23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Չկային եկեղեցիներ և կառուցվեցին, միթե՞ ուրախանալու առիթ չէ. Գուգարաց թեմի առաջնորդ

Henaran.am-ի հետ զրույցում Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանն անդրադառնում է կառուցվող եկեղեցիների շուրջ ծագած աղմուկին:

Աստված օգնական, Սրբազան հայր: Վերջին օրերին միանգամից երկու եկեղեցի բացվեց, և սոցիալական ցանցերում քննադատություններ են հնչում, որ ավելի լավ կլիներ նոր եկեղեցիների փոխարեն վերանորոգվեին հները, կամ գումարն ուղղվեր սոցիալական խնդիրների լուծմանը: Ինչպե՞ս եք վերաբերում Դուք ընդհանրապես նոր եկեղեցիների կառուցմանը և այդ տեսակետներին:

– Աստված պահապան: Նախևառաջ այս հարցի շեշտադրման սխալ կա: Նախ ասեք խնդրեմ, որտեղ կառուցեցին այդ երկու եկեղեցիները` Արտաշատում և Սևանում: Սրանք հանրապետության այն եզակի քաղաքներից էին, որտեղ չկային եկեղեցիներ: Ինչպե՞ս կարող է քաղաքում եկեղեցի չլինել: Չկային և կառուցվեցին, միթե՞ ուրախանալու առիթ չէ: Մեր թեմերում էլ կան համայնքներ, ուր եկեղեցի չկա, համայնքի բնակիչները չգիտեն որտեղ կատարեն իրենց մկրտությունը, պսակը, ծեսերը, ի վերջո աղոթք անեն…միթե՞ նրանք իրավունք չունեն ունենալու եկեղեցի:

Մարդիկ մոլորված, իրենց հոգևոր ծարավը հագեցնելու համար ընկնում են հազարումի աղանդավորական կառույցների թակարդները: Այդպես լավ է՞: Մի մոռացեք. հոգին առավել է, քան մարմինը. հոգևոր կյանք, հոգևոր հայրենիք չունեցողը նյութական հայրենիք էլ չի ունենա: Եթե հոգու տան մասին խոսենք որպես մի ավելորդության, ապա որքան ավելորդ է խոսել արդեն մյուս հարցերի ու խնդիրների շուրջ:  Իսկ այն հարցը, թե եկեղեցիների կառուցման գումարն ուղղվեր սոցիալական խնդիրների լուծմանը, ապա պիտի կրկնեմ, որ եթե բարերարը` իբրև ուխտ, կամենում է եկեղեցի կառուցել, ոչ թեմակալ առաջնորդը, ոչ մեկ այլ հոգևորական չեն կարող ստիպել նրան այդ գումարը հատկացնելու որևէ այլ խնդրի լուծման:

Անցյալ տարի կազմակերպեցինք «Ձեռք մեկնիր եղբորդ» բարեգործական ծրագիրը, որին մասնակցեց Վանաձորի ողջ հասարակությունը: Մասնակցեցին անհատ բարերարներ և կարիքավոր ընտանիքների համար գնվեց 8 բնակարան, որն ինչպես տեսանք, հաջողված ծրագիր էր: Ահա այս կերպ հարգվում է նաև բարերարների ցանկությունը:

Ինչ վերաբերվում է հին եկեղեցիների վերանորոգմանը, ապա այո, զուգահեռաբար անհրաժեշտ է պատմական այդ կարևորագույն սրբավայրերը ոտքի կանգնեցնել, սակայն դարձյալ պետական բյուջեի հնարավորությունների և կամ բարերարների կամքի խնդիր է:

Ի՞նչ է տալիս նոր եկեղեցին մեր հասարակությանը:Քննադատության սլաքներն ուղղվում են հենց եկեղեցու դեմ: Ասվում է, որ եկեղեցին է որոշում, որ նոր եկեղեցիներ կառուցվեն և չի փորձում այդ գումարները նվիրել հասարակությանը: Ի՞նչ կասեք:

Այս հարցն արդեն սպառված եմ համարում, քանի որ առաջինի պատասխանն իր մեջ նաև երկրորդի պատասխանն է կրում: Իսկ որպես լրացում` ասեմ, որ ամեն մի նոր եկեղեցու կառուցում կամ վերականգնում օրհնություն է այդ քաղաքի հետևաբար և ժողովրդի համար: Սակայն միայն եկեղեցի կառուցելը քիչ է այդ օրհնությանն արժանանալու համար: Չե՞ք տեսնում թե ինչ ենք դարձել մեր ապաշնորհության արդյունքում: Շուրջբոլորը միայն սեփական շահը փնտրելով ենք ապրում, որոշները` միայն հարստանալու մոլուցքով, մյուսները` արժեքները մսխելու մոլուցքով, շատերը` վնասակար գաղափարներ, «նորարարություններ» ներմուծելու մոլուցքով…իսկ պարապներն էլ` քննադատելու մոլուցքով:

Բայց բացակայում է առողջ քննադատությունը: Երբ տեսնում ես սխալը, ցավում ես դրա համար, քննադատում ես, լուծում ես առաջարկում և ինքդ էլ նպաստում ես դրա շտկմանը. սա օգտակար է: Իսկ նա, որ համակարգչի առջև նստում և իբրև լրագրող` մեկ-երկու բառ հազիվ կապակցված հոդված է գրում այս մասին` միայն իր կայքի դիտումները մեծացնելու կամ որպես սենսացիա տարածելու համար, դա՞ եք դուք անվանում քննադատություն: Դա միայն բարդույթի արդյունք է. սեփական ԵՍ-ը հաստատելու միջոց: Սա նաև քրիստոնեական տարրական գիտակցության պակասից է: Իսկ այդ գիտակցությունը լրացնելու, գաղափարներն առողջացնելու կերպը եկեղեցու գմբեթի տակ լինելն է: Հավատացեք, եկեղեցու խնդիրներն այսօր քիչ չեն և պետք կա վերքի վրա սպեղանի դնելու, առողջ մեկնաբանման և ոչ թե շաղփաղփության:

Փոխվել է պետք, շատ ենք հեռացել մեր նախնիների ավանդությունից. պետք է դեպի արմատները վերադառնալ, որ Աստծո և մեր հայրերի օրհնությանն արժանանանք:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ