Վարկ եմ ստացել տարիներ առաջ, ու մինչև էսօր գլուխս ցավում ա. փոխնախարար

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը 2014 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ Գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանին «Գյուղնախարարության կենդանի հիշողություն» անվանեց` նկատի ունենալով վերջինիս երկարամյա փորձը գյուղատնտեսության ոլորտում:
Ապա պատգամավորը փոխնախարարից հետաքրքրվեց գյուղացիներին տրվող մատչելի վարկերից, իսկ փոխնախարարն օրինակն իր վրա բերեց, հիշեց, որ ինքը, եղբայրներն ու կինը որքան են աշխատել հաջողության հասնելու համար: «Հիմա 8 տոկոս ա վարկը, սուբսիդավորում է պետությունը»,- ասաց Գալստյանը և նշեց, որ ինքը վարկը 24 տոկոսով է վերցրել, որն էլ գլխացավանք է դարձել իր համար:
«Ես «Ակբա-Կրեդիտ»-ից վարկ եմ ստացել տարիներ առաջ 24 տոկոսով, ու մինչև էսօր գլուխս ցավում ա»,- ասաց Գալստյանը: «Գլխացավի կոմպլեքս դեղեր ա պետք ունենալ»,- փոխնախարարին արձագանքեց Միքայել Մելքումյանը` նկատելով, որ կոպերացիայի մասին հարցերին լուրջ ու նուրբ մոտեցում է պետք: