30 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

3 կարևորագույն սկզբունքներ

Հունիսի 3-ին, Փարիզում կայացավ Հայաստանի Հանրապետության պաշտոնական պատվիրակության այցելությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան: Պատվիրակության կազմում էին Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար, ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության խորհրդի նախագահ Վիգեն Սարգսյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում պատվիրակությանը ողջունեց կազմակերպության գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, ով նշեց Հայաստանի ակտիվ մասնակցությունը կազմակերպության ծրագրերին:
Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունն ու գործունեությունը և անդրադարձավ գործունեության 70 տարիների ընթացքում կազմակերպության հիմնական ձեռքբերումներին՝ մշակութային ժառանգության պահպանման և կրթական ծրագրերի իրականացման ոլորտներում: 
Նա նշեց, որ միջազգային լարվածության, հակամարտությունների սրացման պայմաններում կազմակերպության գործունեությունն առանձնահատուկ դերակատարում է ստանձնում, հատկապես` չճանանչված պետություններում և հակամարտությունների գոտիներում մշակութային ժառանգության պահպանման և կրթական ծրագրերին աջակցության առումով: «ՄԱԿ-ի համակարգի մասնագիտացված կառույցների հիմնական առավելությունը` դրանց ապաքաղաքական, մասնագիտացված գործունեությունն է: Չափազանց կարևոր է պահպանել այդ ապաքաղաքական մոտեցումը և առկա խնդիրների լուծումներ փնտրել մասնագիտական փորձագիտական դաշտում»,-նշեց Վիգեն Սարգսյանը:
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը շնորհակալություն հայտնելով Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ իրականացված ծրագրերի համար, հակիրճ անդրադարձավ համագործակցությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիաների շրջանակներում, կարևորեց ազգային զեկույցների նախապատրաստման ընթացքում ակտիվ փոխգործակցությունը կազմակերպության փորձագետների և քաղաքացիական հասարակության կառույցների հետ: 2013-2014 թթ. Հայաստանը նախատեսված հինգ ազգային զեկույցից ներկայացրել է չորսը` միջազգային իրավական պարտավորություններով: 
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շեշտադրեց չճանանչված պետություններում կրթության իրավունքի լիարժեք ապահովման անհրաժեշտությունը` հղում կատարելով Բոլոնյան գործընթացի երևանյան նախարարական համաժողովի կողմից ընդունված Երևանյան հռչակագրին: 
Նույն օրը՝ երեկոյան, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի լիագումար նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Երիտասարդությունը հանուն խաղաղության» համերգաշարի ամփոփիչ համերգը: Համերգաշարն անցկացվել է Հայաստանի Հանրապետության կողմից` ի նշանավորում ՅՈՒՆԵՍԿՕ-ի 70-ամյակի: 
Համերգային ծրագրում ընդգրկված էին բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ (Կոմիտաս, Արամ Խաչատուրյան, Տիգրան Մանսուրյան, Ալեքսանդր Հարությունյան և այլք): Համերգի ընթացքում հայ կատարողական արվեստը ներկայացրեց Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, թառահար Միքայել Ոսկանյանը, «Կատուներ» ջազ-բենդը՝ Վահագն Հայրապետյանի գլխավորությամբ, Ինգա և Անուշ Արշակյանները,դուդուկահարներ՝ Գևորգ Դաբաղյանը, Կամո Սեյրանյանը, պատանի քանոնահար Նարեկ Կազազյանը, դուդուկահար Թաթուլ Համբարձումյանը և այլք: 
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դահլիճում էին այդ կազմակերպությունում և Ֆրանսիայում հավատարմագրված բազմաթիվ երկրների դիվանագետներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանի աշխատակիցներ, Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների պատգամավորներ, ֆրանսիացի և սփյուռքահայ մտավորականներ: 
Համերգի մեկնարկից առաջ ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան:

Վիգեն Սարգսյանի ելույթը՝

-ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար հարգելի´ տիկին Բոկովա,

    Հարգելի գործընկերներ, նախարարներ,

    Ձերդ գերազանցություններ,

    Տիկնայք և պարոնայք,

          Շնորհակալություն հրավերի և այս գեղեցիկ միջոցառումը՝ «Երիտասարդությունը հանուն խաղաղության» համերգն այստեղ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, գլխավոր տնօրենի հովանու ներքո հյուրընկալելու համար:

Այս համերգն այն բազմաթիվ միջոցառումներից է, որ Հայաստանի Հանրապետությունը կազմակերպում է հայրենիքում և արտերկրում՝ նշելու 70-ամյակն այս կարևոր միջազգային կազմակերպության, որը հիմնադրվել է որպես մարդասիրության և մտավոր առաջընթացի օրրան:

Մենք մեծապես ոգեշնչված ենք մինչ այժմ իրականացված աշխատանքնե­րով և գիտակցում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի դերը համաշխարհային ժառան­գության հավաքագրման, դասակարգման, ցուցակագրման և պաշտպանության գործում, ինչպես նաև՝ տեսնելով այն նշանակալի ձեռքբերումները կրթության հայեցակարգի զարգացման, հատկապես՝ շարունակական  կրթության, բոլորի համար կրթության, բոլորի համար հավասարության, տեղական և բնիկների լեզուների և մշակույթների պաշտպանության բնագավառներում՝ մենք հպար­տանում ենք այս ձեռքբերումներով: Մենք ողջունում ենք կազմակերպությանը, նրա կառավարման մարմիններին՝ գլխավոր տնօրեն տիկին Բոկովայի ղեկավարությամբ, աշխարհով մեկ կրթության, գիտության, մշակույթի նկատմամաբ մեծ հարգանքի ձևավորմանն ուղղված ճանապարհ հարթելու դժվարին գործի համար:

        Ցավոք, այս կառույցի ստեղծման ժամանակվանից ի վեր աշխարհը չդարձավ ոչ ավելի կանխատեսելի և ոչ էլ ապահով: Երկու համաշխարհային պատերազմների սարսափները լռեցվեցին՝ վերածվելով ավելի քիչ կառավարելի, քիչ տեսանելի, բայց, անշուշտ, ոչ ավելի պակաս ավերիչ, դաժան, տեղային պատերազմների և երկարատև հակամարտությունների: Մարդ­կու­թյան դեմ հանցագործությունները, էթնիկ զտումները, ցեղասպանությունները, հիշողու­թյունների ոչնչացմանն ուղղված հուշարձանների ավերումը դեռ նոր թափ են ստանում՝ առնչվելով աշխարհի տասնյակ միլիոնավոր մարդկային կյանքերի:

          Շատ հաճախ, երբ հեռուստատեսությամբ` ուղիղ հեռարձակմամբ  դիտում ենք հերթական պատմական ժառանգության ավերման փաստը (մտածեք այդ երևույթի ողբերգական հեգնանքի մասին. մենք դիտում ենք  ուղիղ եթերով տվյալ պահին տեղի ունեցող իրադարձությունները որպես բնականոն երևույթ), մենք՝ բոլորս, հուսահատվում ենք և ասում. «Իսկ որտե՞ղ է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ինչո՞ւ այն չի գործում, ինչո՞ւ այն չի արձագանքում այս ամենին»:  Ճշմարիտ է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի լիազորությունները սահմանափակ են այն մանդատով, որով մենք՝ հիմնադիր անդամներս, օժտել ենք այդ կառույցը: Այդ սահմանափակումները ոչ բավարար ֆինանսավորման հետ միասին, որոնց հաճախ նա բախվում է, առաջացնում են լուրջ խոչնդոտներ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործունեության համար:

Բայց չէ՞ որ ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների բուն գաղափարն այն է, թե ինչ պետք է անենք, երբ կա խնդիր, այլ ոչ թե` ինչ կարող ենք անել սովորաբար: Այս կառույցները տեսլականի և երազանքի մարմնավորում պետք է լինեն, այլ ոչ թե՝ ընթացիկ իրականության արձանագրող և զեկուցող:

Այս առումով ես կցանականայի մասնավորապես ընդգծել և բարձր գնահատել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկա ղեկավարության կողմից իրականացվող բազմաթիվ նախաձեռնություններից մեկը՝ Հոլոքոստի և ցեղասպանության վերաբերյալ կրթությունը՝ որպես կանխարգելման հիմնական գործիք: Գիտնականները փաստում են, որ ցեղասպանության հանցագործության ճանաչումն ու դատապարտումը ապագայում այդ հանցագործության կանխարգելման միակ  արդյունավետ միջոցն է: Մենք ինքներս ոչ միայն պետք է դասեր քաղենք դրանից,  այլ պետք է  նաև ուսուցանենք  եկող սերունդներին՝ այդ չարիքը մեկընդմիշտ վերացնելու աշխարհի երեսից: Հայերը՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, պատ­րաս­տա­կամ են ստանձնելու իրենց պատասխանատվության բաժինն այդ պայքարում: Այս տարվա ապրիլից սկսած՝ Հայաստանը կանոնավոր կերպով  հյուրընկալելու է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը:

Ձերդ գերազանցություններ,

Տիկին Գլխավոր տնօրեն,

Քանի որ աշխարհը բախվում է ատելության, այլատյացության, խտրականության, ծայրահեղականության նոր սրացումների, մենք պետք է պատրաստ լինենք դիմագրավելու այդ նոր մարտահրավերներին: Ցավոք, մեր ընդհանուր ժառանգությունը շարունակում է ռազմական հակամարտությունների, հարձակումների ավերիչ ուժի գլխավոր թիրախներից հանդիսանալ: Ցավոք, գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ ավանդական պատասխանները դատապարտված են ձախողման: Այդ պատճառով, մենք պետք է լինենք ավելի ստեղծագործ, ավելի ներգրավված, ավելի կենտրոնացած յուրաքանչյուր մարդու կյանքի արժևորման կարևորության, ցանկացած աջակցության և բազմազանության յուրաքանչյուր տարրի հարցի շուրջ:  Մենք պետք է համախմբենք այդ պայքարում առավել կարողունակ հատվածին՝ երիտասար­դությանն ու մտավորականությանը: Միջոցառումը, որ կազմակերպել ենք այսօր` ձեր ջերմ հյուրընկալությամբ, այս ուղղությամբ ևս մեկ քայլ է. «Երիտասարդությունը հանուն խաղաղության» բուն հայեցակարգը նպատակաուղղված է երիտասարդ մտավորականներին համախմբելուն, նրանց ձայնն առավել բարձր՝ միջազգայնորեն լսելի դարձնելուն և նրանց արդի մարտահրավերներին դիմակայելու առաջամարտիկ դարձնելուն: 

Տիկնայք և պարոնայք,

Մենք հավատում ենք խոսքի և սկզունքային դիրքորոշման ուժին, քանզի մենք վերածնվել ենք որպես ժողովուրդ՝ շնորհիվ այդ ուժի: Որքան էլ որ ներկայիս մարտահրավերների և սպառնալիքների դեմ պայքարի ճանապարհին մեր ռեսուրսները սահմանափակ լինեն և որքան էլ որ դժվար լինի, երեք հիմնասյուներ կան, որոնց վրա պետք է հիմնվի մեր քաղաքականությունը և մեր գործունեությունը՝ այդ գործում հաջողության հասնելու համար:

Առաջին կարևոր սկզբունքը` մեր յուրաքանչյուր որոշման հիմքում արժեքային հենքի ներդրումն է: Արժեքներն առաջնային դարձնելով՝ մենք նախ ստեղծում ենք առաջընթացի և զարգացման համար ուժեղ հիմք:

Երկրորդը՝ զրոյական հանդուրժողականությունն է այդ սկզբունքների խախտման և դրանց դեմ ուղղված սպառնալիքների նկատմամբ: Մենք պետք է վերստին սովորենք բարձրաձայնել միմյանց խնդիրները և սատարել միմյանց, անհրաժեշտության դեպքում՝ օգնության ձեռք մեկնել: Այս առումով հայտնի գերմանացի մտավորական, հականացիստ աստվածաբան Մարտին Նեմյուլլերը ձևակերպել է չորս կարճ, բայց դիպուկ և խորիմաստ նախադասություն, և ես մեջբերում եմ դրանք.

«Սկզբից նրանք եկան սոցիալիստների հետևից, և ես չարձագանքեցի, քանի որ ես սոցիալիստ չէի:

Հետո նրանք եկան արհեստակցական միության անդամների հետևից, և ես չարձագանքեցի, քանի որ ես արհեստակցական միության անդամ չէի:

 Ապա նրանք եկան հրեաների հետևից, և ես չարձագանքեցի, քանի որ ես հրեա չէի:

Հետո նրանք եկան իմ հետևից, և այլևս չկար մեկը, որ խոսեր իմ պաշտպանության համար»:  

Մենք պետք է մեկնընդմիշտ սովորենք ի պաշտպան ուրիշի խոսելու այդ դասը, քանի դեռ «նրանք» չեն եկել մեր ետևից:

Եվ երրորդ սկզբունքն այն է, որ մենք պետք է ավելացնենք աջակցությունը վտանգված և թիրախ դարձած ազգերի վերածնունդին: Մենք պետք է օգնենք նրանց բուժել իրենց վերքերը, կրթել երեխաներին, վերականգնել նրանց արվեստի և մշակույթի հաստատությունները, և նրանք առատորեն կվե­րա­դարձնեն այդ ամենը, քանզի դա է մարդկության երախտապարտ բնույթը:

Տասնամյակներ առաջ աշխարհով մեկ սփռված, պետականությունից և հայրենիքից զրկված հայերը կանգնեցին իսպառ վերացման վտանգի առջև: Այսօր՝ հարյուր տարի անց, մեր երիտասարդները նստած են այս գեղեցիկ բեմի վրա` բարձրաձայնելու մյուսների խնդիրները: Շնորհակալություն Ձեզ դրա համար:

Այսօր, ի թիվս այլոց, մենք ձեզ կներկայացնենք երիտասարդ քահանա և մտավորական Կոմիտասի, ով ականատես եղավ այդ ամենին և վերապրելով՝ վերածնեց հայկական երաժշտությունը ու հայ ժողովրդի վերածնունդը խորհրդանշող և հայկական երաժշտությունը ողջ աշխարհով մեկ ճանաչելի դարձնող հռչակավոր Արամ Խաչատուրյանի ստեղծագորոծությունները:

Մեր երիտասարդությունն այսօր այստեղ է, որպեսզի աշխարհին լսելի դարձնի, որ պատերազմը և զինված հակամարտությունը օրենքից դուրս, ոչ արդիական և մերժելի են: 21-րդ դարը պետք է լինի խաղաղության, բարեկեցության, զարգացման, ավելի լավ կրթության և ավելի հարուստ մշակութային բազմազանության դար: Մեր երիտասարդությունն այսօր այստեղ է, որպեսզի իր ներդրումն ունենա այդ ուղղությամբ մեր ընդհանուր հաստատության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նախաձեռնված հրաշալի գործում:

Այսպիսով, կեցցե´ խաղաղությունը,

Կեցցե´ երիտասարդությունը,

Կեցցե´ ՅՈՒՆԵՍԿՕ-ն:

  

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ