Հայաստանը մասնակցում է արտերկրում անցկացվող գրքի ցուցահանդես-տոնավաճառներին
Այս տարի Հայաստանն աննախադեպ ակտիվությամբ է մասնակցում արտերկրի միջազգային կարևորագույն ցուցահանդեսներին ու գրական միջոցառումներին: Արդեն իսկ տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստանը մասնակցել է Մինսկի (փետրվարի 11-15), Փարիզի (մարտի 20-23), Ալմաթիի (ապրիլի 9-11), Լոնդոնի (ապրիլի 14-16), Թեհրանի (մայիսի 6-16), Սալոնիկի (մայիսի 7-10), Վարշավայի (մայիսի 14-17) գրքի ցուցահանդես-տոնավաճառներին: Ս. թ. մայիսի 27-29-ը Հայաստանն առաջին անգամ կմասնակցի նաև Նյու Յորքում կայանալիք գրքի միջազգային ցուցահանդեսին` «ԲուքԷքսպո Ամերիկային», որը հյուսիսամերիկյան մայրցամաքի խոշորագույն ցուցահանդեսն է:
Այս տարի Հայաստանը մասնակցում է գրքի միջազգային ցուցահանդեսներին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Տաղավարների ձևավորման մեջ կիրառվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ «Անմոռուկը», որոշ դեպքերում տպագիր նյութերում նաև հիշատակվում է տաղավարի՝ տարելիցին նվիրված լինելու հանգմանքը: Ցուցահանդեսներին Հայաստանը մասնակցում է իր առանձին տաղավարով, որտեղ ներկայացվում է վերջին տարիների, հիմնականում՝ օտարալեզու հրատարակությունները: Հատուկ ուշադրություն է դարձվում արտերկրում, մասնավորապես՝ ցուցահանդեսի անցկացման երկրում հրատարակված և Հայաստանին վերաբերող գրքերի ներկայացմանը: Տաղավարներում կազմակերպվում են գրքերի շնորհանդեսներ և ընթերցումներ` հեղինակների մասնակցությամբ: Նկատի ունենալով տարվա խորհուրդը՝ առաձին հատվածով ներկայացվում է Հայոց ցեղսպանությանը նվիրված գրականությունը:
Ս. թ. մայիսի 27-ին, ՀՀ մշակույթի նախարարությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը նշել է, որ 2015 թվականն աննախադեպ է` միջազգային ցուցահանդես-տոնավաճառներում ներկայացվող գրքերի քանակով և բովանդակությամբ: Եթե նախորդ տարվա ընթացքում Հայաստանը մասնակցել է գրքի 6 միջազգային ցուցահանդեսի, ապա այս տարի 5 ամսում արդեն ապահովվել է 8 մասնակցություն: Տարվա խորհրդին ընդառաջ` հիմնականում շեշտադրվել է Հայոց ցեղասպանության թեմայով գրականության հրատարակումը, թարգմանությունն ու հանրահռչակումը: ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի դիտարկմամբ` հայ գրականության հանրահռչակման գործում մեծ է նաև Հայաստանում անցկացվող` «Գրական տապան» փառատոնի դերը: «Փառատոնի շրջանակում գրական ընթերցումների, բանավեճերի, դասախոսությունների, շնորհանդեսների միջոցով հայ և օտարազգի գրողներին հնարավորություն է ընձեռվում շփվելու, տեղեկություններ փոխանակելու: Սա շարունակական գործընթաց է, որի արդյունքում օտարազգի գրողները դառնում են Հայաստանի դեսպանները արտերկրում՝ գրական, մշակութային ասպարեզում: Հետագայում, նրանց տպավորությունները մեծ ազդեցություն են ունենում արտերկրի ստեղծագործողների և ընթերցողների շրջանում»,-նշել է Ներսես Տեր-Վարդանյանը: Վերջինիս տեղեկացմամբ` առաջիկայում Հայաստանում կանցկացվի «ԱրմԲուքէքսպո» գրքի ցուցահանդեսը, որտեղ կներկայացվեն արտերկրում և Հայաստանում հրատարակված, ինչպես նաև ցուցահանդեսնեի ընթացքում ձեռք բերված գրքերը»: