“Դաշնակցությունն” ու ԲՀԿ-ը մեկի շո՞ւրջ
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը կարծում է, որ նախագահական ընտրություններում ընդդիմության միասնական թեկնածու չի լինի:
Սրան նախ և առաջ խոչընդոտում է ‘Ժառանգության’ առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի` որպես ընդդիմադիր, արդեն իսկ առանձին հանդես գալը: Այս մասին Ադիբեկյանն ասաց Henaran.am-ի հետ զրույցում` հավելելով սակայն, որ կարող է և անակնկալ լինել:
‘ՀՅԴ-ը տատանվում է, բայց ով գիտե, միգուցե նա, որպես կոալիցիայի նախկին անդամ, ԲՀԿ-ի հետ տանդեմ ստեղծի այն առումով, որ հաղթելու դեպքում որոշ պաշտոններ կանցնեն ‘Դաշնակցությանը’,-սոցիոլոգը նման զարգացումն էլ է հնարավոր համարում:
Դժվար թե այս երկու ուժերը` ՀՅԴ-ն ու ԲՀԿ-ը, միավորվեն երկրորդ նախագահի շուրջ, քանի որ սոցիոլոգի խոսքով` Ռոբերտ Քոչարյանը անհատ է ու անկախ ուժ, որի հաղթանակ տանելու հավանականությունը քիչ է:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա նա դեռևս չի կողմնորոշվել, քանի որ լավ է հասկանում, որ ռեսուրս չունի: Հասարակությունն էլ իր հերթին հասկացել է, որ ‘Կոնգրեսը’ փուչիկ է ու բավականին հիասթափվել է այդ ուժից: Հիմա քաղաքական դաշտում, երբ ԲՀԿ-ը իրեն այլընտրանք է հայտարարել, ՀՅԴ-ը ու ‘Ժառանգությունն’ էլ ընդդիմադիր են համարվում, այսինքն` ընդդիմադիր ուժ որպես այդպիսին միայն ՀԱԿ-ը չէ, նրա հնարավորությունները բավական նվազում են` համաձայն Ադիբեկյանի:
‘Այն ժամանակ կոալիցիա գոյություն ուներ, ինքնաբերաբար ԲՀԿ-ի ձայները մտնում էին կոալիցիոն դաշտ, իսկ ընդդիմադիր դաշտը ավելի փոքր էր, և միակ կարկառուն դեմք որպես հանդես էր գալիս Լևոն Տեր-Պետրոսյանը: Այդ պատճառով էլ նրա ձայները ավելի էին բարձրանում: Իսկ ՀՅԴ-ը ընդունվում էր որպես կոալիցիայի նախկին անդամ: Սակայն հիմա ամեն ինչ փոխվել է ու ՀԱԿ-ի ձայները շատ են նվազել’,-եզրափակեց Ահարոն Ադիբեկյանը: