Բոլորդ դռները փակեք, գնացեք

«Հայաստանում նման որակի պատասխանատվություն պետք է լինի՝ ոչ միայն ազատել աշխատանքից, այլ «կանգնել» կամուրջի տակ: Կառավարման մեջ անհաջողությունը չեն բացատրում, կառավարիչը մի արդյունք ունի հաջողություն, անհաջողության ժամանակ ամենաթեթև տարբերակն այն է, որ ինքը դիմում գրի ու հեռանա, ու լավ կլինի՝ Հայաստանից էլ հեռանա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը՝ խոսելով էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման մասին: Նա նշեց, որ այս շղթան աշխատելու է դեպի վատ, բայց այսպես մինչև վերջ չի կարող շարունակվել:
Ըստ նրա՝ թանկացում կլինի, սակայն ոչ 17 դրամով, որպեսզի ժողովրդի սիրտը ինչ-որ տեղ շահեն: Տնտեսագետ Արտակ Մանուկյանը հավելեց, որ 38%-ով թանկացում չի կարող լինել, որովհետև դա կնշանակի. «բոլորդ դռները փակեք, գնացեք մեծ հաշվով»:
Տնտեսագետը նաև նշեց, որ շատ քաղաքական ուժեր, այդ թվում իշխանությունն էլ կօգտագործի ասյ թանկացումը, երբ այն քիչ կլինի, ու կասեն, որ իրենք են պատճառը, որ թանկացումը քիչ եղավ: Մանուկյանի խոսքով՝ գնաճն էլ կլինի ամենաքիչը երեքից չորս տոկոս: Մեսրոբյանը հավելեց, որ այս ցուցանիշը տեսական գնաճ է, քանի որ պետք է գնահատվի ապրող ժողովրդի կենսամակարդակը: Նրա խոսքով՝ նախ կթանկանան առաջին անհրաժեշտության ապրանքները, մյուս կոմունալ ծախսերը և այլն:
Մանուկյանը շեշտեց նաև, որ խորհրդարանում այս հարցի վերաբերյալ յուրաքանչյուր ուժ, մասնավորապես ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ն իր ցանկացած ձևով է տեսակետ հայտնում: «Չի ներկայացվում ամբողջական պատկերաը, այլ վերցվում ու ներկայացվում է իրենց ուզածը»,-եզրափակեց նա: