26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀԱԿ-ի “պոլիտբյուրոն” կջնջի՞, որ Ծառուկյանի թիկնապահները մասնակցել են. Առավոտ

Բուհերի համար նախատեսված Հայոց պատմության դասագիրքը, անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին, արտացոլում է ներկայիս իշխանությունների դիրքորոշումը եւ այդ առումով, բնականաբար, չի կարող հավակնել “պատմական ճշմարտության” դափնիներին: Ես նույնիսկ դա պաշտոնական տեսակետ չէի անվանի, որովհետեւ դասագրքի տեքստում կամ որեւէ պաշտոնական փաստաթղթում եւ, մասնավորապես, քրեական գործում տեղ չգտած անհեթեթ, կասեի նույնիսկ` անպատասխանատու պնդումներ: Օրինակ` “Բախումների ընթացքում երկուստեք օգտագործվեց հրազեն, որի արդյունքում զոհվեց 10 հոգի”: Պատմության համար նման բան ֆիքսելու համար պետք է, հավանաբար, ունենալ որեւէ ծանրակշիռ ապացույց, որ ընդդիմության կամ ցուցարարների կողմից զենք է կիրառվել, իսկ նման ապացույց գոյություն չունի: Մարտի 1-ին վերաբերող դասագրքի ամբողջ տեքստը, ինձ թվում է, վկայում է այն մասին, որ թե´ Էդիկ Մինասյանը, թե´ ամբողջ “ստեղծագործական կոլեկտիվը” բարեխիղճ չէին եւ տուրք տվեցին խորհրդային ոճի կոնֆորմիզմին:

Բայց ինձ ավելի շատ հետաքրքրում է մեկ այլ հարց, կա՞ արդյոք այդպիսի բան` “պատմական ճշմարտություն”: Եվ եթե նույնիսկ կա ընդհանրապես, կարո՞ղ է գոյություն ունենալ այն դեպքում, երբ իրադարձությունը տեղի է ունեցել ընդամենը 4.5 տարի առաջ, եւ բոլոր շահագրգիռ կողմերը շարունակում են զբաղվել քաղաքականությամբ, իսկ դա, ինչպես հայտնի է, խիստ փոփոխական իրավիճակներ է ստեղծում: Եթե այսօր այդ դասագիրքը գրի ՀԱԿ անդամը, նա կգրի՞, օրինակ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները պնդում էին, թե մարտի 1-ի ջարդերին մասնակցում էին հայտնի օլիգարխների, այդ թվում` Գագիկ Ծառուկյանի թիկնապահները: Թե՞ այսօր ՀԱԿ-ի պոլիտբյուրոյի “հորդորով” նա այդ նախադասությունը կջնջի: Իսկ վաղը` “իրավիճակի փոփոխությունից” հետո, նույն տողերը, շատ հնարավոր է, նորից կգրի: Եվ եթե պատմաբանը պետք է շարժվի որեւէ “պոլիտբյուրոյի” ցուցումով, կարո՞ղ է նա արդյոք սերունդներին թողնել ճշգրիտ տեղեկություններ: 

Բայց փորձեմ էլ ավելի բարդացնել խնդիրը եւ անկեղծորեն պատասխանել հետեւյալ հարցին` իսկ եթե պատմության դասագրքի այդ մասը հանձնարարեին գրել ինձ, ես կկարողանայի՞ վեր կանգնել իմ սեփական էմոցիաներից: Օրինակ` այն հանգամանքից, որ Ռոբերտ Քոչարյանը փակել է “Ա1 +”- ը, կամ` որ նույն մարտի 1-ից 20-ը արգելել էր բոլոր նորմալ լրատվամիջոցների գործունեությունը: Պատմություն գրողը մարդ է, եւ եթե նա այսպես թե այնպես վերապրել է այն ժամանակաշրջանը, որի մասին պատմում է, ապա բացառված է, որ նա զերծ մնա շարադրանքի մեջ իր ապրումները ներդնելուց:

Կարեւորը, կարծում եմ, այն է, որ ամեն մեկը խոսի իր, ոչ թե իր “պոլիտբյուրոյի” կամ քաղաքական թիմի անունից: Հակառակ դեպքում կստացվի այն արդյունքը, որն առկա է Հայոց պատմության տխրահռչակ դասագրքում:

Արամ Աբրահամյան, “Առավոտ”

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ