲՀԿ-ի հետեւում ոմանք տեսնում են երկրորդ նախագահի “ականջները”: Որոշ “պատմական հիմքեր” դրա համար կան` կուսակցությունը եւ նախորդ գումարման պատգամավորական խմբակցությունը ձեւավորվել են այն ժամանակվա նախագահի գործուն մասնակցությամբ: Բայց ընկալել եւ մեկնաբանել ԲՀԿ-ի ցանկացած քայլ այդ “ականջների” համատեքստում` կամ մոլորություն է, կամ էլ դարձյալ քարոզչական հնարք:

Պարզ է, որ հիմա գնում է քաղաքական կոնսուլտացիաների ակտիվ փուլ: Բանակցում են նաեւ Վարդան Օսկանյանն ու Լեւոն Զուրաբյանը: Վերջինս ներկայացնում է Լեւոն Տեր-Պետրոսյանին, իսկ ո՞ւմ է ներկայացնում Օսկանյանը: Ո՞ւմ է նա զեկուցում բանակցությունների արդյունքների մասին: Ես հակված եմ մտածելու, որ` հիմնականում Ծառուկյանին, որովհետեւ հենց իր կուսակցության նախագահն է հնարավոր առաջադրվող թեկնածուն: Ուրիշ հարց, որ այդ բանակցություններում, հնարավոր է, շոշափվում է “Քոչարյանին չկպնելու” պայմանը:

Դա կարելի է ենթադրել նրանից, որ վերջին 2-3 ամիսներին ՀԱԿ-ականների ելույթներում Քոչարյանի թեման (նույնիսկ Մարտի 1-ի մասով) զգուշորեն շրջանցվում է: Բայց դա բավարար հիմք չէ` “ականջների մասին” խոսելու: Ընդհանրապես մեր քաղաքական գործիչներն ու մեկնաբանները, իմ կարծիքով, չափից դուրս տարված են ամեն ինչի տակ խորը ենթատեքստեր, երբեմն նաեւ` դավադրություններ փնտրելով: Եթե նրանց լսես, ապա աշխարհը տիկնիկների ինչ-որ հավաքածու է, որոնց վերեւից թելերով ղեկավարում են տիկնիկավարները, վերջիններիս էլ` ավելի խոշոր տերերը:

(Նրանց համար օգտագործվում է “աշխարհաքաղաքական կենտրոններ” ամպագոռգոռ անունը): Իրականում ամեն ինչ մի կողմից` շատ ավելի պարզ է` մարդկանց, նրանց խմբերի եւ քաղաքական ուժերի վարքը սովորաբար չունի այդքան խորը պատճառներ, մյուս կողմից` ավելի բարդ է` ինքնուրույն գործող միավորների համադրությունը դժվար է խցկել ինչ-որ օրինաչափության մեջ:

Իհարկե, ավելի հեշտ է ապրել ամեն տեղ ինչ-որ ականջներ տեսնելով: Բայց աշխարհի նման պատկերը, ինձ թվում է, հեռու է աոողջ ընկալումներից: Հիշո՞ւմ եք Վիսոցկու երգի տողերը` “այդ ամենը հնարել է Չերչիլը 18 թվականին”: Այդ երգը, եթե չեք մոռացել, հոգեբուժարանի մասին է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ