06 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հանքարդյունաբերությունը Հայաստանում հանգեցնում է բնապահպանական և առողջապահական խնդիրների

Լոռու մարզում գործող բաց հանքերի և պոչամբարների պատճառով ծագում են ոչ միայն շրջակա միջավայրի աղտոտման, այլև մի շարք առողջապահական ոլորտի խնդիրներ:
 
Այս խնդիրների շուրջ Վանաձորում հունիսի 23-ին «Մեդիա կենտրոնի» և Վանաձորի «ՀԿ կենտրոնի» համատեղ անցկացրած քննարկմանը իրենց տեսակետները հայտնեցին «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զառաֆյանը, ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Օլգա Բելյաեվան, Հայաստանի Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության բաժնի առողջապահական ծառայությունների զարգացման և հետազոտման կենտրոնի գիտաշխատողներ ԾովինարՄելքում Մելքումյանը և Քրիստինա Հակոբյանը, «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուրգարյանը, Ախթալայի համայնքային երիտասարդ նախաձեռնողների ակումբի անդամ Իշխան Սոխակյանը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամի ծրագրային աշխատակից Լիլիթ Սինդոյանը, Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի Լոռու մասնաճյուղի անդամ Լիանա Վարդումյանը, Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանը և Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետ Լուսինե Վարդանյանը:

Թեև Հայաստանում չեն արվել կոնկրետ հետազոտություններ, որոնք ցույց կտային հանքարդյունաբերության հետևանքով բնապահպանական իրավիճակի սրման և առողջապահական խնդիրների առաջացման միջև ուղիղ կապը, սակայն նման ուսումնասիրություններ իրականացվել են արտասահմանում:
 
 «Խոշոր քաղաքներից Հայաստանում ամենաաղտոտվածն Ալավերդին է: Այնտեղ բացի շրջակա միջավայրի աղտոտվածությունից, խնդիրներ են նկատվում հանրային առողջության ոլորտում», – հայտարարեց  Քրիստինա Հակոբյանը:
 
Հայաստանի Ամերիկյան համալսարանի հանրային առողջապահության բաժնի առողջապահական ծառայությունների զարգացման և հետազոտման կենտրոնը իրականացրել է հետազոտություն հանքերով և պոչամբարներով «հարուստ» Լոռու և Սյունիքի մարզերում: Հետազոտության արդյունքում պարզվել է, որ տվյալ մարզերի արդյունաբերական կենտրոններին մոտ գտնվող բնակավայրերի հողերում ծանր մետաղների և մկնդեղի քանակությունը շեշտակիորեն գերազանցում է թույլատրված միջազգային չափանիշները:
 
«Փոքր քաղաքաներից Հայաստանում ամենաղտոտվածը Ախթալա քաղաքն է», – նշեց Հակոբյանը՝ հավելելով, որ Ախթալայում կապարը և մկնդեղի քանակությունը նույնպես գերազանցել է թույլատրված չափը:
 
Ծովինար Մելքում Մելքումյանի խոսքով հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է նաև բանապահպանական խնդիրների ազդեցությունը հանրային առողջության վրա: Ստուգվել է 39 երեխա Ախթալա համայնքից, Ալավերդիից՝ 69-ը:
 
«Այսպիսով Ախթալայի երեխաների 80 տոկոսից ավելիի մոտ արյան մեջ գերազանցել է կապարի պայմանականորեն թույլատրելի քանակը՝ 5 միկրոգրամ դեկալիտր արյան մեջ: Ալավերդիում կապարի քանակությունը գերազանցել է ստուգված երեխաների 72,5 տոկոսի մոտ», – հավելեց Մելքում Մելքումյանը:
 
Փորձագետները, շրջակամ միջավայրի աղտոտվածությունից ծագած առողջական խնդիրները մտահոգիչ համարելով, հավելեցին, որ խուճապի մատնվելու կարիք չկա:
 
«Ուղղակի անհրաժեշտ է իրականացնել հետևողական աշխատանք թե՛ բնակչության, թե՛ տնտեսվարողների շրջանում բնապահպանական խնդիրների վերացման և առողջապահական ռիսկերի նվազեցման ուղղությամբ», – նշեցին փորձագետները:
 
Լոռու մարզպետարանի ներկայացուցիչները չհամաձայնեցին փորձագետների հետ և նշեցին, որ ծանր մետաղների թույլատրելի քանակի գերազանցումը նշված քաղաքաներում չի կարելի ուղղակիորեն կապել հանքավայրերի շահագործման հետ:
 
«Այո, բաց հանքերի շահագործման պարագայում լինում են որոշակի արտանետումներ, որոնք ունենում են ազդեցություն շրջակա միջավայրի վրա: Սակայն այն չի կարելի պայմանավորել միայն հանքերի շահագործման հետ, քանի որ ամողջ Հայաստանը շատ խիտ մետաղական հանքայնացման ցանց ունի: Շատ մետաղներ կան հողի մեջ պարզապես ապարների քայքայման հետևանքով», – հավելեց Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետԱրտակ Դեմիրչյանը:
 
Լուսինե Վարդանյանը, ով հանդիսանում է Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության առողջապահության բաժնի պետը, դժվարացավ հստակ պատասխանել՝ առողջապահական խնդիրնեը պայմանավորված են հանքերի և պոչամբարների շահագործման հետ, թե ոչ:
 
«Նման հետազոտություն Հայաստանում չկա: Չեմ կարծում, որ առանց հետազոտության կարելի է խոսել երկու խնդիրների միջև հստակ կապի մասին», – կարճ պարզաբանեց նա:
 
Մարզպետարանի ներկայացուցիչների հետ որոշակի առումով համաձայնեց նաև ՀՀ  ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի ավագ գիտաշխատող ՕլգաԲելյաեվան:
 
«Այդ ազդեցությունը գնահատելը բավականին դժվար է: Ուստի շատ դժվար է նաև ասել, որ մարդկանց արյան մեջ որոշակի քանակությամբ մետաղների առկայության դեպքում ինչ հիվանդություններ առաջ կգան», – պարզաբանեց նա:
 
Հետազոտության մեջ չի չափվել շրջակա միջավայրի աղտոտվածության ազդեցության աստիճանը բնակչության առողջության վրա,  հակադարձեց Ծովինար Մելքոմ Մելքոմյանը՝ հավելելով, որ միայն ցույց  է տրվել ծանր մետաղների քանակության գերազանցումը և՛ հողում, և՛ մարդկանց արյան մեջ:
 
«Իսկ միջազգային գրականության մեջ և հետազոտություններում ասվում է, որ դրանք հնարավոր է բացասական ազդեցություն ունենան հանրային առջողջության վրա», – նշեց նա:
 
«Էկոլուր» ՀԿ-ի նախագահ, բնապահպան Ինգա Զառաֆյանի կարծիքով բաց հանքից արատանետումներն անցնում են ու ստեղծում  քիմիական ռեակցիաների մի ամբողջ շղթա:
 
«Այս խնդիրը շատ կարևոր է, քանի որ աղտոտվածության ազդեցությունը մեկը տասին հարաբերակցությամբ է: Այսինք՝ մեկ հեկտար բաց հանքը աղտոտում է տաս հեկտար տարածք: Դա ահավոր մեծ թիվ է: Այս խնդիրը շատ հրատապ է և կարիք ունի լուծման, որը տեղի կունենա իշխանության քաղաքական որոշման պարագայում: Ինչո՞ւ, որովհետև լեռնաարդյունաբերությունը միջազգային բնապահպանական չափանիշներին համապատասխանեցնելու համար կարիք ունի մեծ ներդրումների և արդիականացման», – ասաց Զառաֆյանը:
 
«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ ՕլեգԴուրգարյանը բերեց շրջակա միջավայրի վրա հանքավայրերի բացասական ազդեցության ևս մեկ օրնակ:
 
«Այրում գյուղում հանքավայր չկա, սակայն հարևան բնակավայրերում գործող հանքավայրերի ազդեցությունը ակնհայտ է: Այդ ազդեցության պատճառով Այրումում աճող դեղձը հնարավոր չեղավ արտահանել եվրոպական շուկաներ, քանի որ փորձաքննության արդյունքում պարզվեց, որ այդ մրգի մեջ մետաղների քանակությունը գերազանցում է թույլատրելի սահմանները», – նշեց նա:
 
Բնակչության առողջության վրա հանքավայրերի արտանետումների բացասական ազդեցության մասին, ըստ Դուրգարյանի խոսում են նաև տեղի բժիշկները. «Նրանք խոսում են այդ մասին, սակայն միայն մասնավոր դեպքերում, երբ խոսքը հասնում է պաշտոնական հայտարարություններ անելուն, լռում են», – հավելեց Դուրգարյանը: 
  
Քննարկման ավարտին բանախոսները համաձայնեցին, որ Հայաստանում պատասխանատու հանքարդյունաբերություն ունենալու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, հանքավայրերի հարևանությամբ ապրող քաղաքացիների ակտիվություն և գործարարների կողմից պատասխանատվություն:
 
«Ուղղակի անհրաժեշտ է, որ տեղում բնակիչները լինեն ակտիվ, ներգրավվեն հանքերի հնարավոր շայհագործման գործընթացում հենց սկզբից, քանի որ դա վերաբերում է հենց իրենց առողջությանը», – ընդգծեց Զառաֆյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ