28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Լավատեսական են դառնում

Տեւական ժամանակ միջազգային ֆինանսական կազմակերպությունները չէին կիսում Հայաստանի կառավարության լավատեսությունը՝ տնտեսական աճի սպասումների վերաբերյալ։ Սակայն այն բանից հետո, երբ տարեսկզբի չորս ամիսների արդյունքներով աճ արձանագրվեց, գտնվեցին այնպիսիք, որոնք այնուամենայնիվ որոշեցին փոխել իրենց նախկին չափից դուրս հոռետեսական կանխատեսումները եւ դրանք քիչ, թե շատ համապատասխանեցնել առկա զարգացումներին։

Հայաստանի տնտեսության վերաբերյալ գնահատականների առումով ավելի լավատես է դարձել մասնավորապես Համաշխարհային բանկը։ Եթե նախկինում վերջինիս մոտ գերակշռում էր տնտեսական անկման հավանականությունը, ապա այժմ արդեն ՀԲ-ն աճի ակնկալիքներ ունի։ Վերջին կանխատեսումների համաձայն, այս տարի Հայաստանի տնտեսական աճի հնարավորությունը գնահատվում է 1 տոկոսին մոտ։

Թեեւ դա եւս վերջը չի համարվում։ ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը հույս ունի, որ հաջորդ վերանայման ժամանակ աճի ակնկալիքներն ավելի բարձր կլինեն։

Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի տնտեսական զարգացումների նկատմամբ լավատեսության վերականգնումը պայմանավորվում է մի շարք հանգամանքներով։ Նախ՝ դրան նպաստել են տարեսկզբին արձանագրված տնտեսական աճի ցուցանիշները։ Ինչպես հայտնի է, առաջին եռամսյակի տվյալներով, Հայաստանում արձանագրվեց համախառն ներքին արդյունքի 2,2 տոկոս ավելացում։ Իրավիճակի բարելավումը շարունակվեց նաեւ դրան հաջորդող շրջանում եւ արդեն չորս ամիսների արդյունքում տնտեսական ակտիվությունը հասավ 2,7 տոկոսի։

Դրանից բացի, Համաշխարհային բանկի գնահատականների վրա դրական ազդեցություն են թողել արտաքին եւ ներքին միջավայրում տեղի ունեցող զարգացումները։ Արտաքին հատվածում դրանք կապվում են առաջին հերթին Ռուսաստանի տնտեսության հետ, որտեղ անկումն ավելի փոքր է, քան ակնկալվում էր տարեսկզբին։ Ավելին, նկատվում է տնտեսության կայունացում։ Եվ որ շատ կարեւոր է, որոշակի կայունացման փուլ է մտել նաեւ ռուսական ռուբլին։ Չնայած վերջին շրջանում այն որոշ չափով կրոցրեց քաշը, այնուհանդերձ արժութային շուկայում տեղի ունեցող դրսեւորումներն ավելի կառավարելի են դարձել։ Պատահական չէ, որ արժեզրկումից հետո ռուբլին դարձյալ փորձում է վերականգնել նախկին դիրքը։ Դրան նպաստում է նաեւ նավթի գների նկատվող աճը։

Արտաքին հատվածում Հայաստանի տնտեսության համար արձանագրվող բարենպաստ փոփոխություններից զատ, ՀԲ փորձագետները նպաստավոր զարգացումներ են տեսնում նաեւ ներքին միջավայրում։ Դրանք կապվում են հիմնականում կառավարության կողմից իրականացվող միջոցառումների հետ։ Խոսքը վերաբերում է տնտեսական միջավայրի բարելավմանը։ Նրանց կարծիքով, դրական քայլեր են կատարվում մասնավորապես արտահանման խոչընդոտների հաղթահարման առումով։ Մի բան, ինչը նպաստավոր ազդեցություն է ունենում ներքին տնտեսական գործընթացների ակտիվացման վրա։

Այս եւ այլ գործոնները մեծացրել են Համաշխարհային բանկի լավատեսությունը Հայաստանի տնտեսական աճի նկատմամբ։ Պետք է ենթադրել, որ առաջիկայում վերջինիս օրինակին կհետեւեն նաեւ մյուս ֆինանսական հաստատությունները։ Կարծես արդեն նման մտադրություն ունի նաեւ Արժույթի միջազգային հիմնադրամը։

 

Վ.ՔՈՉԱՐՅԱՆ

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ