21 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Սյունիքը բնապահպանական աղետի՞ առաջ. Հայացք

Շուտով բաց եղանակով շահագործման կտրվի եւս մի հանք: Խոսքը Սյունիքի Ծավ համայնքի հարեւանությամբ գտնվող Բարձրադիրի (Մազրայի) ոսկու հանքավայրի մասին է: Այս մասին տեղեկացնում է “Հայացք” օրաթերթն ու նշում, որ մայիսի 29-ին գյուղում կազմակերպված հանրային լսումները ցույց տվեցին, որ բնակիչների մի մասը, որքան էլ զարմանալի է, աջակցում են նախագծին եւ կողմ են հանքի շահագործմանը: Գյուղն աղքատ է եւ աշխատատեղերի կարիք ունի, իսկ “Օփուլենդ թրեյդին սոլյուշնս” շահագործող ընկերության ժամանակավոր աշխատատեղերի մասին խոստումն էլ, իհարկե, գայթակղիչ է:

Ծավի գյուղապետ Արարատ Մարտիրոսյանը գյուղում բաց եղանակով հանք շահագործելու գաղափարը չի ողջունում: “Եթե բաց հանք շահագործվի, կաղտոտվի մեր հիանալի տարածքը: Ես համաձայն չեմ, որ գյուղում հանք շահագործվի: Հանրային լսումների ժամանակ էլ իմ կարծիքը հայտնել եմ”,- թերթի հետ զրույցում ասաց գյուղապետը:

Հանքավայրն անմիջականորեն հարակից է Շիկահողի արգելոցին, որտեղ կան Կարմիր գրքում գրանցված բազում կենդանիներ ու բույսեր: Դա Կովկասի եզակի կենսաբազմազանություն ունեցող վայրերից մեկն է: Հանքի շահագործումը կարող է ճակատագրական դառնալ արգելոցի համար:

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանն աբսուրդ է համարում արգելոցի տարածքում պայթեցումներ կատարելը: Մասնագետի խոսքով` այդ տարածքում ոսկու ֆանտաստիկ փոքր պաշարներ են, ընդամենը 275 հազար տոննա, ինչը հանքարդյունաբերության համար շատ փոքր թիվ է: Եթե լիներ, օրինակ, 275 միլիոն տոննա, այդ ժամանակ գոնե տրամաբանական կլիներ հանքի շահագործումը: “Ինչպե՞ս կարելի է այդքան քիչ հանքաքարի համար այդ հիանալի տարածքը ոչնչացնել` միեւնույն ժամանակ խախտելով ամբողջ ջրագոյացման եւ ջրամատակարարման համակարգը: Այդ հանքի շահագործումը վնաս է նաեւ տեղանքի կենդանական աշխարհին: Ստացվում է` ժամանակավոր աշխատատեղերի պատճառով մենք կորցնելու ենք այդ տարածքում երկրագործության հնարավորությունը,- ասում է Հ. Սանասարյանը: Նրա կարծիքով` հանքարդյունաբերությունը չպետք է դառնա գերակա ճյուղ, պետք է գարակա լինեն գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը, իսկ հանքավայրերը շահագործելուց առաջ պետք է հաշվի առնվի` ծրագիրը ՀՀ-ի կործանմա՞նը, թե՞ զարգացմանն է միտված:  1 տոննա հանքաքարին ընկնում է 12 տոննա “դատարկ” ապար, ինչը նշանակում է, որ հանքի շահագործման դեպքում մեծ թվով թափոններ կառաջանան: Սյունիքի մարզը մորթոտվում է, բնակչության առողջական վիճակն էլ շատ վատ է: Ապրելու համար բնական միջավայր ստեղծելու փոխարեն մարդկանց վիճակն էլ ավելի են վատթարացնում”,- ցավով նկատում է Կանաչների միության նախագահը:

Սյունիքի մարզի շահագործման ենթակա մյուս հանքը Սվարանցն է: Հանքի շահագործումից, բարեբախտաբար, դեռ նորություն չկա: Այս մասին տեղեկացանք Սվարանցի գյուղապետ Արթուր Մարգարյանից:

Նրա խոսքով` դեռ անցած տարվա դրությամբ` նախագիծը քննարկման փուլում էր: Պայմանավորվածություն կար, որ այս տարվա մարտ ամսին պետք է գային տարածքն ուսումնասիրելու: Բայց ոչ ոք էլ չի եկել, թե ինչ խնդիրներ են առաջացել շահագործող ընկերության մոտ` գյուղապետը չգիտի:

Թերթը նկատում է, որ Սվարանցի բնակիչներն էլ են կողմ հանքի շահագործմանը: Գյուղապետի պնդմամբ` հանքը նոր չի շահագործվում, այն մոտ 20-25 տարի աշխատել է: Հիմա էլ են ուզում նորից շահագործել: “Բնակիչները համամիտ են: Հանքի շահագործման տարիներին գյուղում 123 տուն ունեինք, բնակիչները շատ էին, տները նույնիսկ չէին հերիքում: Իսկ հանքը փակվելուց հետո ժողովուրդը գյուղից թողել-հեռացել է, արտագաղթն է մեծացել: Այսօր գյուղի տների 50%-ը դատարկ է: Իսկ եթե հանքը շահագործվի ու աշխատատեղեր բացվեն, գյուղը նորից զարթոնք կապրի, բնակչությունը կաշխուժանա,- ասում է գյուղապետը` ավելացնելով, որ ինքն էլ է միանշանակ կողմ հանքի շահագործմանը”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ