21 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը Կաննում մասնակցել է «Միդեմ» -ի բացման երեկոյին

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Տաշիր գրուպ» ընկերության հովանավորությամբ՝ ս. թ. հունիսի 5-8-ը, Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցում է «Միդեմ» միջազգային երաժշտական ինդուստրիայի փառատոնին: Ծրագիրն իրականացնում է «ՊրոԱրտ» ընկերությունը:

Հայաստանն այս հեղինակավոր փառատոնին ներկայանում է «Երաժշտության հայկական էլեմենտները» հայեցակարգով: Որպես «Միդեմ-2015» փառատոնի խորհրդանիշ է ընտրվել և մշակվել նուռը, որը պատկերված է չորս տարբեր գույներով և խորհրդանշում է ոգեշնչման չորս հիմնական հայկական տարրերը` հողը, օդը, ջուրը և կրակը:

Կաննում Հայաստանը փառատոնի օրերին լիարժեք ներկայացված է նաև վիզուալ առումով: Ողջ քաղաքը զարդարված է հայկական գույներով, հրապարակները` «Հայաստան-Պատվավոր երկիր» խորհրդանշող դրոշներով, քաղաքային վահանակներն ազդարարում են հայկական միջոցառումների ու ծրագրերի մասին, իսկ Կաննի հայտնի փառատոնի դահլիճի ճակատային վահանակը նվիրված է Հայաստանին։

Կաննի գլխավոր պողոտան՝ Կրուազետը, հատուկ Հայաստանի տաղավարի բացման հանդիսավոր արարողության համար ողջ երեկո փակվել է, և դադարեցվել է երթևեկությունը։ Կաննի ամենահայտնի և պատմական առումով հիշարժան «Կարլտոն» հյուրանոցում տեղի է ունեցել «Միդեմ»-ի բացման երեկոն, որտեղ հանդես է եկել «Կատուներ» ջազ-խումբը, «Ակուստիկ գույներ» քառյակը և «Միքայել Ոսկանյան և ընկերներ» էթնո-ջազային համույթը։ Կառլտոնի ծովափնյա հատվածում մինչև ուշ գիշեր ելույթ են ունեցել «Դորիանս» ռոք խումբը, «Ամբասադոր» ավանդական երաժշտության համույթը և DJ Beatman-ը։

«Կարլտոն» հյուրանոցի սրահում բացվել է յուրօրինակ ցուցահանդես, որտեղ ներկայացվել է նկարիչ Տիգրան Ձիթողցյանի երկու մեծամասշտաբ, նոր գեղանկարները, ինչպես նաև դիզայներ Վահան Խաչատրյանի հեղինակած՝ հնագույն հայկական մոտիվներով հագուստները:

Երեկոյի ընթացքում ներկայացվել են նաև հայ ազգային խոհանոցն ու խմիչքները:

Հունիսի 5-ին Միդեմում Հայաստանի տաղավարի պաշտոնական բացման արարողությանը մասնակցել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը: Նախագահը համերգային ծրագրերին ներկա գտնվելուց բացի, երեկոյի ընթացքում հանդիպումներ է ունեցել երաժշտական աշխարհում ամենահեղինակավոր կազմակերպությունների ղեկավարների հետ։
Ֆլորիան Դրուկեն Գերմանական երաժշտական արդյունաբերության դաշնային ասոցիացիայի գործադիր տնօրենն է։ Այս ասոցիացիան աշխարհում երրորդն է ԱՄՆ-ից, Ճապոնիայից հետո։ Հեղինակավոր այս կառույցի ղեկավարն առաջարկել է ՀՀ Նախագահին Կոմիտասի ժառանգության հիման վրա համատեղ նոր ծրագրեր ու նախագծեր իրականացնել։

«Մոնտրո» ջազի միջազգային փառատոնի գլխավոր տնօրեն Մեթյու Ջեյթոնը Նախագահ Սերժ Սարգսյանին իր հիացմունքն է հայտնել դաշնակահար Տիգրան Համասյանի տաղանդի ու պրոֆեսիոնալիզմի մասին, ապա առաջարկել է հեղինակավոր այս փառատոնի մասնաճյուղը բացել Հայաստանում։

Ժան Նոել Թրոնքը «Sacem» աշխարհի երկրորդ ամենամեծ երաժշտական ասոցիացիայի գլխավոր տնօրենն է, ով ՀՀ Նախագահի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է իրենց կազմակերպսւթյան 90-ամյակի առթիվ հաջորդ տարի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համատեղ Հայաստանում իրականացնել հեղինակային իրավունքին նվիրված մեծ կոնֆերանս։

«Միդեմ» երաժշտական փառատոնը կշարունակվի ևս երեք օր՝ հագեցած համերգային ծրագրերով, դասախոսություններով ու ցուցադրություններով։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ